Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝
««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 17-ին իր հայտարարությունը հանձնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին:
«Այս հայտարարությանն ընթացք կտրվի` օրենքի սահմանված կարգով»,- ասաց ՍԴ ներկայացուցիչը` հավելելով, որ Ազգային ժողովի չորս խմբակցությունների` Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և Հայ ազգային կոնգրեսի դիմումը Սահմանադրական դատարանը ստացել է դեկտեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, և ներկայում ուսումնասիրվում է այն քննության առնելու հարցը:
Երթը պաշտոնապես հայտարարվեց ավարտված:
Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ էին նախաձեռնել դեպի Սահմանադրական դատարան:
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Միաժամանակ` շուրջ 400-500 քաղաքացիներ բողոքի ակցիա կազմակերպեցին ԱԺ շենքի դիմաց: Նրանք երթով շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև` կառավարության շենք:
Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 7-ին էլ ակցիան կազմակերպվեց հեծանիվներով, իսկ դեկտեմբերի 14-ին`Ձմեռ պապի հագուստներով:
Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: »
Աղբյուր՝ http://civilnet.am/2013/12/17/dem-am-statement-constitutional-court/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: