Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն՝ մասնավորապես քաղաքական մեծամասություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից:
Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Իսկ Սահմանդրությամբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրում չի կարող ընդունվել որևէ օրենք, որին դեմ է իշխանության կրողի՝ ժողովրդի մեծամասնությունը: Մինչ այժմ եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնք փաստել են իրավիճակի լրջությունը և այն պարզ ճշմարտությունը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչ օրս ներկայացված և ոչ մի մոդել չի արժանացել հանրության հավանությանը:
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը: Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը՝ ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայասատանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ:
Կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր՝ վետոյի իրավունքն ու կասեցնել այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: