Փորձել ենք վերլուծել կառավարության՝ վերջին մի քանի տարիներին իրականացված քաղաքականությունը.
1-ին քայլ – մինչև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունումը հարկատուները վճարում էին սոց. վճար, որից գոյանում էին պետական միջոցներ, որից էլ հետագայում վճարվում էր կենսաթոշակ (փուլ 1):
2-րդ քայլ – կառավարությունը միավորեց եկամտահարկը և սոց. վճարը մեկ միասնական եկամտային հարկում՝ հիմնավորելով, թե նպատակ ունի նվազեցնել վարչարարությունը գործատուների համար, բայց գումարային առումով եկամտահարկի և սոց. վճարի չափը չնվազեց, այլ ավելացավ: Այսինքն` փոփոխությունները որևէ դրական ազդեցություն չունեցան քաղաքացու համար (փուլ 2), բայց արդյունքում ավելացավ հարկային բեռը:
3-րդ քայլ – դրանից հետո հաջորդ քայլն էր Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունումը (փուլ 3), որով արհեստականորեն ստեղծվեց եռաստիճան թոշակային համակարգ՝ հետևյալ բաղադրիչներով.
- առաջին բաղադրիչ – նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ, այսինքն` պետության կողմից վճարվող մաս: Սա ըստ էության թոշակի այն մասն է, որը գոյություն ուներ մինչև փուլ 1-ի ավարտը, այսպես ասած` հին կենսաթոշակը: Այսպիսով` ներկայումս, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի գործողության արդյունքում 2014թ հունվարի 1-ից մենք վճարելու ենք և՛ սոց. վճար՝ որպես եկամտային հարկի մաս, և՛ դրա արդյունքում պետությունը վճարելու է կենսաթոշակ, այսինքն` պետք է, որ բավարար ֆինանսական միջոցներ լինեն բավարար նվազագույն թոշակ վճարելու համար, որը պետության պարտականությունն է:
- երկրորդ բաղադրիչ – պարտադիր մաս, որը քաղաքացու և պետության կողմից վճարվող պարտադիր գումարն է, որի դեմ մենք պայքարում ենք: Այսպիսի կարգավորման գործարկման օրինակ դեռ չի եղել ոչ մի զարգացած երկրում, եղել են ընդամենը փորձեր, որոնք արագ ձախողվել են, քանի որ հարկադրաբար անձանցից գանձել գումար սեփական թոշակի համար որևէ զարգացած հասարակություն չի ընդունի, իսկ կիրառվող մեխանիզմներն էլ թափանցիկ չեն, ինչը մեծ չարաշահումների առիթ և պատճառ կհանդիսանա:
- երրորդ բաղադրիչ – կամավոր: 100 տոկոս կամավորությամբ անձը կատարում է վճարում իր ապագա թոշակի համար, որը, գումարվելով պետական պարտադիր նվազագույն թոշակին, կարող է ճիշտ և կիրառելի լուծում լինել ցանկացած հասարակության համար: Ըստ էության, բոլոր զարգացած երկրներում կա 2 բաղադրիչ՝ առաջին բաղադրիչ՝ պետական կամ նվազագույն կենսաթոշակ և երկրորդ բաղադրիչը՝ կամավոր, երբ անձի վճարած մեկ դրամի դիմաց պետությունը կամ գործատուն վճարում է մեկ դրամ, այսինքն 50/50 աշխատող տարբերակով, այսպես կոչված “matching”, ինչը բացարձակ կամավոր է:
ՀՀ կառավարությունը կրկնօրինակել է այս երկաստիճան մոդելը՝ ասելով, թե լավագույն փորձն է վերցնում տարբեր երկրներից, բայց 2 բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ու արհեստականորեն ստեղծել է երկրորդ բաղադրիչը՝ պարտադիրը՝ 50/50 մասնակցությամբ: Ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճար որպես հարկատեսակ (social security) (սա մեզ մոտ եկամտային միասնական հարկի սոց. վճարն է) և կամավոր “matching”, իսկ մեզ մոտ կա նաև միջանկյան պարտադիր “matching”, ինչը մեղմ ասած, անհասկանալի է: Եթե սա ընդունենք որպես իրականություն, ապա ստացվում է` մենք վճարում ենք և՛ սոց վճար, և ՛պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որը կրկնակի հարկում է:
Այսպիսով՝ 2-3 տարվա ընթացքում, այս եռափուլ, այսպես կոչված, «բարեփոխումների» արդյունքում կառավարությունը հետևողականորեն իրականացրել է ժողովրդի հարկային բեռը ավելացնելու քաղաքականություն:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: