Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան չի պատրաստվում վերանայել հունվարի 1-ից կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշումը, հակառակ հասարարական, մասնագիտական, քաղաքական լայն շրջանակների բողոքներին։ Այդ մասին նա հայտարարել է նախարարություններ կատարվող արդեն ավանդական դարձած այցի ժամանակ։ Այս հանդիպումներում պարբերաբար հնչեցվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ նախագահի գնահատականները։
Այս անգամ այցը Էկոնոմիկայի նախարարությունն էր, գլխավոր թեման էլ կենսաթոշակային փոփոխությունը։
“Գիտեք, խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել եւ ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում` նաեւ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ` առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ` քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը` փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է:
Ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում”,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը կոչ է արել, որ բոլոր նրանք, ովքեր համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Սակայն անցնող մի քանի ամիսներին ինչպես հանրային, այնպես էլ խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ օրենքի պաշտպանները խիստ սակավաթիվ են։ Միայն վարչապետի պահանջով մի շարք պաշտոնյաներ հանդես եկան պարզաբանումներով։
Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը դրական է գնահատել փաթեթը, եւ պնդել, որ այն պետք է գործի։
“Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. ուզում ենք, որ այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Սա ասում եմ նրա համար, որպեսզի նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրել”,- ասել է նախագահը:
Ի դեպ, նա իր խոսքում չի անդրադարձել նրա իսկ ստեղծած Հանրային խորհրդի նախաձեռնությանը, որը հատուկ թղթածրարով դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառումը հետաձգելու նախաձեռնությամբ։»
Աղբյուր՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17767
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: