Ինչպես հայտնում է armtimes.com կայքը՝

«Որքան մոտենում է կենսաթոշակային նոր համակարգի ներդրման սկզբնաժամկետը, այնքան մեծանում է հանրության դիմադրությունը դրա նկատմամբ:

2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է, այսպես կոչված, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը: Այն ենթադրում է, որ 40 տարին չլրացած բոլոր աշխատավարձ ստացող հայաստանցիները իրենց աշխատավարձից պարտադիր կերպով պետք է վճարում կատարեն կուտակային հիմնադրամներից որեւէ մեկին, որպեսզի այդ գումարը ետ ստանան թոշակի անցնելուց հետո: Այս համակարգին դեմ դուրս եկածների ավանգարդում մի խավ է, որին հնարավոր չէ որակել որպես անգրագետ կամ կիսագրագետ: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների մասին է: Վերջիններս ակտիվ պայքարի մեջ են: Նրանք հիմնավորում են նոր համակարգի ներդրման բացասական հետեւանքները` հանդես գալով բաց նամակներով ու հայտարարություններով, եւ նրանց շարքերն օրեցօր աճում են: Եթե ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ այդպիսի հայտարարությունների տակ ստորագրում էր 7 տասնյակ մարդ, ապա երեկ ՀՀ վարչապետին` նոր համակարգը քննադատող բաց նամակի տակ ստորագրել է 46 կազմակերպություն` արդեն տարբեր ոլորտներից: Սա լուրջ հակազդեցություն է եւ կարող է փոխել իրավիճակը:

Ինչպե՞ս են հիմնավորում այս կազմակերպությունները նոր համակարգի բացասական ազդեցությունը կոնկրետ այդ ոլորտի վրա: Խնդիրն այն է, որ նոր համակարգի ներդրումից հետո 40 տարեկանից երիտասարդ բոլոր աշխատողների աշխատավարձերը գործնականում նվազելու են առնվազն 5 տոկոսով: Եւ սա ոչ թե առձեռն ստացվող` «մաքուր» աշխատավարձից, այլ անվանականից` «կեղտոտից»: Ու ստացվում է, որ իրենց կյանքն արդեն պլանավորած մարդկանց մոտ տեղի է ունենում կտրուկ փոփոխություն դեպի վատը: Ասվածը հիմնավորելու համար բերենք կոնկրետ հաշվարկ: ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձը բավականին բարձր է: Վերցնենք մի ծրագրավորողի, օրինակ, ով ստանում է ամսական 700 հազար դրամ անվանական աշխատավարձ: 700 հազար դրամ անվանական` «կեղտոտ աշխատավարձ» ստացողը առձեռն ստանում է մոտ 550 հազար դրամ: Քանի որ այդ ոլորտը համարվում է կայուն, ուստի աշխատողները չեն խորշում վարկեր վերցնել ու, ասենք, բնակարան ձեռք բերել: Ամսական նրանք վարկը սպասարկելու համար կվճարեն մի 250-300 հազար դրամ: Ստացվում է, որ նրանք իրենց ընտանիքի կենցաղային հոգսերը հոգալու համար կունենան ընդամենը 200-250 հազար: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումից հետո նրանք պետք է իրենց անվանական աշխատավարձի առնվազն 5 տոկոսը վճարեն հիմնադրամին: 700 հազար դրամի 5 տոկոսը կազմում է 35 հազար: Եւ ահա` ամսական 200-250 հազար դրամ ունեցող ծրագրավորողը դրանից հետո կունենա 165-ից 215 հազար դրամ: Իրականում նրանց փողն ավելի կպակասի: Նոր համակարգը ենթադրում է, որ կուտակային հիմնադրամին վճարվող գումարը պետք է լինի աշխատավարձի 10 տոկոսից ոչ պակաս: Դրանից 5 տոկոսը տալիս է աշխատողն իր աշխատավարձից, 5 տոկոսը` պետությունը: Բայց պետությունը տալիս է ոչ ավելի քան 25 հազար դրամ: Վերը նշված օրինակով, 700 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացող ծրագրավորողի հաշվին պետք է կուտակվի ամսական 70 հազար դրամ: Դրա 25 հազարը տալիս է պետությունը, իսկ մնացած 45 հազարը պետք է վճարի ծրագրավորողը: Դա էլ նշանակում է, որ նրա ունեցած ամսական գումարը կլինի ոչ թե 165-215 հազար դրամ, այլ ավելի պակաս` 155- 205 հազար: Եւ ուրեմն կենսաթոշակային նոր համակարգի ներդրման արդյունքում նշված ծրագրավորողին մնացող ամսական գումարն այսօրվա ցուցանիշից պակաս կլինի մոտ 45 հազար դրամով կամ մոտ 22 տոկոսով: Դա նույնն է, որ մարդու աշխատավարձը նվազի 22 տոկոսով: Ակնհայտ է, որ նշված կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը, մեղմ ասած, հիմնավոր է: Վերջիններս բացի իրենց դժգոհությունը արտահայտելուց, վարչապետին ուղղած բաց նամակով նաեւ կոնկրետ առաջարկներ են ներկայացնում: Առաջարկում են համակարգը դարձնել ոչ թե պարտադիր այլ կամավոր: Կամ կուտակային համակարգը ներդնել միայն նրանց համար, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից հետո կդառնան 18 տարեկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանին օրերս հարց էինք ուղղել` հնարավո՞ր է, որ կառավարությունը հետաձգի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Նախարարը վստահեցրեց, որ դա տեղի չի ունենա: Եւ ուրեմն, համակարգը ներդրվելու է, ինչի բացասական հետեւանքները ՏՏ ոլորտի աշխատողների համար պարզապես ակնհայտ են: Ինչի՞ կարող է դա հանգեցնել: Խնդիրն այն է, որ նշված ոլորտի մեր մասնագետները մրցունակ են ամբողջ աշխարհում: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատանք գտնել ամենազարգացած երկրներում եւ հեռանալ այստեղից: Խոսքը մի քանի հազար երիտասարդ ու գրագետ քաղաքացիների մասին է, որոնց մենք կսկսենք ավելի մեծ տեմպով կորցնել:»

Աղբյուր` http://www.armtimes.com/45662

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: