2013 թ. դեկտեմբերի 5-ին www.news.am կայքում՝ հրապարակվեցին դեկտեմբերի 2-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ՀՀ նախագահի նստավայր երթով տարված նամակի բովանդակությունն ու վերջինիս տակ ստորագրած ընկերություների ցանկը՝ նշելով նաև, թե յուրաքանչյուր ընկերությունից քանի աշխատակից է միացել ստորագրահավաքին:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը հարկ է համարում նշել, որ նամակի տակ ստորագրած անձինք արտահայտել են բացառապես իրենց քաղաքացիական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, այլ ոչ թե այս կամ այն ընկերության պաշտոնական դիրքորոշումը:
Բայց նույնիսկ այս պարագայում news.am-ի կողմից նշված տեղեկության հրապարակումից հետո՝ դեկտեմբերի 6-ին, Անելիք բանկն իր կայքում` պաշտոնապես հայտարարեց, թե. «Սույն թվականի նոյեմբերի 21-ին կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ կատարված ստորագրահավաքին մասնակցել են նաև «Անելիք Բանկի» որոշ աշխատակիցներ: Թույրըմբռնման պատճառով նրանք սխալ են ընկալել ստորագրահավաքի բուն էությունը, քանի որ լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և հասկանալով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը, անտրամաբանական կլիներ հանդես գալ դրանց դեմ: Միանալով ստորագրահավաքին, մեր աշխատակիցները փորձել են նպաստել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանրային լայն քննարկումների անցկացմանը, ինչը հնարավորություն կտա մեր հանրությանն ավելի լավ տեղեկանալ այդ համակարգի առավելություններին: «Անելիք Բանկի» բոլոր աշխատակիցները միշտ էլ համոզված են եղել, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը դրական իրողություն է և ֆինանսական ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի պարտքն է այդ մասին իրազեկել հանրության լայն շերտերին»:
Հարկ ենք համարում սատարել «Ընդդեմ կենսաթաշակային պարտադիր վճարների» նախաձեռնության՝ ՀՀ նախագահին ուղղված նամակի տակ ստորագրած բոլոր ընկերությունների աշխատակիցներին, մասնավորապես Անելիք բանկի, քանի որ մեր որակմամբ սա բացի ակնհայտ ճնշում լինելուց բանկի աշխատակիցների հանդեպ, նաև նրանց օբյեկտիվ և ազատ քաղաքացիական դիրքորոշման խեղաթյուրում է միամիտ ու ծիծաղելի «հիմնավորմամբ», թե իրբ բանկային համակարգի աշխատողները թյուրիմացաբար են ստորագրել վերոնշյալ նամակի ներքո: Մենք խորապես համոզված ենք, որ Անելիք բանկի աշխատակիցները բավական ինտելեկտուալ ու կրթվածության մակարդակ ունեն, որպեսզի հասկանան, թե իրենք ինչի ներքո են ստորագրում: Ավելի քան համոզված ենք, որ նշված նամակի տակ ստորագրելը եղել է նրանց գիտակցված ու օբյեկտիվ քաղաքացիական դիրքորոշումը: Սատարելով ցանկացած ընկերության և մասնավորապես Անելիք բանկի աշխատակիցների քաղաքացիական դիրքորոշման ազատ արտահայտման ու կամարտահայտման իրավունքն ու ազատություը, կոչ ենք անում բոլոր ընկերություններին և մասնավորապես Անելիք բանկին զերծ մնալ աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելուց: Մենք այդ աշխատակիցներից յուրաքանչյուրի կողքին ենք և թույլ չենք տալու նրանց իրավունքրի ոտնահարում: Ցանկացած ընկերություն, որ կփորձի ճնշել իր աշխատակիցներին իրենց ազատ քաղաքացիական դիրքորոշման արտահայտման համար, կենթարկվի բոյկոտի մեր Նախաձեռնության ավելի քան 18000 անդամների կողմից:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կենթարկվեն որևէ ճնշման իրենց գործատուների կամ այլոց կողմից՝ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքին դեմ արտահայտվելու կամ բողոքի միջոցառումներին մասնակցելու համար, խնդրում ենք դիմել մեզ՝ գրելով es@dem.am էլ. հասցեին: Դիմող անձանց ինքնությունը չի հրապարակվելու:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: