Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Ինչպես երևում է, կառավարությունը մտադիր չէ նահանջել կենսաթոշակային ռեֆորմից, որով պարտադիր կուտակային համակարգ է ներդրվելու Հայաստանի Հանրապետության՝ մինչև եկող տարվա հունվար 40 տարին դեռ չլրացած բոլոր աշխատող քաղաքացիների համար: Ընդդիմադիր ուժերը, որ ներկայացված են խորհրդարանում, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ռեֆորմի սահմանադրականության հարցով: Կառավարության երեք նախարարներն այսօր հայտարարել են, որ ռեֆորմը հակասահմանադրական չէ, այլապես հարկ վճարելն էլ կլիներ հակասահմանադրական: Նրանք հայտարարել են, որ մտադիր չեն նոր դեբատների մեջ մտնել:
Իհարկե, նրանց այս «պատրաստակամությունը» պայմանավորված է լինելու հասարակության բողոքի ուժգնությամբ, և եթե բողոքն ուժգին լինի, ապա կառավարությունը լավ էլ կնստի դեբատների և կգա նոր ընդհանուր հայտարարի: Խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի բողոքը:
Այստեղ պետք է իհարկե առանձնացնել երկու իրողություն: Ակնհայտ է, որ եթե ինչ-որ հարցի վերաբերյալ կա հասարակական դժգոհություն, ապա գտնվում են այդ դժգոհությունը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու պատրաստ ուժեր: Սա լիովին բնական իրողություն է քաղաքականության մեջ բոլոր երկրներում: Եվ այս իմաստով, դժգոհ, բողոքող քաղաքացիներին այս հանգամանքը չպետք է խրտնեցնի, վախեցնի, նրանց մեջ չպետք է առաջանան մտավախություններ, որ հարցը քաղաքականացվում է:
Իրավիճակը շատ ավելի պարզ է: Քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել քաղաքացիներին, իսկ քաղաքացիներն էլ պետք է փորձեն օգտագործել քաղաքական ուժերին, այսինքն՝ կարողանան չօգտագործվել, այլ ավելի շատ քաղաքական ուժերին օգտագործել իրենց խնդիրները կառավարությանը լսելի դարձնելու համար: Այնպես որ, պետք չէ հերթական անգամ ընկնել քաղաքականացնել-չքաղաքականացնելու դիլեմայի մեջ և ավելորդ ռեսուրսներ ու էներգիա վատնել այս ամենի վրա, ինչը վերջիվերջո կարող է դառնալ հասարակական ներուժի ջլատման պատճառ: Պետք է ընդամենը լինել բանիմաց, լինել բավարար շրջահայաց և թույլ չտալ, որ քաղաքական ուժերը մանիպուլյացիայի ենթարկեն քաղաքացիներին, այլ ընդամենը այդ ուժերին օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար:
Սա է բանաձևը, և եթե այդ բանաձևը տվյալ դեպքում չկիրառվի, ապա հասարակությունը չի կարող կառավարության համար դառնալ այն ազդեցիկ գործոնը, որը կստիպի գործադիրին վերանայել իր որոշումները և ռեֆորմի անցնել կամավորության սկզբունքով, կամ հետաձգել դրա կիրառումը մինչև հանրային կոնսենսուսի որևէ այլ բովանդակության ձևավորումը: Այս իմաստով, Հայաստանին անհրաժեշտ են քաղաքացիական պայքարի նման նախադեպեր: Դրանով է նաև կայանալու քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ ոչ թե սև-սպիտակի բաժանմամբ՝ մենք քաղաքականացված չենք, դուք քաղաքականցված եք, այլ ճկուն բանաձևերով ու մեխանիզմներով, որոնք թույլ կտան առավելագույն օգուտը քաղել առկա ռեսուրսներից և հնարավորություններից: Բայց այն, որ քաղաքական սպեկուլյացիաների վտանգը բավական մեծ է, ոչ ոք իհարկե չի կարող ժխտել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղաքական «ավանդույթների» և քաղաքական ուժերի որակները: Սակայն փորձը ցույց է տվել, որ արդյունավետությունը ոչ թե սև-սպիտակից է բխում, այլ ճկուն մեխանիզմների կիրառումից: Հակառակ դեպքում, եթե վախ կա խաբվելուց, և չկա դրանից զերծ մնալու բավարար ինտելեկտուալ կարողություն, ապա եթե քաղաքական ուժերն էլ չխաբեն, հերթական անգամ կխաբի կառավարությունը:»
Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_analysis_230995.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: