Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:
2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:
Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:
Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կա¬տարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:
Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:
Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:»