Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը.
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով: Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն:
Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: