Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացնում, որին մասնակցում են բավական մեծ թվով դժգոհողներ: Բազմության մի ծայրը ԱԺ կենտրոնական մուտքի մոտ է, մյուսը՝ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի:
Երթին ՀՀ այլ քաղաքացիներից բացի, մասնակցում են նաև ազատամարտիկներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ երեք ընդդմադիր խմբակցությունների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքով անցկացվում է ԱԺ արտահերթ նիստ՝ «Կուտակային պարտադիր կենսաթոշակների» օրենքի հետ կապված:
Քիչ անց քաղաքացիներին միացան ԱԺ այն խմբակցությունների պատգամավորները, ում ստորագրություններով այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթը: Ներկաների մեջ են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը:
Ողջունելով ցուցարարներին՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց.«Իսկապես շատ պարտադիր է հավաքված քանակը և վստահ եմ, որ շատերը կհավաքվեն»:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ հանրապետականները վերջին պահին որոշել են բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, քանի որ այսօր ԱԺ դահլիճում գրանցվել է ընդամենը 46 պատգամավոր:
Վերջինս կոչ արեց չհուսահատվել և նշեց, որ հենց նրանց պայքարի արդյունքում է, որ նախաձեռնվեց արտահերթը:
«Դուք բերեցիք նրան, որ չորս խմբակցություններ միացան ձեր նախաձեռնությանը, պետք է համարել սա պայքարի սկիզբը»,- ավելացրեց ՀԱԿ պատգամավորը:
Սկզբում որոշվել էր, որ երթի մասնակիցները պետք է գնային դեպի կառավարություն, սակայն Արմեն Ռուստամյանն առաջարկեց շարժվել դեպի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ:
13։33
Նշենք, որ երբ երթը հասավ կառավարության շենքի մոտ, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իր մասնակցությունը երթին այդտեղ ավարտվում է, քանի որ իրենք Հանրապետականից պահանջելու ոչինչ չունեն: Նա հաջողություն և խաղաղ երթ մաղթելով հեռացավ:
Այս պահին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության առաջնորդությամբ երթի մասնակիցները գտնվում են ՀՀԿ ԳՄ-ի դիմաց:
14.31
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս ելած քաղաքացիները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը:
Բողոքի երթն ավարտվեց. ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները պատրաստվում են մինչև ԱԺ արտահերթ նիստի վերսկսումը՝ ժամը 15:00-ն անցկացնել ՀՀԿ-ի գերագույն մարմնի շենքի դիմաց՝ մինչև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները ետ կանգնեն օրինագիծը բոյկոտելու որոշումից:
«Խոստացավ, որ այդ հարցերը կտրվեն համապատասխան անձանց, և կլինի քննարկում»,- լրագրողներին ասաց երթի մասնակից Տիգրան Պետրոսյանը: Նա իր օրինակով նշեց, որ որպես IT ոլորտի աշխատող, որտեղ աշխատավարձերը բարձր են, այդ օրենքն առավելապես իրենց ոլորտում է իր բացասական հետևանքները թողնելու: «Այդ տասը տոկոսը իմ ընտանեկան բյուջեի վրա այնպիսի ազդեցություն կարող է թողնել, որ չկարողանամ իմ երեխայի համար բարեկեցիկ կյանք ապահովել»,-ասաց նա:
ՀՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Ռազմիկ Թադևոսյանն ակտիվիստներին վստահեցրել է, որ իրենք գիտեն օրենքից բխող բոլոր խնդիրների մասին և խոստացել է, որ «կփորձեն լուծումներ տալ»:
Ցուցարարները նաև հետաքրքրվել են, թե ինչու է ՀՀԿ-ն այսօր բոյկոտել նիստը, և Ռազմիկ Թադևոսյանն ասել է՝ «իրենց խմբակցության ղեկավարը պաշտոնապես հայտարարել է արդեն պատճառը»: ՀՀԿ ներկայացուցիչը ակտիվիստներին խորհուրդ է տվել սպասել անակնկալների:»
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/15/protest-parliament