Ինչպես հայտնում է Operativ.am կայքը՝
«Ինչպես ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները «Ամոթ, ամոթ» վանկարկումներով շարժվեցին Հայաստանի «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու պատգամավորներից գնալ Ազգային ժողով, մասնակցել նիստին, թեկուզ դեմ քվեարկել:
Ակտիվիստներին միացել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» թևի ներկայացուցիչները, ազատամարտիկներ և այլ բազմաթիվ քաղաքացիներ: Ինքնաբուխ ցույցի մասնակիցները վանկարկում էին «Գալուստ, խաբեբա», քանի որ Սահակյանը խոստացել էր, որ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ նիստին, սակայն նրանք չեն մասնակցել: Նախաձեռնության մասնակիցներին, այնուամենայնիվ հաջողվեց ներս մտնել ՀՀԿ գրասենյակ, որտեղ էլ հանձնեցին 25 կետից բաղկացած պահանջագիր: Այդ պահանջներից էին, թե ինչու է թոշակներից գանձվում 5 տոկոսը (բացի այդ, ակտիվիստների հաշվարկով դա կազմում է 6,6-13 տոկոս.-խմբ), թե ինչ սկզբունքով է ընտրվել 1974 թվականը և այլն: Ակտիվիստների պահանջներից ամենակարևորն էլ «պարտադիր» բառը նախագծից հանելն էր:
Պահանջագիրը հանձնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները դադարեցրին իրենց ցույցը:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովի արտահերթը նիստում պետք է քննարկվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման հետաձգման հարցը, սակայն Հայաստանի «Հանրապետական» և «Օրինաց երկիր» կուսակցությունները տապալեցին այն:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների»»
Աղբյուր` Հղում
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: