Այս տեսանյութը դիտելուց հետո առաջ եկան մի շարք հարցադրումներ, որոնք հրապարակվել են ինչպես վարչապետի, այնպես էլ Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոնի (ԿՀԻԿ) էջերում: Վերջինից խոստացել են պատասխանել: Ինչևէ, օգտակար կլինի նաև հասարակ քաղաքացիներին ծանոթանալ տեսանյութի և այս հարցերի հետ:

1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում տարիքային խտրականության հետևանքով, գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել 1974թ-ից ուշ ծնվածներին:

2. Պետության կողմից 5%-ի վճարումը պետբյուջե ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:

3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուջեի վրա: Այսինքն՝ քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:

4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարները տրամադրել, այսպես կոչված, միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ, այսպես կոչված, ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումնմեր կատարեն: Այսինքն՝ գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Ինչո՞ւ փոխարենը այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի ստանձնում և՝ ներսում ներդնելով, տնտեսությունը զարգացնելով ու նոր աշխատատեղեր ստեղծելով, ավելի նպաստավոր պայմաններ չի ստեղծում: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն: Օրինակ՝ ՏՏ ոլորտը բավականին հեռանկարային է և ներդրումները հաստատ կփոխհատուցվեն ու բավականին կարճ ժամկետներում: Ընդ որում, նման առաջարկներ եղել են կառավարությանը: (Ի դեպ, միջազգային մասնավոր կազմակերպություններին տնօրինելու փաստը թույլ է տալիս ենթադել, որ սա միգուցե դրսից պարտադրված օրենք է…)

5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:

6. Ինչո՞ւ հաշվի առնված չեն դեֆոլտի դեպքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը ի վիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել, նույնիսկ՝ ողջ բյուջեի հաշվին:

7. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացմանը: Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:

8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: ( Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց գրանցված չեն: )

9. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում սա նպաստելու է ծնելիության նվազմանը:

10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:

11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են դրա հիմնավորումները ներկայացնել:

12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է, այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:

13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվեի:

14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:

Այս «Ինչո՞ւ»-ների շարքը կարելի է շարունակել, բայց մի պահ կանգ առնենք և դեռևս այսքանի պատասխանները գտնենք …

 

Հեղինակ՝ Տիգրան Մարտիրոսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: