Ինչպես հայտնում է yerkir.am կայքը՝
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ էին, բայց տարիներ անց դեմ արտահայտվողները տեսան, որ այդ բարեփոխումն իրեն արդարացրեց:
Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՊՊԱ-ն և կենսաթոշակային համակարգը միանգամայն անհամադրելի են: ԱՊՊԱ-ն խոսում է երրորդ ռիսկի ապահովագրության մասին, իսկ կենսաթոշակային ռեֆորմը առնչվում է տվյալ մարդու ծերության ու նվազող եկամուտների հետ:
«Ես միշտ բերում եմ այն օրինակը, ճիշտ է` հումորի տեսքով, որ եթե դու կարող ես մեքենա ունենալ, բայց այն չվնասել, սակայն չես կարող ապրել ու չծերանալ: Պետության պարտականությունն է` ծեր մարդուն ապահովել արժանապատիվ կենսապայմաններով: Հենց այս դաշտում է ձևավորվում պետության հիմնական պարտավորությունը»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա` եթե օրերից մի օր կենսաթոշակային ֆոնդերը սնանկանան, պատասխանատուն պետք է լինի պետությունը, ահա, թե ինչու քաղաքացու փողը մասնավորին փոխանցելը պետության` պարտավորությունից խուսափելն է նշանակում:
Դիտարկմանը, որ իշխանությունը, որպես երաշխիք, ներկայացնում է«երաշխիքային հիմնադրամ» հասկացությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ երաշխիքային հիմնադրամը որևէ էական նշանակություն չունի:«ՍԴ ներկայացված դիմումում մենք հիմնավորել ենք, որ օրենքով ներկայացված երաշխիքը կեղծ է»,- ասաց պատգամավորը` բացատրելով, որ ըստ օրենքի` հիմնադրամների երաշխավորության 20 տոկոսը երաշխիքային հիմնադրամն է տալիս, իսկ 80 տոկոսը`պետական բյուջեն:
Ըստ Արծվիկ Մինասյանի` պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մի քանի տարի հետո Հայաստանի որևէ տարվա պետական բյուջե չի կարողանա ապահովել նման ֆոնդերի փոխհատուցումը: Նաև` ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` չի կարող բյուջետային երաշխիքը նախորդ տարվա հարկային եկամուտների 10 տոկոսից ավելին լինել, որը չի անցնում 100 միլիարդի սահմանը, մինչդեռ պարտադիր կուտակային ֆոնդերի դեպքում երկրորդ տարվանից այդ գումարն անցնելու է 100 միլիարդը: «Երկրորդ տարվանից սկսած` մենք հայտնվելու ենք կեղծ երաշխիքների դաշտում»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով. «Դա նույնն է, որ մարդկանց ստիպես, որ նրանք խաղատներում դրույքներ կատարեն»:»
Աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/60051.htm
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: