Վերջերս զարգացում ստացած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարի ընթացքում բազմիցս հնչել են տարբեր կարծիքներ և հիմնավորումներ օրենքի այս կամ այն կետի մասին, բայց հիմնականում խոսվել է օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառման՝ այսօր ժամանակավրեպ լինելու մասին:
Բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր են առաջինը այս օրենքի բեռը իրենց ուսերի վրա վերցնելու: Նրանք, հիմնականում, այն քաղաքացիներն են, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, ստանում են արժանավայել թափանցիկ աշխատավարձ և պատշաճ կերպով վճարում բոլոր հարկերը: Երբ ես լսում եմ «միջին խավ» արտահայտությունը, ակամա պատկերացնում եմ մեր Հանրապետության հենց այդպիսի քաղաքացիներին: Նրանց մեջ ես չեմ տեսնում ամբողջովին կամ մասամբ ստվերային աշխատավարձ ստացողների, չեմ տեսնում պետական տարբեր մարմինների շատ աշխատակիցների: Այս մոտեցումը առավել իմաստավորված է, երբ խոսում ենք քննարկվող օրենքի խնդիրների մասին:
Միջին խավի դերը և նշանակությունը ցանկացած երկրի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել: Այս խավն է ապրանքների և ծառայությունների այն հիմնական սպառողը, որի շնորհիվ գործող բիզնեսները, մասնավորապես մեր երկրում, դեռ շարունակում են գործել: Ես շատ կուզեի ասել, որ նրանք ծաղկում և զարգանում են, բայց ցավոք դա այդպես չէ: Հիմնական պատճառն այն է, որ միջին խավը դեռ գտվում է իր չափազանց վաղ զարգացման շրջանում՝ գրեթե նոր է ծնվել: Իսկ եթե ավելացնենք Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության նվազման փաստը, ապա մենք իրոք գտնվում ենք կործանման եզրին:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ունի երեք հիմնական խնդիր: Ավելի ճիշտ կլիներ ասել – երեք հիմնական խնդիրների խումբ: Առաջին խումբը վերաբերվում է կուտակային կենսաթոշակի հավաքագրման փուլին, երկրորդը՝ ֆոնդերում ներդրման մեխանիզմներին, և, վերջապես, երրորդը՝ կուտակված միջոցների վճարումներին վերաբերվող սահմանափակումներին՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ, որոշ դեպքերում, ավելի վաղ:
Ժամանակային առումով ամենահրատապ խնդիրը կայանում է այսօր առաջին մասում՝ հավաքագրման, սակայն պետք չէ թերագնահատել գումարների ներդրման իրականացման և հետագա վճարումների կատարման խնդիրները: Վերջիններս նույնպես ունեն օրենքում լրջագույն բացթողումներ և ընդունելի չեն հասարակության համար: Բայց այս հոդվածում ես հիմնականում կանրադառնամ խնդիրների առաջին խմբին:
Շատերը օրենքի մասին տեղյակ են այնքանով, որքանով ներկայացված է եղել կարճ գովազդային տեսահոլովակներով՝ շեշտը դնելով ապահով ծերության վրա: Իսկ ո՞րն է այս օրենքի ամենացավալի փաստը, որի մասին գովազդը կամ լռում է, կամ ապատեղեկացնում: Սկսած 2014թ.-ի հունվարի 1-ից օրինական եկամուտ ստացող ՀՀ քաղաքացիները պարտավոր են իրենց օրենքով հասանելի առձեռն աշխատավարձի 6.6%-ից 12%-ը և, կախված աշխատավարձի չափից՝ անգամ ավելին, վճարել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից մեկին: Ընդ որում, նույն օրենքի շրջանականերում պետությունը պարտավորվում է կատարել իր ներդրումը քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների համար, բայց ոչ ավել քան 25,000 դրամ:
Հիշեցնեմ, որ երբ սոցիալական վճարները 2013թ.-ի հունվարի 1-ից միացվեցին եկամտահարկին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը պահանջեց գործատուներին բարձրացնել աշխատողների համախառն աշխատավարձը, որպեսզի առձեռն վճարման ենթակա աշխատավարձը չնվազի: Առանձին դիտարկելուց՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը չառաջացրեց դժգոհություն ոչ գործատուների մոտ, ոչ աշխատակիցների, քանի որ գործատուների ծախսերը գրեթե չավելացան, իսկ աշխատակիցների եկամուտները չնվազեցին: Սակայն այն ունի իր բացասական ազդեցությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման ժամանակ, երբ աշխատավարձի այդ արհեստական բարձրացումը հանգեցրել է պարտադիր կենսաթոշակային հատկացումների փաստացի բարձրացմանը, քանի որ վերջինս հաշվարկվում է համախառն աշխատավարձից: Բացի այդ, հարկային օրենսդրությանը անծանոթ քաղաքացու համար պարզ չէ, թե որքան է կազմում այսօր նրա վճարած եկամտային հարկի մեջ ներառված սոցիալական վճարները, որոնք առանձին գումարով այլևս տեսանելի չեն: Այս ամենը քողարկվել է և չի բարձրաձայնվում: Այսպիսով, սկսած 2014թ-ի հունվարի 1-ից 1974թ.-ից հետո ծնված քաղաքացիները շարունակում են վճարել թե հին սոցիալական վճարները, և թե դրան գումարած կուտակային պարտադիր հատկացումները: Այլ կերպ ասած՝ նրանք իրենց ուսերի վրա են կրում այսօրվա թոշակառուների, ինչպես նաև հենց իրենց համար, կենսաթոշակ ապահովելու կրկնակի բեռը: Այս բեռը դաժանաբար աճում է աշխատավարձի հետ զուգահեռ: Օրինակ՝ եթե համախառն աշխատավարձը կազմում է 600,000 դրամ, հարկումից հետո աշխատակիցը պետք է ստանար մոտ 446,000 դրամ: Սակայն նա պետք է վճարի նաև 35,000 դրամ կենսաթոշակային պարտադիր հատկացում, որը կազմում է զուտ աշխատավարձի մոտ 8%: Համեմատելու համար՝ մեկ միլիոն համախառն աշխատավարձ ստացողի կենսաթոշակային պարտադիր հատկացումը կկազմի 75,000 դրամ կամ 10% զուտ աշխատավարձից:
Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու են օրինակները բերված այսքան բարձր աշխատավարձերի վրա: Պատճառներից մեկը այն է, որ Կառավարությունը իր հաշվարկները կատարել է հիմնվելով այդ թափանցիկ բարձր աշխատավարձերի վրա, քանի որ նրանք են ապահովելու հիմնական մուտքերը: Մյուս պատճառը այն է, որ նայելով նման աշխատավարձ ստացողների միայն եկամտային մասին, կարող է առաջանալ թյուր կարծիք, թե իրենց համար հեշտ կլինի կատարել կենսաթոշակային պարտադիր վճարումները: Սակայն երբ գիտակցում ենք, թե քանի աշխատազուրկ ընտանիքի անդամների, երեխաների և
թոշակառուների մասին են հոգ տանում նրանք, ապա հասկանում ենք, որ դա չափազանց ծանր բեռ է իրենց համար: Միջին խավը այսօր Հայաստանում այն կարգավիճակում չէ, ինչպիսին նա պետք է լինի, որպեսզի կոչվի «միջին խավ»: Իրականում, միջին խավը պետք է կարողանա ոչ միայն գոյատևել և վաստակել օրվա հացի փող իր և իր ընտանիքի համար, այլ նաև պետք է կարողանա վարկով բնակարան գնել, մեքենա, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ անցկացնել իր արձակուրդը տանից դուրս: Բայց մեր Կառավարությունը սերմանում և արմատավորում է աղքատի մտածելակերպը մեր երկրում՝ օրվա հացից ավելին արդեն շռայլություն է…
Եթե կենսաթոշակային պարտադիր վճարումները կատարելու փոխարեն, քաղաքացին բանկից 10 տարով վարկ վերցնի և վճարի ամսեկան 75,000 դրամ, նա կկարողանա բնակարան գնել: Հիմա հարցը նրանում է, թե տնտեսական աճ ապահովելու համար որ տարբերակը ավելի նպաստավոր կլինի՝ այդ գումարը ներդնել շուկայում՝ զարգացնելով անշարժ գույքի շուկան և վճարելով բանկային տոկոսներ, թե ներդնել ֆոնդերից մեկում, որտեղից այդ գումարները կուղղվեն անհայտ ուղղությամբ: Փաստացի ահռելի մեծ գումարներ պարզապես դուրս են բերվում շուկայի շրջանառությունից:
Կառավարությունը ասում է, թե նոր օրենքը կաջակցի ներդրումներին: Հայաստանում երկու ձևաչափի ներդրումներ կարող են լինել.
Առաջինն այն է, երբ բացվում է նոր արտադրություն, որի արդյունքում ստեղծվում են ապրանքներ և ծառայություններ: Սակայն այստեղ մի հիմնական խնդիր կա` ովքե՞ր են լինելու այդ ապրանքների և ծառայությունների սպառողները, երբ միջին խավին դնում են ծայրահեղ դժվար կացության մեջ՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթին և մեր երկրի ընդհանուր բնակչության նվազմանը: Հայաստանի գործարարները իրենց միջոցները ստիպված են ներդնել արտերկրում, քանի դեռ Հայաստանի քաղաքացիների քանակը և գնողունակությունը չի աճել: Մենք ներդրումային գումարների խնդիր չէ, որ ունենք, մենք ներդրման համար նպաստավոր պայմանների խնդիր ունենք:
Ներդրումների երկրորդ ձևաչափը այն է, երբ արտասահմանյան գործող արտադրողները բացում են մասնաճյուղեր Հայաստանում՝ օգտվելով աշխատուժի մատչելի լինելու գրավիչ պայմանից: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այս օրենքը իրականում թանկացնում է աշխատանքային շուկան: Հայաստանը, ունենալով գրավիչ լինելու հնարավորություն, վերացնում է այդ եզակի առավելությունը, որը այսօր դեռ առկա է:
Ինչպես տեսանք, միջին խավը գնալով նոսրանում է, իսկ տնտեսական աճը կանգնում է էլ ավելի մեծ վտանգի առջև:
Բայց մի շատ մեծ դրական բան կա այս օրենքի մեջ՝ էլ ավելի կհարստանան նրանք, ովքեր արդեն իսկ ավելի քան հարստացել են մեր հաշվին…
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: