Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկար:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը՝ հավելելով, որ ավելի ճիշտ կլիներ զարգացնել և կատարելագործել ներկայիս համակարգը:
«Միաժամանակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտության համար հատուկ հետազոտություններ են կատարվել: Դրանք հրապարակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համաձայն իրականացված հետազոտությունների՝ Հայաստանը ծերացող երկիր է և կենսաթոշակառուների թիվն անընդհատ աճում է:
«Մեր բյուջեում կար հետևյալ սկզբունքը. կենսաթոշակները վճարվում էին այնքան, որքան սոցապ վճարներից գումար էր հավաքվում: Մենք մոտ 10-15 տարի այդ սկզբունքով ենք աշխատել: Բայց մի քանի տարի առաջ այդ բալանսը խախտվեց. կենսաթոշակառուների թիվն ավելացավ, իսկ սոցապ վճարներն այդքան չէին աճում: Ստիպված՝ հատկացումները կատարվում էին այլ հարկատեսակների հաշվին: Դիսբալանսը պատճառ հանդիսացավ, որ իշխանությունները մտածեն կենսաթոշակային այլ համակարգ ներդնելու մասին: Եղած մի քանի տարբերակներից ընտրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որն ունի և պարտադիր, և կամավոր բաղադրիչներ:
Թե որքանով էր ճիշտ նման կտրուկ անցում կատարելը, հարց է, որի պատասխանը մենք դեռևս չունենք: Այնպես չէ, որ այս համակարգին անցում կատարելը միակ ճիշտ տարբերակն էր: Ունեինք սոցապ հատկացումների քիչ ծավալ, քանի որ աշխատավարձի մեծ մասը ստվերում էր: Կային վարչարարական-տեխնիկական հարցեր, որոնք կարելի էր ժամանակի ընթացքում շտկելով՝ սոցապ հատկացումներն ավելացնել: Դա իրականում տեղի ունեցավ: 2008-2009 թվականներից հետո մենք սոցապ հատկացումների էական աճ ունենք, բայց մեկ է, բոլոր դեպքերում կենսաթոշակների խոստացված բարձրացում իշխանությունները չեն կարողանալու անել»,-նկատեց տնտեսագետը:
Սամվել Ավագյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո բազային կենսաթոշակները, միևնույն է, պետք է վճարվեն: «Կրկին առաջանում է նշածս դիսբալանսի հարցը, այն չի վերանում: Միաժամանակ, պետք է նշել, որ օրենքը վատ չի մշակվել: Երեք տարվա ընթացքում տարբեր կարծիքներ են հավաքվել, լսվել են բոլոր քննադատությունները՝ հանգելով օրենքի բավական բարձր մակարդակի: Նման բան շատ քիչ է հանդիպում: Ես Հայաստանում չգիտեմ մի օրենք, որը երեք տարի քննարկվեր: Քննարկումների ընթացքում բավական շատ շտկումներ են կատարվել, համակարգն ամբողջականացվել է»:
Ամփոփելով՝ Սամվել Ավագյանը հիշեցրեց, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ 2014 թվականի հունվարի 1-ից կգործի Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: «Նախկին ԽՍՀՄ երկրներից այսպիսի համակարգ ունեն Էստոնիան և Լատվիան: Մեր մոդելը հիմնված է էստոնական մոդելի վրա: Հայաստանյան մոդելը էստոնականի տեղայնացումն է: Հատկանշական է, որ ԱՊՀ ոչ մի երկիր անգամ չի նախատեսում անցում կատարել պարտադիր կուտակային համակարգին»,-ասաց տնտեսագետը:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր համակարգի ներդրումն իր մոտ մի հարց է ծնում՝ որտեղ են «պտտվելու» պարտադիր կուտակայինի գումարները: «Խնդիրն այն է, որ կենսաթոշակային հիմնադրամները, այսպես կոչված, «երկար փողեր» են հավաքագրում: Իսկ ահա Հայաստանում «երկար փողերի» շուկա չկա: Հիմնադրամները մարդկանց գումարները վերադարձնում են 20-30 տարի հետո, երբ նրանք հասնում են կենսաթոշակային տարիքի: Առաջ է գալիս հետևյալ միտքը՝ մինչ մարդկանց կենսաթոշակներ վճարելը հիմնադրամները այդ հսկայական գումարները ներդնելու են դրսի բիզնեսներում: Ստացվում է՝ հայ թոշակառուների փողերը սնուցելու են դրսի տնտեսությունները, ներդրումներ կատարվելու են դրսում: Սա ֆինանսական ամենակարևոր խնդիրն է»,- նկատեց փորձագետը:
Նրա խոսքով, ցանկացած նման օպերատոր միջնորդ է՝ փողի տիրոջ և շուկաների միջև, և բնական է, որ միջնորդության համար պետք է միջնորդավճար պահանջի:
Ամփոփելով՝ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ կուտակային համակարգը պետք է կամավոր լինի: «Եթե համակարգը կամավոր չէ, դիտարկվում են դրա թույլ կողմերը»:
Հիշեցնենք, որ կենսաթշակային կամավոր կուտակային համակարգը գործում է 2011 թվականից և տարիքային սահմանափակում չունի: Իսկ 2014 թվականից գործելու է պարտադիր կուտակային համակարգը: Այն մարդիկ, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո, պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային համակարգի:
Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_economy_230775.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: