Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝

«2014 թ. հունվարից մոտ 250 հազ. մարդ ստիպված է լինելու իր աշխատավարձից հատկացումներ անել պարտադիր կենսաթոշակային հաշիվներին: 5% պետք է փոխանցի աշխատողը, 5%՝ պետությունը: Եթե հաշվի առնենք ներկայիս միջին աշխատավարձը՝ 150 հազ. դրամ, ապա ամսական կտրվածքով կենսաթոշակային հաշիվներին պետք է փոխանցվի մոտ 3.7 մլրդ դրամ, սակայն եթե հաշվի առնենք հաջորդ տարվա աշխատավարձային բարձրացումները, դա կկազմի ամսական մոտ 5 մլրդ դրամ (ամսական 200 հազ. դրամ միջին աշխատավարձի հաշվարկով): Այսպիսով՝ կենսաթոշակային հաշիվները 2014 թ. կկուտակեն ընդհանուր առմամբ 50-60 մլրդ դրամ, որից 25-30 մլրդ դրամը պետք է հատկացնի պետությունը: Սակայն 2014 թ. բյուջեի նախագծում այդ նպատակով հատկացված է 20 մլրդ դրամ, ինչը հաշվի չի առնում աշխատավարձերի աճը: Հավանաբար՝ տարվա ընթացքում կառավարությունն իր պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացումներ կանի:

Տարեկան 50-60 մլրդ դրամը (մոտ 120-150 մլն դոլար) յուղոտ պատառ է՝ առնվազն քսաներեք տարի կենսաթոշակային հաշիվները պետք է համալրվեն նման գումարներով՝ առանց վճարումներ իրականացնելու: Երբ հասնի վճարումներ իրականացնելու ժամանակը, կենսաթոշակային հաշիվներում կուտակված կլինի արդեն 4-5 մլրդ դոլար (հաշվի առնելով նաև եկամուտները), կամ գուցե ավելի: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ այդ գումարները բավական են կենսաթոշակային բոլոր վճարումները ժամանակին կատարելու համար: Սակայն խնդիրն էլ հենց դա է՝ արդյո՞ք ամեն ինչ բարեհաջող կընթանա: Իսկ այստեղ կասկածները ավելի քան հիմնավոր են:

Կենսաթոշակային համակարգի ներդրմանը մնում է երկու ամիս, ու քաղաքացիները նոյնիսկ չգիտեն, թե ովքեր են լինելու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները՝ դրանց անունները հրապարակված չեն: Այսպիսի մասշտաբային փոփոխությունները ենթադրում են լայն տեղեկատվական արշավ, բայց ՀՀ կենտրոնական բանկը ավելի լավ ոչինչ չգտավ, քան սատանաների ու հրեշտակների կերպարով մուլտֆիլմ նկարահանելուց, որտեղ կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները ներկայացված են սատանայի տեսքով: Ստացվում է՝ Հայաստանում 250 հազ. սատանա կա, թեև հայտնի է՝ սատանան երբեք նյութապես չի տուժում, իսկ այդ 250 հազ. հոգին պետք է համակերպվեն իրենց աշխատավարձերի 5% նվազման հետ:

Իհարկե՝ «հրեշտակները» կամ այս բարեփոխման հեղինակները հսկայական աշխատանք են իրականացրել, ու դա չգնահատել չի կարելի: Սակայն բոլոր այն մտահոգությունները, որ առկա էին այս համակարգի ներդրման սկզբում, ոչ միայն չեն վերացել, այլև ավելի խորացել են: Որպեսզի համակարգը կենսունակ լինի, հարկավոր է ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական կայունություն երկարատև ժամանակահատված, իսկ դա ասօր երաշխավորել ոչ ոք չի կարող: Այդ ֆինանսական կայունությունն էլ վերաբերում է ոչ միայն մեր ներքին շուկաներին, այլև միջազգային շուկաներին. չէ՞ որ հավաքագրված գումարների զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա արժեթղթերում: Բայց մի՞թե ֆինանսական շուկաներն այդքան վստահելի են: Վերջին 1,5 տարում ԱՄՆ-ը երկու անգամ դեֆոլտից հեռու էր կես ժամով, իսկ չէ՞ որ այդ երկրի արժեթղթերն ամենաբարձր վարկանիշերն ունեն: Կամ՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ Հայաստանը առաջիկա երեսուն տարում ֆինանսական անկայունության շրջան չի թևակոխի: Մեզ մոտ նույնիսկ մեկ տարվա կտրվածքով գնաճ չեն կարողանում կանխատեսել, ուր մնաց երեսւն տարվա համար:

Ի դեպ՝ չիլիական փորձի հետ հաճախակի համեմատություններ անողներին հիշեցնենք, որ այդ երկրում հավաքագրված գումարները ներդրվեցին հենց երկրի ներսում ու մեծապես նպաստեցին տնտեսական աճին:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում ներդրումները հստակ ուղղորդվում են դեպի Եվրամիություն կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ): Այսինքն՝ վստահելի են համարվում միայն այս երկրների թողարկած արժեթղթերը: Մաքսային միության երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) որևէ մեկը ՏՀԶԿ անդամ չէ, սակայն անդամներ են Մեքսիկան, Նոր Զելանդիան, Թուրքիան, Իսրայելը: Ստացվում է՝ հայկական ակտիվները կարող են ուղղորդվել Թուրքիա, բայց չեն գնա Ռուսաստան: Սա, իհարկե, աբսուրդ է մի երկրի համար, որը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու մասին: Չմոռանանք՝ եթե Հայաստանն իր ինտեգրումը Մաքսային միության հետ շարունակի մինչև Միասնական տնտեսական տարածքի ձևավորում, ապա ստիպված է լինելու հրաժարվել սեփական արժույթից, ու դրամավարկային քաղաքականության կարգավորման որոշ գործառույթներ լիազորվելու են վերազգային մարմնին: Իսկ այդ վերազգային մարմինը հազիվ թե ընդունելի համարի հայկական ակտիվների հոսքը դեպի այլ շուկաներ: Մեզ, ամենայն հավանականությամբ, կստիպեն «ճանաչել» ռուսական, ղազախական ու բելառուսական արժեթղթերը, ու մենք կկրենք նաև բոլոր այն ռիսկերը, որ առկա են այդ շուկաերում:

Եթե անկեղծ՝ ռիսկերի ու կասկածների թեման կարելի է երկար շարունակել; Մեզ դեռ շատ անակնկալներ են սպաասվում:

Սամվել Ավագյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի»

Աղբյուր` http://civilnet.am/armenian-pension-reforms-samvel-avagyan

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: