Ինչպես հայտնում է parliamentmonitoring.am կայքը՝
«Եթե Դուք ծնվել եք 1974 թ-ին կամ դրանից հետո եւ աշխատում եք, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից եք: 2014 թվականի հունվարի 1-ից Դուք պարտավոր եք Ձեր ամսական եկամտի՝ աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել կենսաթոշակային ֆոնդին, որը կուտակելու և կառավարելու է խնայված միջոցները մինչև Ձեր 63 տարին լրանալը:
Նոյեմբերի 6-ին Կենտրոնական բանկը պաշտոնապես տեղեկացրեց, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկին են դիմել ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ միասին և ավստրոգերմանական «Ցե Կվադրատ» ներդրումային ընկերությունը «Տալանքս» խմբի անդամ՝ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սահմանվում է Ազգային ժողովի կողմից 2010-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, ըստ որի 2011-ից գործում է կուտակային համակարգի կամավոր բաղադրիչը, իսկ 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է պարտադիր բաղադրիչի ներդրումը:
Օրենքի կիրարկման նախաշեմին հասարակական դժգոհության ալիք է բարձրացել: «Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» անվանումով խումբ է ստեղծվել, որի անդամները 2000-ից ավելի ստորագրություն են հավաքել՝ ընդդեմ համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման: Խմբի անդամները դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքի որոշ դրույթների սահամանադրականությունը վիճարկելու պահանջով: Կա նաև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և օրենքում փոփոխություններ կատարելու պահանջ: Խմբի անդամները համոզված են, որ համակարգի պարտադրումը սահմանափակում է անհատի՝ իր իսկ ֆինանսական միջոցների տնօրինման ազատությունը:
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը զարմանում է՝ ինչո՞ւ են հատկապես երիտասարդները բողոքում. չէ՞ որ ապահովվում է հենց նրանց բարեկեցիկ ծերությունը: «Նրանց աշխատավարձը ցածր չի լինի, կլինի նույնը, ուղղակի նրանք աշխատավարձի 5 տոկոսը կկուտակեն իրենց վաղվա օրվա համար: Մենք էդ ռեֆորմն անում ենք հենց իրանց համար», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ բյուջետային աշխատողներին ու կենսաթոշակառուներին քիչ է վճարվում, փոխարենը շուրջ 20 մլրդ դրամ ուղղվում է կենսաթոշակային համակարգին: «Կարող էինք աշխատավարձ բարձրացնել կամ կենսաթոշակ, բայց այդ փողը տալիս ենք 1974-ից հետո ծնված երիտասարդներին, որ իրենց ապագան պայծառ լինի, քան մերն է սպասվում, ու իրենք բողոքո՞ւմ են», -նկատեց պատգամավորը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը վստահ է՝ ընդունված օրենքը հակասահմանադրական չի կարող լինել, իսկ դրա մասին պնդումները «հիպոթետիկ տրամաբանության արդյունք են»: «Ոչ մի խախտում չկա: 3 տարի շարունակ մենք այդ հարցերը քննարկում ենք և Սահմանադրական դատարանի, և իրավաբանների, և միջազգային իրավունքի մասնագետների հետ: Այդ մարդկանցից ոչ մեկ խախտում չտեսավ, հենց իրենք տեսա՞ն այդ խախտումը», -զարմացավ Հակոբ Հակոբյանը:
Պարտադիր կենսաթոշակային համակարգը կոռուպցիոն ռիսկերի առջև, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, չի կանգնի, քանի որ դուրս է մնալու պետական լծակների ազդեցությունից: «Սա է մեր երաշխիքը», -նշեց Հակոբյանը:
Համակարգը քաղաքացիներին պարտադրելուն դեմ է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Եթե այդ սկզբունքով է կիրառվում, ապա պետք է մեղմացնումներ լինեին, ասենք՝ 5 տոկոսի փոխարեն, աշխատավարձի 3 տոկոսը պահվեր և բացի այդ՝ տարիքային շեմն իջեցնել ու այն տարածել ոչ թե 74 թվականից, այլ ասենք՝ 84, 90 թվականներից հետո ծնված մարդկանց վրա: Մի խոսքով, պարտադիրին դեմ ենք, կամավորին՝ կողմ», -մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ պատգամավորը:
Բարեփոխման գաղափարն ընդհանուր առմամբ, Մելքումյանի խոսքով, ընդունելի է, բայց խնդրահարույց՝ այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Պատգամավորն իրատեսական չի համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջի իրագործումը: «Ես դեմ չեմ, եկեք քննարկենք, բայց քաղաքական ուժերը պետք է իրենք էլ շահագրգռված լինեն, իսկ միայն մեր, այսինքն` այդ օրենքին դեմ ձայները բավական չեն արտահերթ նիստ հրավիրելու համար: Մենք ներկայացնում ենք օրինագծեր, դրանք մտնում են լիագումար նիստի օրակարգ, բայց մերժվում են: Նույնն էլ դա է լինելու, ինչ տարբերություն», -ասաց պատգամավորը` նկատելով, որ այս փուլում ընդամենը կարելի է քննարկել, թե բարեփոխումներն ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող են ունենալ:
Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՝ հարակից մի քանի տասնյակ օրինագծերում առաջարկվող փոփոխություններով, ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել ՀՀԿ-ն , ՕԵԿ-ն ու այդ շրջանում դեռևս կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը: Օրենքի փոփոխությունների փաթեթը, որով լրամշակվում է 2010թ-ին ընդունվածը և հստակեցվում են այն մեխանիզմները, որոնցով 2014թ-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ընդունվել է 2012-ի նոյեմբերին՝ ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունների ՝ նիստին ներկա պատգամավորները դեմ են քվեարկել:»
Աղբյուր` http://www.parliamentmonitoring.am/news/183.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: