Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի՝ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստի բոյկոտումը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար սպասելի էր: Նրա համար, սակայն, առավել ուրախալի է այն, որ հարյուրներով մարդիկ են հիմա հավաքվում Դեմիրճյան փողոցում:
«Երեք ժամվա ընթացքում եթե համապատասխան թվով մարդիկ չհավաքվեն, քվորում չի լինի: Եթե հանկարծ էս օրենքի նախագիծը գնար հաջորդ տարի, բյուջեն քանդվում էր: Ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված էր հենց էս օրենքի վրա, քանզի այս օրենքով են բյուջեի գումարները հավաքագրելու: Եվ հենց այդ էր պատճառը, որ Տիգրան Սարգսյանը երեկ հենց շեշտը դրեց այս օրինագծի վրա»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի վրա։
Մեջբերելով վարչապետի խոսքերը, թե՝ այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու, Մանուկյանը հարց ուղղեց. «Իսկ եթե ես չեմ ուզում, իսկ եթե ես մտադրվել եմ գնալ Հայաստանից։ Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշելու՝ ես ուզո՞ւմ եմ թոշակ ստանալ, կամ ինչքա՞ն ստանալ»։
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս աննորմալ որոշման դեմ պետք է ժողովուրդն ըմբոստանա: Անդրադառնալով ԱԺ դիմաց երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիային՝ Մանուկյանը նշեց, որ անչափ ուրախ է այս նախաձեռնության համար, որը շուրջ ութ հազար մարդ է հավաքել: Նա ասաց, որ հաճույքով է խոսում այդ երիտասարդների հետ, ովքեր «նոր ջահելներ են, նոր մտքեր», ովքեր շրջել են ծանոթներով, գրասենյակներով ու հարցրել՝ արդյոք տեղյա՞կ են, որ հունվարի 1-ից իրենք լրացուցիչ գումարներ են վճարելու, և պարզել են, որ մարդիկ տեղյակ չեն:
«Պետք է ասեմ, որ շատ գրագետ ու փաստարկված նախաձեռնություն է, և արժե, որ սրա շուրջ ժողովուրդ հավաքվի, և ալիք բարձրացվի: Մենք ասում ենք՝ գոնե մի տարով արի time out անենք, որ հասկանանք՝ ով ինչքան է վճարելու, ոնց է լինելու, քննարկենք պարտադիրի ու կամավորի հարցը, բայց իրենք պատրաստ են կոպեկ հավաքել ցանկացած մեթոդով: Եվ այդ մեթոդներից ոչ մեկը վերարտադրություն, տնտեսական զարգացում չի բերում: Ի՞նչն է խանգարում՝ գան ու ապացուցեն, որ մենք սխալ ենք: Իսկ սա նշանակում է, որ իրենք քաղաքական թիմ չեն, իրենք մեկ մարդու թիմ են: Թիմային բառի մյուս տեսակը ո՞րն է, ժողովուրդ… Ոհմակը, ճի՞շտ է…»,- ասաց նա:»
Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230361.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: