Հարգելի ԴԵՄ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐԻՆ գաղափարի համախոհներ,
Այսօր, Հոկտեմբերի 30, 2013, ՀՀ վարչապետ պրն. Տ.Սարգսյանին է փոխանցվել այն նամակ-բողոքը (Հսկիչ Համար 6776-292A-052D), որի ներքո ստորագրել են 2,698 ՀՀ հարկատու-քաղաքացի 50-ից ավել կազմակերպություններից, և անհատ մարդիկ, որոնք ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ են համարում Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի կիրառումը, ինչպես նաև օրենքի ներկայիս վիճակով գործարկումը:
Նամակ-բողոքում փորձ է արվել վարչապետի ուշադրությունը գրավել այն խնդիրների վրա, որոնց կհանգեցնի սույն օրենքի կիրառումը, ու առաջարկել ենք կառավարությանը կասեցնել օրենքի ուժի մեջ մտնելը 2014թ.-ի հունվարի 1-ից՝ այն ճանաչելով թերի, ժամանակավրեպ և այսօրվա իրականության հետ անհամատեղելի: Նամակով վարչապետին ներկայացվել է բողոք այն մտահոգությունների և ռիսկերի մասին, որ՝
- Օրենքի պարտադիր բաղադրիչը վատթարացնում է այսօրվա աշխատաշուկայում գտնվող հարկատուների առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, շատերին կանգնեցնելով ռիսկային իրավիճակների առջև: Կոչ ենք անում կառավարությանը որոշումներ կայացնելիս հաշվի առնել ոչ միայն մարդկանց թափանցիկ եւ եկամտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձերը, այլև այդ նույն մարդկանց առջեւ ծառացած անզիջում ծախսերը ` վարկեր, օրեցօր թանկացող առաջին անհրաժեշտության ապրանքներ, կոմունալ ծառայություններ, երեխաների ուսման վարձեր, և այլն: Իսկ եթե հաշվի առնեք, որ մեզանից շատերը հանդիսանում են խնամակալ 4-5 հոգու (երեխաներ, ծնողներ) , ապա անգամ կառավարության համար հասկանալի կլինի օրենքի պարտադիր բաղադրիչի բացարձակ անհարիրությունը ներկա պայմաններով: Օրենքը պետք է վերաձևակերպվի այնպես, որ հարկատուները չմնան մեն-մենակ վերոհիշյալ խնդիրների առջև և ստիպված լինեն լքելու իրենց հայրենիքը: Այն պետք է առնվազն չվատթարացնի և ռիսկի ենթարկի աշխատաշուկայում գտնվող քաղաքացիների ՆԵՐԿԱՆ՝ բարեկեցիկ ապրուստ ապահովելու համար ԱՊԱԳԱՅՈՒՄ..
- Ցույց է տրվել, որ տոկոսները, որ գանձվելու են՝ 5% -ից սկսած մինչև լրանա 10%, իսկ պետությունը՝ ոչ ավել, քան 25000 ՀՀ դրամ, նախ՝ շատ բարձր են, և, չգիտես ինչու հաշվի են առնում, որ պետությունը կոնկրետ գումարից ավել չի կարող հատկացում կատարել, իսկ քաղաքացիները ՊԱՐՏԱՎՈՐ են և կարող են, երկրորդ՝ մաքուր աշխատավարձը նվազում է ոչ թե օրենքում նշված չափով, այլ, եթե ընդունենք անվանական նվազագույն աշխատավարձը որպես հիմք, մոտ 60,000 ՀՀ դրամ, ապա պահում կկազմի 6.6% մաքուր աշխատավարձից: Հորդորել ենք վարչապետին նաև աշխատողի դիրքերից նայել իրականությանը, և ընդունել, որ դա շատ բարձր տոկոսադրույք է և անազնիվ հաշվարկման մեխանիզմ:
Օրենքը բազում թերություններ ունի, բայց մի բան, որ անզեն աչքով տեսանելի է, դա այն է, որ եթե չշտկվեն առնվազն վերը ներկայացված դրույթները, ապա արտահոսքը, ստվերային եկամուտները շատ անգամ ավելի կվնասեն մեր երկրին, քան այս նախագծին օրենքի ուժ տվողները և կիրառողները ի զորու են կանխատեսել…
Այսպիսով Կառավարությանը կոչ է արվում հերթական անգամ չխթանել արտագաղթը և չնպաստել ստվերային եկամուտների աճին՝ այս կերպ պատժելով իրենց եկամուտները պետությունից չթաքցրած բարեխիղճ հարկատուներին և նրանց ևս ուղղելով ստվերային դաշտ:
Կո՛չ ենք անում ետ կանչել օրենքը և հետաձգել ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի կիրարությունը այս տեսքով՝ համարելով այն ԱՆՀԱՐԻՐ ներկայիս սոցիալ-տնտեսական իրականության հետ:
2,698 ՀՀ քաղաքացի (և այս թիվը ի դեպ շարունակում է աճել)
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: