Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝
«Պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքն ահռելի վնասներ կբերի Հայաստանին. նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանն ու Հարություն Աղլամազյանը` նշելով, որ իրենք ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել օրենքի հետ կապված բոլոր բացասական կողմերը:
«Մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է 6,6-13%-ով. մարդիկ իբր թե 20-30 տարի հետո թոշակ կստանան, որն անհայտ է, թե ոնց են ստանալու, որովհետև մենք ունենք բազում օրինակներ, երբ մարդկանց փողերն ուղղակի կորել են»,- ասաց Հայկ Ավետիսյանը` որպես օրինակ նշելով ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց «գումարների փոշիացումը»: Նա հարց ուղղեց, թե օրենքի փոխվելու դեպքում ով է պատասխանատու լինելու այդ գումարների վերադարձի համար:
Հայկ Ավետիսյանը նշեց, որ այլ երկրներում այս օրենքը սկզբնական շրջանում տարածվում է այն մարդկանց վրա, որոնք դեռ նոր են աշխատաշուկա մուտք գործում:
«Հայաստանից ավելի շատ զարգացած երկրներում, օրինակ` Արգենտինայում, Լատվիայում, պարտադիր բաղադրիչի ներդրումը ձախողվել է»,- ասաց Ավետիսյանը` նշելով, որ Արգենտինայում, օրինակ, կենսաթոշակները կառավարող ֆոնդերը սնանկացել են, իսկ Ռուսաստանում` սառեցվել:
Բանախոսները նշեցին, որ իրենց համար առաջնային խնդիրը պարտադիր բաղադրիչի վերացումն է:
«Ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե «պարտադիր» պայմանը հանվի, և ժողովուրդը իր կամքով գնա և միանա»,- նկատեցին նրանք:
«Քննարկման մեջ է, թե ինչ ձևով կլինի մեր պայքարը, բայց կլինեն գործադուլներ, հանրահավաքներ: Ժողովուրդը չի ուզում այդ օրենքը և վերջ»,- ասացին բանախոսները` նշելով, որ մտադիր են «պայքարել մինչև վերջ»:
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խումբն այս պահին ունի 8500 անդամ:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, որը շարունակվել էրկառավարության շենքի և ՀՀԿ գրասենյակ դիմաց:
Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Անի Գրիգորյան»
Աղբյուր՝ http://civilnet.am/2013/11/18/against-mandatory-pension-payments-press-conference
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: