Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝
«Կառավարության սոցիալական ապահովության վարչության պետ, կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը tert.am-ի հետ զրույցում ասում է, որ կենսաթոշակային ռեֆորմի դեմ հանդես եկողների հետեւում տեսնում է խոշոր ընկերությունների ականջները, որոնք ցանկանում էին, որ կենսաթոշակային կառավարման հիմնադրամները լինեին իրենց կից:
Հնարամիտ արձագանք է՝ երբ որեւէ հարցի վերաբերյալ չկա բացատրություն, չկա փաստարկ, հայտարարել, թե երեւում են ինչ որ մեկի ականջները: Այդ դեպքում գուցե Աստղիկ Միրզախանյանը ասի, թե հատկապես ում ականջների մասին է խոսքը: Դա արդեն կլինի առարկայական խոսակցություն, այլապես խոշոր ընկերությունների ականջներ սովորաբար, կամ միշտ, երեւում են կառավարության գործողությունների հետեւում:
Համենայն դեպս, մինչ այժմ կառավարության գործունեությունից Հայաստանում շահել են միայն խոշոր ընկերությունները, իսկ փոքր ու միջին ընկերությունները միայն լուծել գոյատեւման հարցեր: Օրինակ, երբ կառավարությունը հարկային վարչարարություն բարելավելու համար ինչ որ նոր ու յուրահատուկ ՀԴՄ-ներ է պարտադրում ընկերություններին, դա բեռ է դառնում ոչ թե խոշորների, այլ փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Այդպես է հարկային վարչարարության որեւէ այլ փոփոխության պարագայում:
Օրինակ, Հայաստանում իրեն ավելի ու ավելի հարմար է զգում խոշոր Սամվել Ալեքսանյանը, որը Երեւանը նվաճում է սուպերմարկետներով, դուրս մղելով առեւտրի փոքր ու միջին օբյեկտները, կառավարության աչքի առաջ անօրինականություն թույլ տալով Փակ շուկայում: Ու կարծես թե կառավարությունը չտեսավ ու չքաշեց այդ խոշոր ընկերության «ականջները»:
Հիմա, երբ քաղաքացիները, հիմնականում ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող մասնագետները դժգոհում են պարտադիր կենսաթոշակային ռեֆորմից, կառավարությունը նրանց հետեւում խոշորների ականջներ է տեսնում: Անուններ, տիկնայք եւ պարոնայք, տվեք կոնկրետ անուններ, թե ում եք տեսնում եւ ինչ շահ են հետապնդում այդ «ականջատերերը»:
Աստղիկ Միրզախանյանը, ինչպես նաեւ կառավարության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նախօրեին ասուլիս տված երեք նախարարները, հայտարարում են, թե տարիներ շարունակ քննարկում են այդ հարցը եւ այլեւս մտադիր չեն քննարկել:
Այս մոտեցումը խոսում է մեղմ ասած ոչ ադեկվատության մասին: Առավել եւս այն դեպքում, երբ հենց այս կառավարության ղեկավարն ու անդամներն են սիրում հաճախ հիշատակել արագ փոփոխվող աշխարհի մասին: Արագ փոփոխվող աշխարհում առաջ են գալիս նոր իրողություններ, ինչը ենթադրում է, որ եթե ասենք 5 տարի առաջ հանրությունը կենսաթոշակային ռեֆորմը կարող էր սուր չընկալել, ապա 5 տարի անց նոր իրողություններ կարող են ի հայտ գալ, որոնք կսրեն ռեֆորմի հանրային ընկալումը:
Հետեւաբար հայտարարել, թե տասը կամ հինգ տարի է քննարկում ենք, էլ ինչ կա քննարկելու, մեղմ ասած նշանակում է լինել ժամանակին ոչ ադեկվատ: Ի վերջո, հանրության համար որեւէ երեւույթի վերաիմաստավորման վաղեմության ժամկետ գոյություն ունենալ չի կարող, այլապես 5 տարի առաջ ընտրվող քաղաքական որեւէ ուժ կհայտարարեր՝ 5 տարի առաջ ընտրություն է եղել՝ ընտրվել ենք, էլ ընտրության հարց քննարկելու կարիք չունենք:
Թեեւ, ՀՀԿ-ն ըստ էության հենց այդպես էլ մոտենում է ընտրությունների գաղափարին եւ պատահական չէ, որ հիմա էլ այդ ուժի ձեւավորած կառավարությունը հայտարարում է, թե տարիներ շարունակ քննարկել ենք, հիմա էլ ինչ եք ուզում:»
Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/91100
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: