Երեկ մասնակցեցի Երկիր Մեդիայի «Բարձրաձայն» հաղորդման նկարահանմանը: Ասեմ, որ շատ լավ էին կազմակերպել: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Հաղորդմանը չէր ներկայացել , այսպես ասած, մեղադրվող կողմը, բայց միևնույն է քննարկումը անցավ բավականին արդյունավետ: Նոր կարծիքներ ի հայտ եկան, նոր թերություներ բացահայտվեցին օրենքի վերաբերյալ, որոնք մինչ այժմ չէին հնչել: Բայց դրանց վրա հիմա չեմ կենտրոնանալու: Դրանք հեռարձակման ժամանակ կտեսնեք՝ շաբաթ օրը ժամը 21:20-ին:

Մի այլ շատ կարևոր հարց կար, որի մասին չխոսվեց, բայց որը անպայման պիտի հաշվի առնել այս համակարգը ներդնելուց առաջ: Նկարահանումից դուրս գալուց հետո ծանոթացա մեկի հետ, ով հետաքրքրվում էր ֆեյսբուքյան խմբով` ինչպես կարող է միանալ և այլն: Պարզվեց, որ նա գործարար է, ունի իր բիզնեսը և դեմ է օրենքին: Շատ խնդիրներ ներկայացրեց, բայց ամենակարևորը հետևյալն էր` որպեսզի իր աշխատողները չտուժեն, նա ստիպված պիտի բարձրացնի աշխատավարձերը, այսինքն` լրացնի այդ գանձումների բացը: Արդյունքում իր արտադրանքը պիտի թանկացնի ու քանի որ նա գործ ունի դրսի շուկայի հետ, ապա թանկացման պատճառով կկորցնի իր պատվիրատուներին և կդառնա անմրցունակ: Այսինքն բիզնեսի անկում է արձանագրվելու: Ստացվում է, որ այս օրենքը խնդիրներ է առաջացնում գործատուի և աշխատողի միջև: Եթե գործատուն աշխատավարձը չբարձրացնի, աշխատանքի որակի անկում կգրանցի, բարձրացնելու դեպքում էլ` միջազգային շուկայում կդառնա անմրցունակ:

Նաև մի քանի օր առաջ այս թեմայով զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ: Բերեմ երկու վառ օրինակ: Մի վարսավիր և մի բուժծառայող, իմանալով, թե ինչ է սպասվում (նրանք տեղյակ էլ չէին նոր օրենքից), միանգամից այսպիսի մի միտք արտահայտեցին՝ մենք ստիպված ենք լինելու մեր ծառայությունների գները բարձրացնել… Ստացվում է, որ այս օրենքը բիզնեսի անկում է արձանագրելու ոչ միայն դրսի շուկայի հետ գործ ունեցողների համար, այլև նպաստելու է ներսում ևս մի գնաճի:

Ու այս ամենը` սպասվելիք ամանորյա թանկացումների, արդեն իսկ թանկացած էլեկտրոէներգիայի և գազի ձմեռային ծանր մուծումների ֆոնին:

Հեղինակ՝ Տիգրան Մարտիրոսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: