Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝
«Հայաստանի իշխանությունները շարունակում են հարվածել միջին խավի ներկայացուցիչներին` դրանով իսկ նպաստելով Հայաստանից առանց այդ էլ աճող տեմպերով արտագաղթին:
Նախ հարվածեցին ատամնաբույժներին եւ հաշվապահներին: Թոշակային բարեփոխումների անվան ներքո այժմ էլ հսկայական գումարներ են կորզելու ծրագրավորողներից, ովքեր վարկերը չփակելու եւ ապրելու գումար չունենալու արդյունքում հնարավոր է, որ նոր արտագաղթի հոսք ապահովեն Հայաստանից:
Նշենք, որ տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության մեջ 2008-ից գերակա ուղղություն է համարվում պաշտոնապես: Մասնավորապես ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ մոտ 9354 մասնագետներով, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2008-2012 թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8 % միջին տարեկան աճ: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի արդեն 2014 թվականին, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործի:
Նոր օրենքով շատ ավելի մեծ գումարներ են գանձվելու աշխատողներից: Նախկինում պաշտոնապես հայտարարում էին, որ պետությունը տալիս է առավելագույնը 25.000 դրամ: Այսինքն` եթե քաղաքացու աշխատավարձի 5 տոկոսը գերազանցում է 25.000 դրամը, ապա 10 տոկոս կուտակում ապահովելու համար պակասող մասը նույնպես ավելացնում է քաղաքացին, բայց չէին նշում այլ կարեւոր կետեր եւս:
«Մեր կենտրոնական բանկը սկզբանական ժամանակներում չէր էլ նշում 500,000 դրամ շեմի մասին: Ասում էին ուղղակի 5 % աշխատողն է դնում, եւ 5 %-ն էլ պետությունը` այդկերպ թյուրիմացության մեջ դնելով ժողովրդին: Բայց իրականում ստացվելու է հետեւյալ պատկերը: Օրինակ, եթե մարդը ստանում է 1,000,000 շահույթ, նա փաստորեն հարկվելուց հետո կստանա 750,000 դրամ, ու եթե նա վարկ է վերցրել ու ամսական 550,000 դրամ է վճարում, ստացվում է, որ ապրելու համար նրան գրեթե գումար չի մնում: Արդյունքում ՏՏ ոլորտը կդառնա ավելի թանկ եւ միգուցե այլ ներդրումներ արդեն չգան Հայաստան: Բանկերը վերահաշվարկ կիրականացնեն եւ կպահանջեն ինչ-որ գումար պահել, քանի որ ամսական մուծումները կգերազանցեն արդեն նախկին աշխատավարձի 75 տոկոսը: Արդյունքում մարդիկ տներ կկորցնեն»,- համոզված է Mentor Graphics ընկերության աշխատակից Լեւոն Հարությունյանը:
Նա ասում է, որ այս բնագավառի աշխատողների 70 տոկոսը վերցրել են հիպոթեկային վարկեր:
Մանե Թանդիլյանը ծրագրավորող չէ, հաշվապահ է, բայց կարծում է, որ այս օրենքը հարվածելու է բոլոր ազնիվ աշխատողներին:
«Ես ինքս ունեմ վարկեր, ունեմ երկու որդի եւ թոշակառու ծնողներ, եւ նման լրացուցիչ բեռը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ինձ համար, ընդհուպ մինչեւ վարկային պարտավորությունները այլեւս կատարել չկարողանալը»:
Մեկ այլ ծրագրավորող՝ Գեւորգ Գորգիսյանը նշում է, որ աշխատողները, եթե ոչ բոլորը, ապա համենայն դեպս նրանց գերակշիռ մեծամասնությունը, կգերադասեն աշխատել ավելի ցածր գրանցված աշխատավարձով, մնացած մասը ստանալով առձեռն` օրենքի հսկողությունից դուրս, ինչը առաջին հերթին ձեռնտու չէ հենց պետությանը:
«Քաղաքացիները կամ կգնան այդ քայլին, կամ կլքեն երկիրը: Եվ այս անգամ մենք կունենանք արտագաղթի մի նոր ալիք, որը որակապես տարբերվելու է ընդունված «խոպան գնալուց»: Այս դեպքում, արտագաղթելու են նրանք, ովքեր չեն ցանկանա խախտել օրենքը, այսինքն երկրի, առանց այդ էլ ոչ այնքան բազմաթիվ, օրինապահ քաղաքացիները, չեմ վարանի ասել՝ նույնիսկ հասարակության սերուցքը հանդիսացող մտավոր զանգվածը: Այսինքն մենք ունենալու ենք ուղեղների մի նոր լայնածավալ արտահոսք»,- մտահոգվում է նա:
Ծրագրավորող Աննա Ասատրյանը բացարձակապես չի հավատում Հայաստանի պետությանը եւ համոզված է, որ այս «բարեփոխումը» իրականում պետության կողմից հերթական գումար պոկելու քաղաքականությունն է:
«Օրենքը շատ անազնիվ ձեւով են գրել, ստացվում է պետությունը իմ հաշվին ինձ լավություն է անում»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում բազմիցս նշել են, որ կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում Հայաստանը վերցրել է Չիլիի փորձը, որտեղ արդեն հրաժարվել են այս մոդելից` դրա ձախողված լինելու պատճառով, եւ այդ համակարգի ներդրումը 25-30 տարի հետո բերելու է բացասական հետևանքների:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները միշտ պնդել են նաեւ, որ օրենսդրական փաթեթում չկան հստակ երաշխիքներ տարիների ընթացքում կուտակվելիք գումարների վերադարձման վերաբերյալ, եթե, ասենք, կենսաթոշակային ֆոնդը սնանկ ճանաչվի, կամ նախատեսված չէ փոխհատուցում գնաճի դեպքում և այլն:
Հայաստանում գործող ՏՏ ոլորտի աշխատակիցները կազմել են հատուկ դիմում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով, անցկացնում են ստորագրահավաք, որով պահանջում են վերանայել օրենքը: Նամակի պատճենները կուղարկվեն Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպություններ:
Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում» ծրագիրը նաեւ հսկայական գումարներ կպահանջի պետական բյուջեից` 2014թ-ին կարժենա 20, 855, 800 դրամ, 2015-ին` 26, 820, 100 դրամ և 2016-ին` 32, 641, 700 դրամ:»
Աղբյուր` http://www.lragir.am/index/arm/0/society/view/89708
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: