Ինչպես հայտնում է azatutyun.am կայքը՝

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) երկու հայտ է ստացել:

Այսօր հրապարակվել է, որ դրանցից առաջինը «Ամունդի»-ի հայտն է՝ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ միասին, մյուսը՝ ավստրիա-գերմանական «Ց-քվադրատ» և «Տալանքս» ընկերություններինը:

Փաստորեն 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների ընտրությունը ընդամենը երկու կառավարիչների միջև է լինելու: Իսկ նրանց փոխարեն, ովքեր ընտրությունը չեն կատարի սահմանված ժամանակահատվածում՝ մինչև հաջորդ տարվա հունվարի կեսը, այդ որոշումը կկայանցնի պետությունը:

Այս ու այլ մանրամասներ «Ազատության»-ը հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը․ – «Յուրաքանչյուր ընկերություն 3 տիպի ֆոնդեր է առաջակելու, որոնք միմյանցից տարբերվելու են իրենց ռիսկայնությամբ: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից, ելնելով ռիսկայնության իր «ախորժակից», պետք է համապատասխան ընտրություն կատարի ֆոնդերի միջև»:

Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս նշել են, որ համակարգի արդյունավետությունը կախված է ֆոնդերի կառավարիչների աշխատանքից: Ինչպես պետք է, ասենք, միջնակարգ կրթությամբ գյուղաբնակ քաղաքացին հասկանա, թե որն է ռիսկային ֆոնդը, որը՝ ոչ: ԿԲ-ից վստահեցնում են, որ դրանք հեղինակավոր կառույցներ են, բայց այս պահին դրանց մասին տեղեկություն հնարավոր է ձեռք բերել միայն համացնացում, որն էլ վստահաբար հասու չէ բոլորին:

Ինչ վերաբերում է ռիսկերին ու երաշխիքներին, ապա, ըստ Աբրահամյանի, ցանկացած տնտեսական գործունեություն իր մեջ ռիսկ է պարունակում, ուստի իրենք մշակել են դրանք նվազեցնելու մեխանիզմներ․ սահմանված են լինելու հուսալի աղբյուրները, սահմանափակվելու է ոչ բարի համբավ ունեցող ընկերությունների մուտքը Հայաստանյան շուկա:

«Կենսաթոշակային ֆոնդը հանդիսանում է մասնակցի սեփականությունը, այլ ոչ թե ակտիվների կառավարչի: Եվ տեսականորեն, եթե նույնիսկ դեպք լինի, որ, օրինակ, ակտիվների կառավարիչը սնանկանա, դա չի նշանակում, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցները փոշիանալու են: Եթե այդ ընկերություններից մեկը ուզենա դուրս գալ այդ բիզնեսից կամ սնանկանա, պարզապես այդ միջոցները փոխանցվելու են այլ ակտիվների կառավարչի, և այդ ակտիվների կառավարիչը, պահպանելով մասնակցի սեփականությունը, շարունակելու է կառավարել»:

Նրա վստահեցմամբ՝ նույնիսկ ամենառիսկային ֆոնդն ընտրելու ու դրա սնանկացման դեպքում պետությունը երաշխավորելու է քաղաքացու կատարած վճարումների վերադարձը:»

Աղբյուր` http://www.azatutyun.am/content/article/25159804.html

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: