Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝
«Վերջին շրջանում մամուլում մի շարք հրապարակումներ եղան արդեն 2014թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման եւ դրա կապակցությամբ վարձու աշխատող հանդիսացող որոշակի խմբերի դժգոհության հետ:
Դժգոհում են հատկապես ՏՏ ոլորտում զբաղված աշխատողները: Դժգոհողներն հատկապես ակտիվ են սոցիալական ցանցերում, որտեղ բուռն քննարկվում են դժգոհության արտահայտման ձևերը` թռուցիկների և բուկլետների արտաքին տեսքից սկսած մինչև օրենքի դրական և բացասական կողմերի, օրենսդրական բացերի բացահայտումն ու վարչապետին կամ այլ պաշտոնատար անձանց բողոք-նամակ-առաջարկությունների ուղղումը:
Փաստորեն, այս դեպքում ևս աշխատեց “հայի խելքի” և դրա “գալստյան” ժամկետների մասին հին ժողովրդական խոսքը:
Մի կողմ թողնելով հարցը, թե ինչու է միայն հիմա ՀՀ-ում աշխատողների մոտ առաջանում այս բողոքը, այն դեպքում, երբ խնդրո առարկա օրենքն ընդունվել է ԱԺ-ում և ստորագրվել նախագահի կողմից դեռևս մի քանի տարի առաջ, քննարկենք, թե արդյոք տեղին է աշխատողների դժգոհությունը և արդյոք արդյունավետ է այն, համենայն դեպս ներկայիս տեսքով:
Բանն այն է, որ օրենքից դժգոհելու առիթ իսկապես կա: Այս, և եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքներով կառավարությունը կարելի է ասել մեկ հարվածով երկու նապաստակ է խփում:
Նախ առաջին փուլով վերացվեց նախկինում գործատուների և աշխատողների կողմից կատարվող սոցիալական վճարը և դա ներկայացվեց որպես բարեփոխում` միաժամանակ պարտադրելով գործատուներին վերահաշվարկել աշխատողների աշխատավարձերն այնպես, որ վերջիններս շարունակեն ստանալ նախկինում որպես աշխատավարձ ստացվող առձեռն գումարները, ինչպես նաև ապահովելով հարկային բեռի` նույնն է թե բյուջեի մուտքերի որոշակի թեկուզ և ոչ մեծ ավելացում: Հիշեցնենք, որ կառավարության սահմանած կարգի համաձայն, գործատուները ստիպված էին մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դրամ իրենց կողմից ավելացնել աշխատակիցների հաշվարկային աշխատավարձերին, որպեսզի կարողանան ապահովել կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն 2013 թ. համար հաշվարկվող աշխատավարձերը:
Իսկապես հրաշալի լուծում էր գտնվել: Գործատուներն առանձնակի չդժգոհեցին, քանի որ յուրաքանչյուր աշխատողի մասով հարկային բեռն ավելանում էր շատ փոքր չափով, չդժգոհեցին նաև աշխատողները, քանի որ կառավարությունն ըստ էության անտեսելով «ուղղակի հարկ» կոչվող հասկացությունը (թեպետ այն խախտված կարելի է համարել վաղուց), իր որոշմամբ հարկային բեռը դրեց գործատուների վրա` պարտադրելով ավելացնել աշխատավարձերը, որպեսզի աշխատողը չտուժի: Միաժամանակ ապահովվեցին հարկային ավելի մեծ մուտքեր, որոնք թեկուզ և ամեն աշխատողի մասով շատ փոքր էին, բայց կարելի է հաշվել, թե ինչ ընդհանուր լրացուցիչ գումար է ստացվում ՀՀ ում զբաղված աշխատողների թվաքանակը ամսական մի քանի հարյուր կամ մեկ երկու հազար դրամով բազմապատկելով:
Մյուս կողմից, հնարավոր եղավ խուսափել ժամանակից շուտ դժգոհությունից: Այստեղ թերևս դեր են խաղացել նաև քաղաքացիների հոգեբանության վերաբերյալ գիտելիքները: Թերևս հաշվի է առնվել, որ հայաստանցի միջին վիճակագրական աշխատողը չի ընկալում եկամտային հարկը կամ սոցիալական վճարները որպես իր կողմից իր հաշվին բյուջե վճարվող գումար և իրեն որպես հարկատու ընդհանրապես, մյուս կողմից՝ միջին վիճակագրական հայաստանցին չի դժգոհի, մինչև որևէ խնդիր չհասնի անձնապես իրեն: Հայաստանցի աշխատողների մեծ մասին թերևս բացարձակապես չի հուզում, թե ինչ վիճակում են հայտնվում գործատուներն անձնապես իր կողմից վճարվելիք հարկերի ավելացման արդյունքում: Իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին օրենքի ընդունման, դրա ուժի մեջ մտնելու ժամկետների, ինչպես նաև եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետների համար ընտրված միջակայքերը կարող են պայմանավորված լինել նաև դրանց յուրաքանչյուրի մասով նախապատրաստական որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ, սակայն թերևս աներկբա է, որ այստեղ իր ուրույն տեղն ունի նաև աշխատողների ու գործատուների զգոնությունը բթացնելու, դժգոհությունը թուլացնելու կամ հետաձգելու միտումը:
Այժմ առկա է մի իրավիճակ, երբ աշխատողների մի մասը, ում գործատուները հիմնականում արտասահմանյան կազմակերպություններ են կամ առնվազն համագործակցում են արտասահմանյան կազմակերպությունների հետ (մասնավորապես ՏՏ ոլորտի աշխատողները) և չեն պատրաստվում իրենց վրա վերցնել իրենց աշխատողների “ապահով ծերության” հոգսը, կտրուկ սկսել են դժգոհել: Աշխատողների մյուս մասը, ովքեր աշխատում են այսպես կոչված “ավանդական “ հայկական բիզնեսներում, կարծես թե դժգոհություններ չունեն` նրանք տարիներով սովորել են կամ ավելի ճիշտ չեն էլ զգացել իրենց հարկային բեռն այն պարզ պատճառով, որ գործատուները նրանց վճարել են որոշակի առձեռն աշխատավարձ և իրենց վրա վերցրել հարկային ծախսերը:
Ընդդեմ պարտադիր 5-10 %-ի դեմ բողոքող քաղաքացիների դժգոհությունն իհարկե տեղին է, սակայն փոքր ինչ անհասկանալի է նրանց մոտեցումն իրավիճակին: Մի կողմից, վերջիններս չեն ցանկանում կատարել և դեմ են այդ վճարներին, մյուս կողմից քննարկում են տարբերակներ, ուղարկում են նամակներ, որտեղ կատարում են որոշակի կոմպրոմիսային առաջարկներ: Մասնավորապես առաջարկում են պարտադիր տարիքային շեմը 1974թ.-ից հետո ծնվածներից բարձրացնել և սահմանել 1996թ.-ից հետո ծնվածների համար և այլն:
Ստացվում է մի իրավիճակ, որ հանրության կարելի է ասել բանիմաց, աշխատող մի զանգված, որն ըստ էության պետք է դրսեւորի առավել հասուն վարքագիծ, փորձում է խորանալ, եթե չասենք մասնագիտանալ կուտակային կենսաթոշակային համակարգի թերությունների կամ առավելությունների մեջ, ուսումնասիրում է միջազգային փորձը, քննարկում օրենքի կոնկրետ թերությունները մասնագիտական տեսանկյունից:
Այս ամենից զատ, նրանք փաստորեն գտնում են, որ իրենց հարցը լուծել են կամ կլուծեն, և սկսում որոշել արդեն 1996թ. –ից հետո ծնված քաղաքացիների փոխարեն: Որոշում են, որ ճիշտը իրենց կողմից պարտադիր 5-10 % վճարը չվճարելն է, իսկ այ 1996թ.-ից հետո ծնված ապագա աշխատողները ոչինչ:
Ստեղծված իրավիճակը ակնառու օրինակ է, որ մեր հանրության նույնիսկ բավական զարգացած և սոցիալականացված հատվածը կամ նրա մի զգալի մասը դեռևս խնդիր ունի հասունանալու: Պատճառը պարզ է` որևէ երկրում աշխատավորներն ունեն բողոքի օրինական և պատմականորեն հաստատված արդյունավետ միջոց, որպիսին գործադուլն է: Որևէ տեղ, որտեղ տեղի են ունենում աշխատավորական կոլեկտիվների` կոնկրետ խնդրի` աշխատավարձի հետ կապված դժգոհություններ, աշխատողները չեն փորձում խորանալ տարատեսակ պատճառների ու հիմնավորումների մեջ: Նրանք հայտնում են, որ դժգոհ են, ինչից են դժգոհ, ինչի համար և կատարում են որոշակի գործողություններ:
Փոքր ինչ դժվար է պատկերացնել, որ օրինակ Հունաստանում ստեղծված բարդ բյուջետաին վիճակի հետևանքով, երբ կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատությունների և եվրոպական կառույցների պահանջով գնում էր աշխատավարձերի և այլ սոցիալական ծրագրերի կրճատման, բողոքող քաղաքացիները քննարկում էին, թե արդյոք ինչ տեսքով է ճիշտ պետության կողմից ֆինանսական աջակցության ստացումը կամ այդ պահանջների այլ մանրամասներ:
Հ.Գ. Չքննարկելով, թե լավ բան է արդյոք անհատական կուտակային կենսաթոշակային համակարգը, թե ոչ, այնուամենայննիվ պետք է նշել որ այս պարագայում փոքր ինչ տարրօրինակ է ՀՀ Կառավարության դիրքորոշումը: Ներդրվող համակարգի ճիշտ աշխատանքի դեպքում այն թերևս կարող է իսկապես լավը լինել: Սակայն լավ բանը չարժե պարտադրել: Ինչու չէր կարելի կատարել այս անցումը կամավորության սկզբունքով, ինչպես աշխարհի շատ երկրներում, ինչու չէր կարելի և շարունակում է անկարելի լինել համակարգի աշխատանքով և սեփական փորձով (անձնապես, ծանոթ բարեկամներով, պետական սեկտորի աշխատողներով) ապացուցել մարդկանց, թե ինչքան լավ և ապահով է այսօր կուտակել և վաղը հետ ստանալով ունենալ ապահով ծերություն:»
Աղբյուր` http://www.lragir.am/index/arm/0/society/view/90619
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: