Ինչպես հայտնում է news.am կայքը՝
«Խորհրդարանական չորս ուժերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՀԿ-ի կողմից ԱԺ նիստի տապալման հետ: Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանը ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:
Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող եւ բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսեւորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ:
Համակարծիք լինելով բազմահազար քաղաքացիների եւ տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ` գտնում ենք, որ այս համակարգի ներդրման բացասական հետեւանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա եւ ապագա սերունդները.
1. դատապարտում ենք քաղաքական մեծամասնության քայլը,
2. անըդնունելի ենք համարում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դնելու Հայաստանի իշխանությունների կարծր եւ մեր քաղաքացիների շահերից չբխող մոտեցումը,
3. պահանջում ենք կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային եւ մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ եւ վերջնական տարբերակը դնել հանրաքվեի,
4. շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու եւ աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու եւ այլ միջոցներով):
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել այս պայքարին: Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը»:
Հայտարարությունը ստորագրել են.
Խմբակցություններ
ՀՅԴ Արմեն Ռուստամյան
«Բարգավաճ Հայաստան», Նաիրա Զոհրաբյան
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան «Ազատ Դեմոկրատներ»,
«Ժառանգություն» Զարուհի Փոստանջյան
ՀԱԿ Արամ Մանուկյան»
Աղբյուր` http://news.am/arm/news/180967.html