Մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ, որտեղ տարբեր քաղաքացիներ արտահայտում են իրենց մոտեցումներն ու կարծիքները թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և թե՛ դրա դեմ պայքարի ձևերի և ուղիների վերաբերյալ:

Մենք կարծում ենք, որ դա բնական է, քանզի այս օրենքին դեմ է ողջ հանրությունը` բացառությամբ այն հեղինակած որոշ պաշտոնյաների և վերջիններիս ուղղակի ենթակայության ներքո գործող անձանց:

Յուրաքանչյուր քաղաքացի, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը սատարող յուրաքանչյուր ոք բացարձակապես ազատ է կիսելու իր մտքերը, իր պատկերացումները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և նրա պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ չի կարելի յուրաքանչյուր հոդված կամ այնտեղ հնչած յուրաքանչյուր միտք, արտահայտած որևէ քաղաքացու կողմից, վերագրել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության պաշտոնական դիրքորոշմանը: Դա նախ և առաջ անարդար է տվյալ քաղաքացու հանդեպ, ով արտահայտել է տվյալ միտքը, քանի որ, փաստորեն, նրա մտքերը վերագրվում են «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը, և մյուս կողմից դա իրականության աղճատում է, քանի որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության պաշտոնական հայտարարությունները տարածվում են բացառապես dem.am կայքի միջոցով կամ mamul@dem.am էլ. հասցեից ուղարկված նամակներով:

Հարգելի լրատվամիջոցներ, եթե այս կամ այն հայտարարության սկզբնաղբյուրը dem.am կայքը չէ կամ այն չեք ստացել mamul@dem.am էլ. հասցեից, ապա ձեռնպահ մնացեք Ձեր նյութի վերնագրում կամ տեքստում հղում կատարել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը՝ որպես հայտարարության կամ արտահայտած մտքերի հեղինակ: Փոխարենը, խնդրում ենք, նշեք այն քաղաքացուն, ով, դեմ լինելով այս օրենքին, արտահայտել է իր ազատ ու անկաշկանդ կարծիքը:

Կանխավ շնորհակալություն:

 

«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: