Ինչպես հայտնում է aravot.am կայքը`
«Սյունիքի մարզկենտրոնում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» կապանյան խումբ: Կապանցիներից բաղկացած խումբը մտադիր է իր անհամաձայնությունը հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք նախատեսում ենք տարբեր մեթոդներով մեր անհամաձայնությունը հայտնել վերոնշյալ օրենքի կիրառմանը: Այդ առիթով խումբը մտադիր է երթ կազմակերպել Կապանում: Տեղական հասարակական կազմակերպություններն էլ նախատեսում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ի դժգոհություն տվյալ օրենքի ընդունման», – նշեց «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի» կապանյան խմբի անդամ, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը: Այսօր «Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության գրասենյակում մի խումբ ակտիվիստներ հանդիպել եւ քննարկել են հետագա քայլերը: Ինչպես քիչ առաջ մեզ տեղեկացրեցին՝ շաբաթ օրը խմբի ակտիվիստները նախատեսում են երթ կազմակերպել Կապանում՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի: Երթը կմեկնարկի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին՝ նախկին ավտոկայանի հրապարակից:»
Աղբյուր` http://www.aravot.am/2013/12/18/416105/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: