Մենք ցանկանում ենք տարեմուտին ամփոփել մեր երկրի վերջին զարգացումները, անդրադառնալ կառավարական մարմինների հայտարարություններին, տալ մեր գնահատականներն ու պատասխաններն այդ հայտարարություններին, ինչպես նաև մի քանի խոսքով նշել մեր հետագա քայլերի մասին:
Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետև մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ:
Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին և դրա կոնկրետ կետերին
Շատ անգամներ ենք բարձրաձայնել այս օրենքում առկա բազում թերություններն ու վտանգավոր կետերը: Մենք շատ անգամներ փորձել ենք երկխոսության հրավիրել կառավարական բոլոր հնարավոր օղակներին, որպեսզի հայտնենք մեր մտահոգություններն օրենքի որոշ կետերի մասին, ինչպես նաև ստանանք մեզ հուզող կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ: Սակայն մեր բոլոր քայլերն անտեսվել և նույնիսկ արհամարհվել են օրենքը սատարող կառավարական ուժերի կողմից:
Ցանկանում ենք տարեվերջին մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այս տխրահռչակ օրենքի կարևորագույն թերությունները և ահազանգել օրենքի սպառնալիքների ու կործանարար հետևանքների մասին:
Կառավարական օղակներից բազմիցս շեշտվում և քարոզվում են օրենքի, այսպես ասած, դրական կողմերը, որոնք ուշադիր հայացքի ներքո վեր են ածվում կեղծիքի և անհեթեթության.
- Վճարում եք ընդամենը 5%:
- Ֆոնդերում կուտակված գումարը ձեր սեփականությունն է:
- Ձեր գումարները 100% երաշխավորված են:
- Գումարները/թոշակը ստանալիս, գումարը ինդեքսավորվելու է` հաշվի առնելով գնաճը:
Այժմ ներկայացնենք, թե իրականում ինչ է սպառնում մեզ
1. Նախ վճարելու ենք ոչ թե 5%, այլ 6,6 – 13,5%: Բացի այդ, քաղաքացին նաև ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ և այն ընթերցող սարք, որի համար պիտի վճարի 9000 դրամ: Պետությունը իր մասնակցությունը սահմնափակել է 25’000 դրամով, որը ոչ մի ձև չի ինդեքսավորվում, և գնաճի ու դրամի արժեզրկման պարագայում այս գումարի գնողունակությունը տարիներ անց կարող է անհամեմատ նվազել:
2. Իրականում ֆոնդերում առկա գումարները քաղաքացին կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու դեպքում, այն էլ՝ միայն ամսական վճարումների տեսքով: Կա իհարկե բացառություն, եթե քաղաքացին անբուժելի հիվանդ է կամ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հեռանում երկրից: Նույնիսկ քաղաքացու մահվանից հետո նրա ժառանգները կուտակված գումարից առձեռն կարող են ստանալ ընդամենը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկը, այսինքն 10500 * 25= 262’500 , իսկ մնացածը փոխանցվելու է ժառանգների կուտակային կենսաթոշակային հաշվին և այդպես շարունակ:
3. Ֆոնդերում կուտակված ամբողջ գումարի 80%-ը պետությունը երաշխավորում է պետական բյուջեով` այսինքն մեր փողերը երաշխավորվում են մեր իսկ փողերով: Սա ինքնին անհեթեթություն է, բայց սա դեռ սկիզբն է: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ մի քանի տարի հետո ֆոնդերում կուտակված գումարները գերազանցելու են մեր երկրի պետական բյուջեն, իսկ 23 տարի անց, երբ 1974թ. ծնված քաղաքացիները կդառնան 63 տարեկան և կգա առաջին վճարումները կատարելու ժամանակը, այդ գումարները կարող են տասնյակ անգամներ գերազանցել բյուջեն: Նաև վերջերս Արծվիկ Մինասյանը մամուլում հայտարարեց, որ ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` բյուջետային երաշխիքը չի կարող նախորդ տարվա հարկային եկամուտների 10%-ից ավել լինել, իսկ այն չի անցնում 100 մլրդ դրամի սահմանը: Այս հայտարարությունը ևս մնաց անպատասխան: Շեշտենք նաև, որ ֆինանսական ֆոնդերի սնանկացումը արդեն իսկ ենթադրում է գլոբալ միջազգային ճգնաժամ, որի դեպքում պետությունն առավել ևս ի վիճակի չի լինի երաշխավորել կուտակած գումարները: Փաստորեն Սերժ Սարգսյանը, ի հակառակ ապագա ղեկավարներին լավություն անելու իր բարի կամքին, ակամա 23 տարի անց իշխանության եկած ուժերին դնում է բարդագույն խնդիրների առջև։
4. ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերջերս երիտասարդների հետ օրենքի քննարկման շրջանակում հայտարարեց, որ ինդեքսավորումը հաշվարկվելու է տարեկան 4% գնաճի համար: Եթե պարզագույն հաշվարկով (բարդ %-ի բանաձև) տարեկան 4% գնաճը վերջին 20 տարիների համար կիրառենք, օրինակ, հացի գնի վրա, որն 90-ականների սկզբին 10 դրամ էր, ապա այսօր հացը պիտի արժենար մոտ 22 դրամ: Իսկ ևս 20 տարի անց` մոտ 48 դրամ: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ արդեն այսօր հացն արժե 120-200, երբեմն նույնիսկ 250 դրամ:
Որպես օրենքի հիմնական արդարացումներ ներկայացվում են հետևյալ խեղաթյուրված պնդումները
- Կենսաթոշակառուների թոշակը շատ ցածր է:
- Մեր հասարակությունը «ծերացող» է և պետությունը չի կարող ապահովել գնալով ավելացող կենսաթոշակառուների բարեկեցիկ ծերությունը:
- Փորձելով անընդհատ ավելացնել կենսաթոշակները, պետությունը կկանգնի ճգնաժամի առաջ:
- Մենք ընտրել ենք արտասահմանյան ֆոնդեր, որովհետև նրանք առավել փորձված են ու վստահելի:
Պատասխանենք այս բոլոր պնդումներին
1. Շատ կարևոր հանգամանք. այս օրենքը ոչ մի ձև չի առնչվելու կենսաթոշակառուների թոշակի հետ առաջիկա 23 տարիների ընթացքում: Ավելին, այս «բարեփոխումը» ոչ մի կերպ չի անդրադառնալու գրանցված աշխատավարձ չունեցող (ինքնազբաղ) քաղաքացիների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսները, վարձու բանվորները և այլ: Այսինքն նշված քաղաքացիները, ովքեր իրապես ունեն պետության ուշադրության կարիքը, թոշակի անցնելիս ստանալու են բազային թոշակը` 10500 դրամ: Իսկ բյուջեից ամեն տարի արտասահմանյան ֆոնդերին են փոխանցվելու հսկայական գումարներ, ինչը կարող է խանգարել նշված խոցելի խմբերի թոշակների բարձրացմանը: Եթե համեմատենք 2013 և 2014-թթ. բյուջեները, ապա կտեսնենք, որ գալիք տարվա բյուջեում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Ծերություն» խմբի հատկացումները 199, 603, 368.3 հազար դրամից աճել են 254, 675, 669.4 հազար դրամ, այսինքն՝ ավելացել են ավելի քան 55 մլրդ դրամով, որից 20 մլրդ-ը, ըստ վարչապետի հայտարարության, գնալու է թոշակների ավելացմանը, մնացածի մի մասը, ըստ երևույթին, գնալու է արտասահմանյան ֆոնդեր` կուտակային կենսաթոշակում պետության մասնակցությունը ապահովելու, իսկ մնացածն էլ ընթացիկ, օրինակ կամուրջ հաշիվների ծախսերի վրա, որը կրկին փող լվանալու լավ վայր է: Փաստորեն օրենքը չի լուծում սոցիալական այն կարևորագույն խնդիրները, ինչի համար որ այն նախատեսված է:
2. Մենք չենք առարկում, որ երկրում առկա է «ծերացման» խնդիր, բայց պնդում ենք, որ դա ոչ թե մեր երկրում ծնելիության խնդրի, այլ առավելապես արտագաղթի հետևանք է: Եվ սա խնդիր է, որը լուծում է պահանջում, ոչ թե աքսիոմ է, որից պետք է բխեն մեր հետագա քայլերը: Փաստորեն կառավարությունը հայտարարում է, որ մեր երկիրը հիվանդ է, բայց այն բուժելու փոխարեն, սկսում է դագաղ պատրաստել:
Վարչապետն իր ելույթում նշեց, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո «Baby Boom»-ի արդյունքում առաջիկա 10 տարիների ընթացքում մենք ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ: Պարզաբանեմ, «Baby Boom»-ը հետպատերազմյան առաջին տասնամյակում ծնելիության կտրուկ աճն է: Այսինքն խոսքը գնում է 1949-1959թթ ծնվածների մասի, ովքեր կհասնեն թոշակային տարիքի 2012-2022թթ: Բայց նշյալ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ չեն և շարունակելու են ստանալ պետական կենսաթոշակ: Այսինքն ըստ վարչապետի հայտարարության, պետությունը արդեն իսկ` 2012-ից ունի թոշակառուների թվի աճ և նրանց թոշակով ապահովելու համար պետական բյուջեից դուրս է հանում հսկայական գումարներ և դրանք պահելու է օտարերկրյա ֆոնդերում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացարտել այս հայտարարության տրամաբանությունը:
3. Նշում են, որ չունեն բավարար միջոցներ թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու համար, նույնիսկ նախագահի մակարդակով ներողություն են խնդրում նրանցից, բայց պնդում են, որ կարող են ամեն աշխատող քաղաքացու համար մինչև 25,000 դրամ գումար հանել պետական բյուջեից և մինչև 45 տարի ժամկետով սառեցնել այն արտասահմանյան ֆոնդերում: Այս ամբողջը տարեցտարի միայն բյուջեի ճեղքվածքի ավելացման կբերի:
4. Ֆոնդերի մասին ավելի մանրամասն. պետությունը ՀՀ քաղաքացիներից հավաքում է ինչ-որ գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է գրեթե նույնքան գումար, և ամբողջը 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը ներդրումներ է կատարում այդ գումարներով` 60% ՀՀ-ում և 40% այլ երկրներում, այդ թվում և Թուրքիայում` իր հայեցողությամբ: Ներդրումները կատարվում են` գնելով երկրի թողարկած պարտատոմսերը կամ արժեթղթեր: Մեր երկրի դեպքում, արժեթղթեր թողարկում են միայն բանկերը, բայց քանի որ դրանց ռիսկայնության %-ը բարձր է, ներդրումները կատարվելու են միայն գնելով պետական պարտատոմսեր, որոնց դիմաց երկիրը վճարում է տոկոսներ բյուջեից: Ստացվում է՝ մեզնից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով: Այս տոկոսները կրկին ավելացնելու են բյուջեի ճեղքվածքը: Նշենք նաև, որ այս ֆոնդերում գումարները ճիշտ տնօրինելու և եկամուտ ստանալու համար քաղաքացին պետք է ունենա խորը գիտելիքներ ֆինանսական և արժեթղթերի շուկաների մասին: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը պնդում է, որ քաղաքացիները այնքան գիտակից չեն, որ խնայեն իրենց միջոցները բարեկեցիկ ծերության համար:
Եզրակացություն
Հաշվի առնելով կառավարության «գազային խաղերը»` այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության.
կառավարող համակարգը կրկին ընտրել է «պակասորդը քողարկելու» քաղաքականությունը, ինչպես դա արեցին գազի գնի թանկացման դեպքում, որի համար ՀՀ քաղաքացիները կուտակեցին 300 մլն ԱՄՆ դոլարի պարտք ու թանկ վճարեցին դրա դիմաց: Իրականում այս գումարով պետությունը պարզապես գնեց «ՀայՌուսգազարդի» լռությունը` ընտրությունների ժամանակահատվածում:
Այժմ, կրկնելով նույն սցենարը, ՀՀ կառավարությունը, չապահովելով խոստացված տնտեսական աճը, ցանկանում է հետաձգել վերահաս ճգնաժամը, որի համար կրկին անհրաժեշտ է պարտք վերցնել արտաքին ֆինանսական միավորներից: Նկատի ունենալով, որ մեր երկիրը արդեն իսկ ահռելի արտաքին պարտքեր ունի ինչպես ՌԴ-ին, այնպես էլ արևմտյան երկրներին, այս անգամ փորձ է արվել ներգրավել ներդրումային ֆոնդերը: Վերջիններս էլ որպես նախապայման պարտադրել են այս «Կենսաթոշակային բարեփոխումները»: Արդյունքում այս կառավարող մարմինների գործելու տարիների ընթացքում չի լինի ճգնաժամ, բայց երկիրը կկուտակի նոր հսկայական ծավալների պարտքեր: Իսկ թե այս անգամ ինչպես ստիպված կլինենք փակել այդ պարտքերը, դեռևս անհայտ է:
Կոչ
Մենք շարունակելու ենք մեր պայքարը, արդեն իսկ մշակված ռազմավարությամբ և գործելաոճով: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ մեր պայքարին. Այն է` իրազեկման, բոյկոտի միջոցառումներին, բողոքի երթերին և ցույցերին, որոնց մասին նախօրոք կկատարվի լրացուցիչ իրազեկում:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, պետք է թույլ չտանք, որ մեզ ներքաշեն այս ֆինանսական «խարդախությունների» մեջ, որովհետև, ի վերջո, այս գումարները կրկին վճարելու ենք մենք և մեր զավակները:
ԵՎ ԻՀԱՐԿԵ…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: