Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝
«Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդակցություններ է սկսելու Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող “Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի” հետ կապված։ Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ տեղեկացրել, որ պատգամավորներին այդ համակարգի ներդրման առնչությամբ կոչ են հղել նաեւ մի շարք կազմակերպությունները։
Պատգամավորը հիշեցնում է, որ Դաշնակցությունը բազմիցս բարձրաձայնել է համակարգի ներդրման անարդյունավետության եւ վտանգավորության մասին, ինչը նաեւ արտահայտել են տարբեր կազմակերպույթունների շուրջ 2700 աշխատակիցներ, որոնց ցանկը գնալով ավելանում է։
Ի դեպ, հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ օրենքից հանելու աշխատավարձից 5֊֊% պարտադիր վճարում կատարելու պահանջը։
“Մենք համոզված ենք, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը 2014 թվականի հունվարի 1-ից կործնարար հետեւանք կունենա միջին խավի վրա, որն արդեն իսկ կրում է մեր երկրի տնտեսական աճը խթանելու եւ շարունակական զարգացում ապահովելու ոչ դյուրին բեռը՝ հանդիսանալով բարեխիղճ հարկատուներ եւ օրինավոր քաղաքացիներ։ Այս օրենքը լրացուցիչ ազդակ կհանդիսանա Հայաստանի որակյալ մասնագետների հեռանալու համար”,- ասված է խմբակցությանն ուղղված նամակում։
Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է, եւ իրենք առաջարկում են խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությանը՝ հետաձգել դրա կիրառումը՝ մեկ տարի ժամկետով։ Մինասյանն ասաց նաեւ՝ դիմելու են Սահմանադրական դատարան։
Արդեն ավարտվում է 2013 թվականը, եւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2 ամսից, սակայն դեռ հստակ չեն այն մեխանիզմները եւ կուտակային հիմնադրամների կառավարիչները, որոնց միջոցով պետք է կիրառվի օրենքը։
Դիտարկմանը, որ 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն՝ ի պատասխան Աղվան Վարդանյանի հարցին, հայտարարել է, որ օրենքն արդեն 3 տարի է մշակվել ու ամեն ինչ պատրաստ է, Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ ոչինչ էլ պատրաստ չէ։»
Աղբյուր` http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17192
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: