Ինչպես հայտնում է asparez.am կայքը`

«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից: «Ասպարեզ»-ն այս հարցով զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

-Պարոն Մեսրոբյան, Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ապագա ներդրումը, որին հաջորդ տարի գումարվելու է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը:

-Ապահովագրության հիմքում ընկած է այն գաղափարը, երբ մարդուն ապահովագրում են ինչ-որ խնդիրներից, քանի որ գալու են օրհասական օրեր, երբ մարդկանց անհրաժեշտ կլինեն գումարներ: Անձը հասնում է կենսաթոշակային տարիքի, այլեւս չի աշխատում եւ մնացած կյանքի համար նրան գումար է անհրաժեշտ: Բժշկական ապահովագրության իմաստն էլ այն է, որ մարդը պետք է գումար ունենա, որ կարողանա բուժվել բժշկական հաստատություններում: Տեսականորեն սա է: Ինչ վերաբերվում է պարտադիր կոչեցյալին, դա պետության մեջ կիրառվում է երկու դեպքում: Մի դեպքում, երբ ժողովուրդը կրթված չէ, բայց այդ գաղափարը շատ լավն է եւ այն պետք է կիրառել եւ ստիպողաբար է լինում, որ մարդիկ տեսնեն դրա առավելությունները: Կա նաեւ մյուս հանգամանքը՝ պարտադիր ապահովագրական համակարգերը կիրառվում են այն ժամանակ, երբ պետության ներսում անվստահություն կա: Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, հետագայում՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հետ կապված լարվածություն է նկատվում: Հայաստանում առողջապահական համակարգի հանդեպ անվստահություն կա: Այդ ոլորտը կոռումպացված է: Ժողովուրդն իշխանության հանդեպ վստահություն չունի.1991 թվականից սկսած Հայաստանում պետության հայտարարած ծրագրերի ճնշող մեծամասնությունը ձախողվել են: Մարդիկ ոչ մի բանի չեն հավատում: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում կարեւոր է ժամանակի գործոնը, քանի որ 20-30 տարվա մեջ, եթե ժողովուրդը տեսնի, որ պետությունը չի հասնում այն նպատակներին, որոնք իր առջեւ դրել է, անվստահություն կունենա: Ինչպե՞ս է մարդը մտածում.այս պետությանը ես չեմ հավատում, որի համար հիմքեր ունեմ, բայց ինձանից պահանջում են գրպանիցս գումարներ մուծել:

-Ճի՞շտ է արդյոք, որ կենսաթոշակային համակարգը կիրառելու դեպքում կուտակված գումարները հոսելու են դեպի արեւմուտք, քանի որ Հայաստանում դրանք արտասահմանյան երկրներին պատկանող մասնավոր ֆոնդերում են կուտակվելու:

-Այն, որ այդ գումարները գնալու եւ շրջանառվելու են արեւմուտքում, դժբախտաբար ամենից շատ ես եմ խոսում: Դրա համար կա հայտնի, օբյեկտիվ պատճառ: Հայաստանում ձեւավորված չէ «Երկար փողերի շուկա»: Կենսաթոշակային ֆոնդերի գումարները 30-40 տարվա՝ երկար փողեր են, իսկ այդպիսի շուկա Հայաստանում գոյություն չունի, քանի որ 20 տարի մեզ մոտ փորձում են ֆոնդային շուկա ձեւավորել, սակայն չի ստացվում, արժեթղթերի շուկան չի կայանում եւ այլն: Մեծամասամբ դոլարով, եվրոյով պահվող գումարները պետք է գնան այնտեղ, որտեղ կա «Երկար փողերի շուկա» եւ այդ գումարները ծառայելու են գերտերությունների համար ինչ-որ ակտիվների ձեռքբերմանը, իսկ պարտադիր կուտակային համակարգի կիրառման դեպքում՝ «խեղճ ու կրակ» արեւմտյան պետությունների խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանից տեղի է ունենալու գումարների արտահոսք դեպի արեւմուտք: Որտեղ որ գնալու են այդ փողերը, այնտեղ էլ շահագրգռված են, որ նման գործընթացներ ընթանան: Մինչդեռ, այդ գումարները պետք է տեղաբաշխվեին նվազագույն ռիսկերով ակտիվների մեջ: Այդ ամենն արեւմուտքն է թելադրում, եւ ոչ միայն Հայաստանին:

-Խոսեցիք «Երկար փողերի» շուկայից: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Օրինակ, Դուք արտասահմանում կարող եք ներդրումներ անել ազդեցիկ ԲԲԸ-ներում եւ երկար ժամանակ գործող կազմակերպություններում՝ հանձինս «British Petroleum»-ի եւ այլն: Քանի որ արժեթղթերի շուկան արեւմուտքում լավ է զարգացած, ուստի այնտեղ պահանջարկ կա պահվող փողերի շուկայի, որոնց երկար ժամանակ ձեռք չեն տալիս: Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, կա միան պետական արժեթղթերի շատ փոքր զանգված, սակայն երկար ժամանակով փող պահելու համար Հայաստանի հանդեպ վստահություն չկա: Ուստի, այսպես կոչված ռազմավարական ներդրումները կատարվում են այնտեղ, որտեղ կա վստահություն, երբ ներդրումների ժամանակը եւ սպասվող շահույթը երկարաժամկետ է: Հայաստանում տրամաբանությունն այլ է. փողից արագ շահույթ ստանալ, ուստի մեզ մոտ տարածված է «Տաք փողերի շուկա» հասկացությունը: Դա է պատճառը, որ Հայաստանում շատ են գործում օֆշորում գրանցված կազմակերպություններ:

-Ինչու՞ պետք է կուտակված գումարները պահվեն մասնավոր, արտասահմանյան երկրներին պատկանող հիմնադրամներում, եւ ոչ` պետական:

-Լիբերալները հեքիաթ են պատմում, թե պետությունն ավելի վատ տնտեսվարող է, քան՝ մասնավորը, ինչն այդպես չէ: Պետության դերը նսեմացնելն ու ամեն ինչում շուկայական հարաբերություններն առաջ քաշելը ճիշտ չէ: Սա այն հիմնական մոտեցումն է, որը 1991 թվականից սկսած մտավ մեր գիտակցության մեջ: Եթե այդ ժամանակվանից սկսած մեր պետությունը չէին կարող կառավարել, դա չի նշանակում, որ բոլոր պետությունների դեպքում դա այդպես է, ուղղակի տվյալ մարդիկ էին վատ կառավարիչներ: Եթե մասնավորում էլ անպիտան մարդ է լինում, ինքը սնանկ է ճանաչվում: Հաջողակ շատ պետություններում՝ Չինաստան եւ այլն, շուկայական հարաբերություններն ամբողջությամբ չեն դրսեւորվում:

-Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում առայժմ գործող հին համակարգի հանդեպ առավելություններ ունի՞:

-Կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարն արեւմուտքից է առաջացել, իսկ պատճառը շատ լուրջ բան է: Արեւմուտքում, նաեւ՝ Հայաստանում կա ծնելիության զգալի անկում: Տարեց տարի, աշխատող մարդկանց քանակը քչանում է, չաշխատող, ծեր մարդկանց քանակը՝ շատանում (Լրագրող՝ ըստ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների՝ 2012 թվականին Հայաստանում աշխատուժի քանակը կազմել է 1229.6 հազար, զբաղվածներինը՝ 1166.5, գործազուրկներինը՝ 62.4 հազար մարդ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, ՀՀ-ում կենսաթոշակառուների թիվն անցնում է 500 հազարից) եւ յուրաքանչյուր հաջորդող տարի ավելի քիչ աշխատող մարդիկ պետք է պահեն ավելի շատ չաշխատող մարդկանց: Հին կենսաթոշակային համակարգն առաջացել է ծնելիության բարվոք պայմանների առկայության պայմաններում, երբ աշխատողների քանակը չաշխատողներից շատ էր: Այժմ հակառակն է եւ աշխատողներն այլեւս չեն կարող պահել չաշխատողներ: Գոյություն ունի գործակից, երբ 2,11-ից ծնելիությունը քիչ է, բնակչությունը նվազում է: Գրեթե բոլոր եվրոպական երկրներում ծնելիությունը 2,11 գործակցից ցածր է, Հայաստանում այդ գործակիցը 1,3-1,4-ն է:

-Եվրոպական ո՞ր երկրներում է ավելի շատ կուտակային համակարգը տարածված:

-Շատ երկրներում, սակայն այստեղ մի վտանգ էլ կա: 2008 թվականին, երբ սկսվեց տնտեսական ճգնաժամը, բավական մեծ խնդիրներ ունեցան նաեւ կուտակային, կենսաթոշակային հիմնադրամները, որոնցից մի քանիսն անգամ կանգնեցին սնանկության եզրին, քանի որ ճգնաժամը խփեց արժեթղթերի շուկային, իսկ կուտակային հիմնադրամները գումարները պտտեցնում են արժեթղթերի շուկայում, որը սկսեց ճգնաժամի մեջ ընկնել: Անգամ վերջին տարիներին արեւմուտքում սկսեցին վերանայել կուտակային հիմնադրամների գործունեության ձեւերը:

-Հայաստանում գործնականում կուտակային համակարգը կիրառելի կդառնա՞:

-Տեսականորեն այո, գործնականում՝ ոչ, այդ համակարգի կիրառումը մեզ մոտ վաղաժամկետ է: Հայաստանի երրորդ հանրապետությունը 20 տարվա պետություն է, իսկ մենք խոսում ենք 30 տարվա կուտակման մասին, այդ ժամանակ, երբ մարդիկ թոշակ ստանան, գնաճի հարցն էլ կառաջանա, որն իրական ձեւով չի հաշվարկվում: Վերջերս իմ ու իմ մագիստրանտների կողմից հերթական գիտական աշխատանքը ներկայացվեց, որտեղ հետեւյալ ուսումնասիրությունն է կատարվել: Վերցվել է 2012 թվականի հոկտեմբեր ամսվա գնաճը եւ համեմատվել 2013 թվականի հոկտեմբեր ամսվա գնաճի հետ: Ուսումնասիրվել է 50` առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ, որոնք սոցիալապես անապահով խավը միշտ օգտագործել է: Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2012 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հոկտեմբերը, գնաճը կազմել է մոտ 17,5 %, իսկ երբ վերցվեց իրական գնաճը` այն կազմեց 23,5 %, որը մի քանի անգամ ավել է պաշտոնական տվյալներով մատնանշված գնաճից: Քանի որ կուտակային կենսաթոշակների դեպքում հաշվարկվելու է պաշտոնական տվյալներով գնաճը, ստացվում է` իրականության մեջ մարդը գումար է կորցնում: Հայաստանում՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերում, գնաճը շատ ավելի քիչ է ներկայացված, քան կա իրականում: Պարտադիր բառն էլ է մարդկանց խրտնեցնում: Եթե այդքան լավ համակարգ է, թող փիառ անեն, «անգրագետ» մարդկանց բացատրեն եւ թող դա լինի կամավոր: Եթե դա շատ լավն է եւ մարդիկ տեսնեն դրա առավելությունները, պետք է վազեն դեպի կուտակային համակարգ: Քանի որ մեծ կասկածներ կան, որ վազողներ չեն լինի, դրա համար պարտադիր սկզբունքն են մտցնում:

-Ինչու՞ սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր ժողովուրդը չի ընդվզում իշխանության դեմ, երբ ամեն ինչ մեզ պարտադրանքի տեսքով է թելադրվում:

-Հայերս, սոցիալական, էկոլոգիական եւ այլ հարցերի դեպքում քիչ հավանական է, որ ըմբոստանանք: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի բաներ գրեթե չեն լինում: Ակտիվիստները թող լավ իմանան, հայ ժողովուրդը՝ կառավարման օբյեկտը, ըմբոստանում է այն ժամանակ, երբ իր հոգուն կպնող ինչ-որ ազգային խնդիր է տեսնում, այդ դեպքում սոցիալական ծանր վիճակը կարող է նպաստել պայքարի ծավալմանը, բայց միայն սոցիալականով զանգվածաբար ընդվզումը քիչ հավանական է: Բնապահպանական շարժումների դեպքում էլ մի քանի 100 մարդ է հավաքվում, բայց հենց բարձրացվեց Արցախի հարցը, ժողովուրդն ընդվզեց: Անձնական հարցերում նյութապաշտ ենք, ազգային հարցերում հակված ենք դրանց լուծմանը: Սակայն մեզ ցնցումներ են սպասվում, քանի որ իշխանական համակարգը մոտենում է քանդման եզրին, ցանկացած իրավիճակ կարող է պայթյունի բերել: Ժողովրդի համբերության թասը լցվում է:»

Աղբյուր` http://www.asparez.am/news-hy/joxovrdi_hamberutyan_tas-hy/

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: