Փետրվարի 5-ին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից ստացել է նախկինում հրապարակված բաց նամակի պատասխանը`
«Հարգելի «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ,
Խնդրին առնչվող ձեր նախորդ հարցմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանել է ս.թ. հունվարի 31-ին:
Այժմ կրկին հայտնում ենք, որ բազմաթիվ այլ ձեռնարկությունների նման, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես սպասում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով վերջնական որոշման կայացմանը, որից հետո միայն ընկերությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:
Միևնույն ժամանակ, ընկերությունը հավատարիմ կմնա աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները փոխհատուցելու վերաբերյալ իր նախկինում կայացրած որոշմանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում:
Ավելի մանրամասնելու համար տեղեկացնենք, որ վերը նշված հարցի առնչությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ այժմ որևէ քայլ չի ձեռնարկել, այն է՝ աշխատավարձերի կուտակային վճարների պահումներ չեն իրականացվել, համապատասխան հաշիվներին կուտակային վճարներ չեն փոխանցվել, աշխատավարձի բարձրացում նույնպես տեղի չի ունեցել: Ամեն ինչ կախված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված գործով կայացվելիք որոշումից:»
Նկարի աղբյուր՝ armenianow.com
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: