Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
«Սյունիքի մարզում ստեղծվել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» կապանյան խումբ, որին անդամակցում են և՛ ակտիվ քաղաքացիներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. նախատեսվում է դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ին մեկնարկել բողոքի երթ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը՝ նշելով, որ արդեն երթուղին պարզ է, վերջնակետը կլինի մարզպետարանը:
«Կապանում իրազեկվածության մակարդակը ցածր է, բայց մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիային, միանշանակ, դժգոհ են: Անվստահության մթնոլորտ է, չեն վստահում իշխանություններին և չեն ընդունում, որ ներկա սոցիալական պայմաններում այդ օրենքը կիրառվի»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ երթին միացողներ շատ կլինեն, իրենք արդեն հայտարարություններ են տարածել բազմամարդ վայրերում:
Հարցին, թե արդյո՞ք մարզային իշխանությունները որևէ ճնշող քայլեր չեն ձեռնարկել բողոքի ակցիան կասեցնելու համար, Արմեն Փարսադանյանը պատասխանեց, որ իրենց վրա վերջին շրջանում որևէ ճնշում չի եղել, նույնիսկ ՀՀԿ-ի երիտթևից ներկայացուցիչներ կային իրենց հավաքներին, որոնք հստակ դիրքորոշում չեն հայտնում, բայց կա ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծին:
Հետագա քայլերի մասին նա նշեց, որ իրենց դժգոհությունն արտահայտելու գործողությունների պլան են մշակում, մի խումբ հկ-ներով այսօր նամակ են ուղարկելու ԱԺ նախագահին և վարչապետին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը նախագծի վերաբերյալ: «Երթեր նույնպես կկազմակերպենք, բայց սրանով չենք սահմանափակվելու, մենք պարբերաբար մեր դժգոհությունը կարտահայտենք, որպեսզի այն չեղյալ համարվի, լուրջ ճնշումներ են պետք»,-ասաց Արմեն Փարսադանյանը՝ հավելելով, որ մնացած միջոցների շուրջ դեռ քննարկումներ են անցկացնում:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ, ով չբացառեց, որ բողոքի ալիքին կմիանա նաև Գորիսը. «Շատ շուտով ոտքի կկանգնի նաև Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաք Գորիսը, և այդպիսով կապացուցեն, որ արժանի են իրենց փառապանծ նախնիներին»:
Սամվել Հարությունյանը նաև նշեց, որ ինքը շատ ուրախ կլինի, եթե Կապանի և Սյունիքի մյուս քաղաքների ու գյուղերի երիտասարդները և բնակիչները կարողանան հավուր պատշաճի ընդվզել այդ «հակահայ օրենքի դեմ»:
Իսկ թե ինչ կանի ինքն այդ ուղղությամբ, պատասխանեց. «Ես անցած քսան տարիներին, իսկ հուլիսմեկյան դաժան ոճրագործությունից հետո առավել ակտիվությամբ մասնակցում եմ Սյունիքի և Հայաստանի «լիսկաթափման» սրբազան պայքարին: Իմ հետագա մարտավարության մասին կարճ ժամանակ անց կտեղեկացնեմ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Ըստ նոր համակարգի՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը պետք է պարտադիր կարգով փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այս գումարները որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: »
Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/19/pension/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: