Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերին կոչ անելով համախմբել ջանքերն ու պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը չեղյալ հայտարարելուն հասնելու համար:

««Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերին: Օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիանան նախաձեռնությունը ձևավորվել է 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Օրենքը ոչ միայն չի համապատասխանում ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական իրականությանը, այլև ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և կրկին քաղաքացու շահերը ստորադասել ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում առնվազն 5-ից 9-ը տոկոսով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում:

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորոելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը:

Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին: Փաստաբան Հայկ Գրիգորյանը դիմում-նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` կոչ անելով նրան վիճարկելու Օրենքի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում : ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով, կամ սահմանադրական դատարան դիմելու համար:

Սույն նախաձեռնությանը միացած շուրջ 7000 քաղաքացիները վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների ու երթերի միջոցներով:

Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին:

Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան խմբի միջոցով միավորել է խնդրով մտահոգ շուրջ 7000 ակտիվ քաղաքացիների: Նախաձեռնության Ֆեյսբուքյան էջն է` https://www.facebook.com/groups/659878787373449/

Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին միանալ պայքարին»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:»

Աղբյուր` http://newsbook.am/?p=19647

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: