Ինչպես հայտնում է 168.am կայքը՝
«Երբ շինարարները կամուրջ են կառուցում, առաջին փորձարկման ժամանակ կանգնում են այդ կամրջի տակ` իրենց իսկ օրինակով ցույց տալով դրա ապահովությունը:
ՀՀ իշխանությունն, անվերջ կրկնելով` «ապահով Հայաստան», «ապահով ծերություն», փորձում է մարդկանց մոտ վստահություն ներշնչել իր արածի հանդեպ, այդ թվում և` կենսաթոշակային բարեփոխումների, սակայն սեփական օրինակն այս դեպքում գործի չի դրվում:
Կենսաթոշակային փոփոխությունների կամավոր կուտակային բաղադրիչի մեկնարկը հայտարարվել է 3 տարի առաջ, այս տարվա սկզբին գրանցվել է ակտիվների առաջին կառավարիչը, սակայն մինչ օրս ոչ մի ՀՀԿ-ական պաշտոնյա «կամավոր» չի գրանցվել:
«Կամավորին մասնակցելու համար պետք է ունենալ համեմատաբար ագրեսիվ պորտֆելներ: Ես ուզում եմ տեսնել ագրեսիվ պորտֆելներ ունեցողներ և անպայման մասնակցելու եմ»,- երեկ կենսաթոշակային բարեփոխումների թեմային նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ միաժամանակ «բողոքելով», որ աշխատավարձի 50%-ը հիմնադրամին կամավոր փոխանցելուն խանգարում է աշխատավարձի չափը:
Ըստ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի՝ կամավորին միանալու համար պետք է լինի մարդկանց որոշակի քանակ և կուտակումների որոշակի ծավալ, որպեսզի հնարավոր լինի միջոցները դիվերսիֆիկացնել, պորտֆելը ճիշտ կառավարել և արդյունք ստանալ:
Թեև նախարարները չեն շտապում իրենց գումարները վստահել օտար կառավարիչներին, ՀՀ 260 հազար քաղաքացի 2014թ.-ի սկզբից պարտադրված կլինի աշխատավարձից 5 % մասհանում անել: Տարեկան կուտակումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար: Օրենքը թույլ է տալիս դրանց 40%-ը ներդնել արտերկրում, 60%-ը՝ ՀՀ-ում, ինչը, ըստ Ն.Երիցյանի, կչեզոքացնի նաև փոխարժեքի տատանումների ռիսկը:
ՀՀ-ում ներդրումների դաշտը լայն չէ` բորսայում ցուցակված ընկերությունները սահմանափակ են և հիմնականում բանկեր են: Այսինքն` այս «բարեփոխումներից» հիմնական շահողը, գոնե սկզբնական շրջանում, բանկերն են լինելու:
Ներկայումս Fitch վարկանշային գործակալության հետ բանակցություններ են վարվում՝ հայկական ընկերություններին վարկավորելու համար, ինչը թույլ կտա ներդրումներ իրականացնել դրանցում:
Օրենքը ներդրումները մեծամասամբ ուղղորդում է դեպի եվրոպական երկրներ, իսկ ահա Մաքսային միության անդամ-երկրներից որևէ մեկի թողարկած արժեթղթերը վստահելի չեն համարվում: Սա խնդրահարույց կդառնա Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում: Առավել ևս խնդրահարույց իրավիճակ կստեղծվի, եթե որոշվի եվրասիական տնտեսական տարածքում մեկ միասնական արժույթ ներդնել:
Այդ դեպքում ՀՀ-ում կենսաթոշակային կուտակային համակարգով քաղաքացիներից հավաքագրված միջոցներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ի՞նչ արտարժույթով են հաշվարկվելու, պարզ չէ: Կառավարության օրակարգում էլ այս հարցը չկա:
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- տարակուսեց Վ.Գաբրիելյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ կառավարիչների հետ պայմանագիր կնքելիս պետք է սահմանվի, որ ակտիվների տեղաբաշխման ժամանակ հնարավորություն նախատեսեն, որ ցանկացած պահի դրանք փոխարկվեն այլ արժույթի, որը պաշտոնապես կգործի ՀՀ-ում:
«Այս փողերը նրանք ուզում են մեծ մասամբ տանել եվրոպական ֆինանսական հաստատություններ` տեղաբաշխելու: Բայց այսօրվա դրությամբ պետք է փոփոխություն անել օրենքում, որ մարդիկ վստահ լինեն, որ արժե տեղաբաշխել, որովհետև, եթե ՄՄ մտնեն, այնտեղ հանկարծ փոխարժեքը ռուբլի լինի, մարդիկ կորուստներ չունենան: Հետևաբար, այսօր տեղաբաշխելուց պետք է այս հնարավորությունը նախատեսել»,- ասաց Հ.Բագրատյանը:
Կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի կառավարումը, երկար բանակցություններից հետո, վստահվել է «ԱՄՈՒՆԴԻ» և «Ցե-Կվադրատ» ընկերություններին, որոնց հետ այժմ պայմանագրերի ստորագրման տեխնիկական խնդիրներն են լուծվում: Արդեն մոտ 1 շաբաթից մինչև 2014 թ. փետրվարի 20-ը ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին, իսկ չընտրելու դեպքում դա մեխանիկորեն կարվի համակարգչի կողմից: Իսկ ի՞նչ կլինի, եթե մի գեղեցիկ օր քո ընտրյալ կառավարիչը սնանկանա: Ըստ Ն.Երիցյանի` ակտիվների կառավարիչների սնանկացումը որևէ կերպ չի վնասի քաղաքացիներին, և կուտակված գումարները չեն կորչի, պարզապես արժեթղթերը դեպոզիտարիաներից կփոխանցվեն ակտիվի նոր կառավարչին:
Ինչևէ: Իշխանավորների շուրթերից կենսաթոշակային բարեփոխումները շատ ցանկալի են թվում, բայց ժողովրդական իմաստնությունն ասում է՝ մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա:»
Աղբյուր` http://168.am/2013/11/19/300844.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք