Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ստորագրահավաք կազմակերպվի, ՀՀ Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ կապված կուտակային կեսաթոշակային համակարգին անցում կատարելը հետաձգելու հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ չորս խորհրդարանական խմբակցությունների ժողովի արդյունքներն ամփոփելով:

Ըստ Զոհրաբյանի՝ կուտակային կեսաթոշակային համակարգի ներդրման հարցը շատերին է վերաբերում, եւ զարմանալի չէ, որ հասարակությունն անհանգստացած է: Հենց դրանից ելնելով էլ  պատգամավորը չի բացառել, որ ստորագրահավաք կկազմակերպվի՝ նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ:  «Այդ համակարգը ներդնելը երիտասարդության, երիտասարդ մասնագետների արտագաղթի ուղիղ ճանապարհն է: Մինչդեռ, վարչապետը այդ համակարգը հանճարեղ է համարում»:

ՀԱԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ չորս խորհրդարանական խմբակցությունների ստորագրած հայտարարությամբ իրենք միանում են  բողոքի ցույցերին, որոնք «Facebook» սոցցանցում կազմակերպել է նախաձեռնող խումբը: «Մենք վճռել ենք աջակցել այդ նախաձեռնող խմբին, որը հայտարարում է տվյալ համակարգի ոչ սահմանադրական լինելու մասին: Մենք վճռել ենք այդ համակարգի ներդրման դեմ մի շարք միջոցառումներ անցկացնել»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ հայտարարության մեջ ընդգծվում է խորհրդարանական մեծամասնության պահվածքից դժգոհությունը, որն էլ ոտնահարում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները: «Նրանք ոչ միայն ցինիզմ են դրսեւորել, այլեւ վախենում են այդ թեմայով քննարկումներից, քանի որ հասարակությանը հայտնի է դարձել, որ 250 000 քաղաքացի կտուժի այդ համակարգն ընդունելու հետեւանքով»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ երեկ խորհրդարանական մեծամասնության խմբակցությունը վստահեցրել էր, որ կմասնակցի արտահերթ նիստին: «Դեռ երեկ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մի շարք հանրապետականներ երդվում էին, որ չեն տապալի նիստը եւ այն երկխոսության մթնոլորտում կանցկացնեն: Սակայն այսօր նրանք մեզ փաստի առաջ կանգնեցրին:  Դրանով նրանք ցույց տվեցին իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ:  Դա նաեւ խորհրդարանական մեծամասնության ՝ խորհրդարանի նշանակությունը նվաստացնելու փորձն է»:»

Աղբյուր` http://news.am/arm/news/180970.html

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: