Ինչպես հայտնում է tert.am կայքը`
««Հեռավոր Լապլանդիայից եկած» մի խումբ Ձմեռ պապիկներ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Ձմեռ պապիկները իրենց մեջքներին փակցրել են « Դեմ եմ» թռուցիկները և կոնֆետներ են բաժանում քաղաքացիներին:
Թռուցիկներում ասվում է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:
Ձմեռ պապիկները, որոնց բաժանած կոնֆետներից ու թռուցիկներից քաղաքացիները զարմացել են, կոչ են անում միանալ պայքարին: Ձյունանուշներ չկան:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, որում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու՝ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկն ավելի վաղ ԱԺ-ն մերժել էր, 2014թ. հունվարի 1-ից սկսած` 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով պետք է իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այդ գումարները, որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:
Օրենքը դժգոհությունների և տարաբնույթ բողոքի ակցիաների տեղիք է տվել հիմնականում երիտասարդության շրջանում:
Ձմեռ պապիկները եկել են նաև համապատասխան պաստառներով. «Ո՛չ օրենքով կուտակային թալանին», «Ո՛չ հակասահմանադրական օրենքին»:
Ակիցայի մասնակիցները տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին Ազատության հրապարակից ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնվում է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:»
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/12/14/dem/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: