Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նոյեմբերի 15-ի ԱԺ արտահերթ նիստը բոյկոտեց, քանի որ չէր ցանկանում հարցի շուրջ բովանդակային քննարկում անցկացնել: ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ընդդիմության նախաձեռնած՝ կուտակային պարտադիր կենսաթոշակների հարցի վերաբերյալ արտահերթ նիստի անցկացմանը ՀՀԿ-ն դրական էր տրամադրված, և դա հայտնի էր բոլորին:
«Բոլորդ էլ գիտեք՝ շատ դրական էինք տրամադրված, որ արտահերթը լինի, որովհետև առաջ էին քաշում մեկ տարով հետաձգելու հարցը, կիրառման ժամկետը երկարաձգելու հարցը: Մենք դրական էինք վերաբերվում, որովհետև նորմը նոր էր, հարցադրումը նոր էր, բայց հետագայում պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում են բովանդակային քննարկումներ ացկացնել»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ իրենք մոտ 10 տարի է՝ այդ խնդրով զբաղվում են, բազմաթիվ անգամ բովանդակային քննարկումներ, լսումներ արել են ու գտան, որ անիմաստ էր նորից քննարկել: Նա նշեց, որ իրենց կողմից նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որևէ տրամադրող խոսք խմբակցության պատգամավորներին չեն ուղղել և ընդգծեց՝ իրենք բազմիցս հիմնավորել են և անիմաստ են համարում նորից, սկզբից քննարկել: Դիտարկմանը, թե՝ ընդդիմությունը հիմքեր ունե՞ր պնդելու, որ իրենք «վախենում» են բովանդակային քննարկումից, Սահակյանը պատասխանեց. «Մարդիկ են, ինչ-որ մի պիտակ պետք է կպցնեն: Իրենք էլ գիտեն, որ վախի գործոնը մեզանից շատ հեռու է: Մենք չենք խուսափել, ընդամենը բնութագրում ենք, որ բովանդակային նոր քննարկման խնդիր չունենք: Դրանց քննադատության արժեքը, ուժը ինչ ա որ…»:
Հարցին ի պատասխան՝ այսուհետ արտահերթ նիստեր հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունները տապալվելո՞ւ են, Սահակյանն ասաց, որ դրա համար առնվազն պետք է քաղաքական մեծամասնություն դառնան, իսկ եթե փոքր են, փոքր-փոքր պիտի խոսեն, փոքր-փոքր պայքարեն:
«Ամենադժվար բանն այն է, որ կանոնանակարգը հնարավորություն է տալիս քննարկելու անգամ անհեթեթ բաները, ասենք՝ Արցախի ճանաչման հարցը, երբ ամբողջ ԱԺ-ն միաձայն արգումենտներ է բերում, որ սխալ է, բայց ստիպված ենք նստել, էթիկայի կանոնները չխախտելով՝ անհիմն բաներ լսել»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի»
Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230370.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: