«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:
Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Այս ամենին մենք պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու ենք դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: