«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով լրատվամիջոցների աշխատանքն ու գնահատելով նրանց կատարած աշխատանքը, այնուամենայնիվ, խնդրում և կոչ է անում լուսաբանումներում հնարավորինս լինել հստակ, անաչառ և իրողությունը չխեղաթյուրող:
Մասնավորապես, ցանկանում ենք զգուշացնել Արմնյուզ հեռուստաընկերությանը, որ արդեն 2-րդ անգամն է, ինչ նկատվում է Նախաձեռնության կողմից իրականացվող այս կամ այն ակցիայի ոչ կոռեկտ և խեղաթյուրված մեկնաբանություն:
Առաջին դեպքը մեքենաներով երթը որպես ՏՏ ոլորտի մասնագետների բողոք ներկայացնելն էր, ինչը խեղաթյուրում է իրողությունը, քանի որ դա ՏՏ մասնագետների ակցիան չէր, դա «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան էր, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի:
Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, այլևս հակված ենք մտածելու, որ սույն լրատվամիջոցի կողմից իրականցվում է իրականության մտադրված խեղաթյուրում և հեռուստալսարանին մոլորության մեջ գցող մեկնաբանություն:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիաների ոչ համաչափ, ոչ ադեկվատ ու խեղաթյուրված մեկնաբանության 2-րդ դեպքը տեղի ունեցավ Արմնյուզ հեռուստաընկերության «Փաստորեն» հաղորդման ընթացքում՝ https://www.youtube.com/watch?v=LizIlELDQMY#t=120, երբ խոսելով Վ. Պուտինի այցի օրը Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության դեմ կազմակերպված բողոքի ակցիաների մասին, ցուցադրվում էին նույն օրը ԱԺ-ի դիմաց իրականացվող «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան, որի մասնակիցները հավաքվել էին՝ պահանջելու խորհրդարանական մեծամասնությունից կողմ քվեարկել ԱԺ 4 խմբակցությունների կողմից առաջարկված ԱԺ որոշման նախագծին՝ այն է, 1 տարով հետաձգել Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը՝ հանրային լայն քննարկումների և օրենքի բազմաթիվ թերի ու հակասահմանադրական կետերի փոփոխման, լրամշակման համար: Նմանատիպ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունը ակնհայտ մոլորության մեջ է գցում ոչ այնքան տեղեկացված հեռուստադիտողին, որը հաղորդման վարողի շուրթերից լսում է Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության դեմ ակցիաների մասին, բայց էկրանին տեսնում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան ԱԺ դիմաց, որն այնքանով կապ ունի Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության խնդրի հետ, որքանով կապ կարող է ունենալ, օրինակ, Չինաստանում առկա բնապահպանական խնդիրների հետ:
Փաստորեն, կամ Արմնյուզը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն ու որն է վերջինիս նպատակը, իսկ այդ դեպքում մենք բաց ենք ցանկացած լրատվամիջոցի կրկին պարզաբանել մեր նպատակներն ու գործողությունները, կամ այս կերպ փորձ է արվում խեղաթյուրել մեր Նախաձեռնության բուն գործունեությունը և անտեղյակ կամ պակաս տեղյակ հեռուստալսարանի մոտ սխալ պատկերացումներ ձևավորել Նախաձեռնության գործողությունների վերաբերյալ:
Ելնելով այս ամենից և կարևորելով լրատվամիջոցների դերը հանրության իրազեկման կարևորագույն առաքելության մեջ՝ կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ տեղեկատվության աղճատված ներկայացումից ու մեկնաբանություններից:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: