Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Կառավարության սոցիալական վարչության պետ կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ի սկզբանե երիտասարդները եղել են կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման գաղափարի սատարողները, բազմաթիվ կլոր սեղաններ և սեմինարներ են անցկացվել մինչև 2010 թվականի դեկտեմբերին օրենսդրական փաթեթի ընդունումը և հենց երիտասարդներն են, որ աջակցել են իրենց, և որ հիմա նրանց դժգոհության ալիքի հետևում տեսնում է խոշոր ընկերությունների ականջները, որոնք կողմնակից են եղել, որ կուտակային հիմնադրամները լինեն իրենց կից /Ռուսաստանի տարբերակով/ և որոնք չեն ցանկանում որևէ չափով բարձրացնել աշխատողների աշխատավարձերը:

– Դժգոհության առյուծի բաժինը ընկնում է նրան, որ կենսաթոշակային բարեփոխումն ունի «պարտադիր»
բաղադրիչը:

– Նախ, այդ պարտադիրի ու կամավորի հետ կապված մենք մեծ քննարկումներ ենք ունեցել դեռևս 2007 թվականից սկսած, մեր օրենքում շատ հստակ գրված է, որ 2011 թվականից՝ կամավոր, իսկ 2014 թվականից՝ պարտադիր հիմունքներով: Այսինքն՝ երեք տարի գործել է կամավորը, որից հետո նոր հիմա պետք է մտցնեինք պարտադիրը, որի ժամանակը եկել է: Կամավորը եղե՞լ է, բա ինչո՞ւ չեն կուտակել: Աշխարհում կամավոր չկա, կա կա՛մ պետության կողմից պարտադրանք, կա՛մ էլ կորպորատիվ պարտադրանք, որն ամրագրվում է կոլեկտիվ պայմանագրերում: Կամավոր մոդելը կիրառվում է, որպես կանոն, ոչ կազմակերպված աշխատուժի, օրինակ՝ գյուղացիական տնտեսությունների անդամների և ինքնազբաղվածների դեպքում: Մնացածի համար մոդելը պարտադիրն է: Ես աշխատել եմ տարբեր միջազգային կազմակերպություններում, մեր աշխատանքային պայմանագրերում հստակ գրվում էր. աշխատավարձից՝ այսքան տոկոսը գնում է պարտադիր առողջապահական ապահովագրության, այսքան տոկոսը՝ կենսաթոշակային ապահովագրության /յուրաքանչյուր կազմակերպություն իր կորպորատիվ պայմանագրերն ունի սոցիալական ապահովագրության, որին մասհանումներ է անում նաև աշխատողը/ և այլն: Չե՞ս ստորագրում՝ the door is open՝ դուռը բաց է: Այսինքն՝ սա ոչ ուղղակի պարտադրանք է:

Մենք ուսումնասիրել էինք ու գիտենք, որ եթե աշխարհը կամավորով չի կուտակում, հայը այն մարդը չէ, որ գնաց ու կամավոր կուտակե՞ց: Դրա համար սկզբից ևեթ ասում էինք՝ պարտադիր: Տարբեր երկրներ այս հարցի շուրջ կատարված հարցումներ են արել. հարցված երիտասարդների 60-70 տոկոսն ասել է՝ ավելի լավ է մեզ պարտադրեք, բայց ոչ կամավոր; Ո՞ր ջահելն է մտածում իր ծերության մասին, ոչ մեկը, մեկը ես ժամանակին մտածե՞լ եմ ծերության մասին: Երբ երիտասարդ ես, դու չես մտածում կուտակելու, հավաքելու մասին: Դա ոչ միայն հայկական մենթալիտետի հարց է, այլ ցանկացած մարդուն բնորոշ է, քանի որ ինքն իրենից միշտ վանում է ծերանալու հարցը՝ ծնված օրվանից:

– Խոսում եք բնական զգացմունքների ու զգացողությունների մասին , ոմանք էլ ասում են՝ «ես ի՞նչ իմանամ՝ կարող է մահանամ և ինձնից կտրած գումարները չեմ ուզում տալ»:

– Աստված մի արասցե, այդպիսի դեպքերի համար նախատեսված է ժառանգության մեխանիզմը. կուտակված գումարները մնում են ժառանգներին: Մյուս կողմից, լավ ծնողը պետք է մտածի նաև իր երեխաների համար հոգս չդառնալու մասին. Կուտակային համակարգն ապահովելու ավելի բարձր թոշակներ: Կա մեկ այլ խնդիր ևս. հիմա աշխարհը բաց է, մեր երեխաները գնում են արտասահման, 10- 15 տարով չեն կարողանում վերադառնալ: Դեպքեր կան, որ օրինակ՝ չեն կարողանում գալ, իրենց ծնողներին թաղել, որովհետև այն պայմաններով են գնում, որ կեսից շատը ոչ լեգալ է այնտեղ ապրում և աշխատում: Հիմա այդ վիճակում ո՞րը պետք է լինի մտքիդ եկող առաջին ազդակը. եղբայր, եղունգ ունես, գլուխդ քորի և երեխաներիդ վրա ոչ թե հույս մի դիր, որովհետև իրենք վատն են, այլ աշխարհն է փոխվել: Մարդիկ հիմա 35 տարեկանում չեն ամուսնանում, ինչու՞, որովհետև չեն կարողանում տուն դնեն, փող վաստակեն, կին բերեն, պահեն: Աշխարհը փոխվել է և այդ կուտակային համակարգը հենց նրա համար է, որ պետությունը, ելնելով նրանից, որ շատ անկայուն է ժողովրդագրական իրավիճակը (ծնելիության անկում, արտագաղթ, հասարակության ծերացում և այլն) չի կարողանում արժանավայել գումարներ հատկացնել թոշակ վճարելու համար, օրինակ՝ այսօր կա 500 հազար աշխատող, եթե վաղը 100 հազարը հեռացան, ո՞վ է տալու նրանց հարկերը: Աշխատողներն են չէ՞ հարկ տալիս, որ Ձեր մամայի, իմ մամայի թոշակները վճարեն: Ավելին, ամեն տարի թոշակները պետք է բարձրացվեն, որպեսզի թոշակառուները կարողանան դիմակայել ինֆլյացիային, էլ չեմ ասում, որ մի քիչ էլ ավելի լավ ապրեն: Որեմն՝ պետք է հարկեր ավելացնենք, չէ՞, որ թոշակ վճարենք: Հարկ ավելացնենք, նորից էս աշխատող երիտասարդների վրա պետք է ավելացնենք: Որ Եվրոպան սոցիալական ապահովության նման համակարգ ունի, գնացեք մի հատ հարցրեք իրենց հարկերի տոկոսը: Նման արտահայտություն կա չէ, որ աշխարհում ոչ մի ձրի բան չկա:

Հիմա այդ ջահել տղաները, էդ գիտակից տղաները, որ սկզբնական շրջանում մեզ աջակցող խումբն էին, այդքան բանը չեն հասկանո՞ւմ, շատ էլ լավ հասկանում են: Ինձ թվում է՝ քամին լրիվ ուրիշ տեղից է գալիս, որովհետև մենք յոթ տարի սրանով զբաղվել ենք, ու այնպես չէ, որ քնեցին, վեր կացան ու իմացան այս համակարգի մասին:

– Իսկ ինչո՞ւ, շատերին է այդ հարցը հետաքրքրում, թե ինչո՞ւ հիմա աղմուկ և դժգոհության ալիք բարձրացավ:

– Ինձ թվում է՝ մեկը հրահրել է նրանց, որովհետև երբ մենք սկսել ենք, մեր դեմ պայքարողները երբեք երիտասարդները չեն եղել: Այդ պայքարողները եղել են որոշ կուսակցությունները, օրինակ` Դաշնակցության հետ երկարատև բանակցել ենք, համոզել, ու հենց իրենց պահանջով դրեցինք կամավորը: Ու ասել ենք՝«եթե կաշխատի, մենք ընդհանրապես պարտադիր բաղադրիչը չենք մտցնի: Բայց չի աշխատում. մենք առաջինը չենք, վերջինը չենք, այնպես չէ, որ մենք յուրահատուկ տնտեսող ազգ ենք: Ու դեռ 90–ականներին մեզ միշտ ասում էին՝ ներքին խնայողություններ են պետք. ներքին պարտքն ավելի լավ է, քան արտաքինը: Դուք ձեր ժողովրդից պարտք արեք, ոչ թե դրսից, որովհետև ժողովրդի պարտքը վերադարձնելիս համ ժողովուրդն է օգտվում, համ պետությունը: Սա էլ ներքին պարտքի մի տեսակ է: Իմ պապը 20 տարի աշխատավարձի առյուծի բաժինը ստանում էր երեք տոկոսանոց «աբլիգացիաների» տեսքով, որոնք սկսեցին խաղարկվել 40 տարի անց: Այն ժամանակ փակ համակարգ էր, ինչ Համաշխարհային բանկ, ինչ Արժույթի միջազգային հիմնադրամ, նման բաներ չկային, և Սովետմիությունը պարտք էր անում իր իսկ ժողովրդից՝ պարտատոմսեր տալով:

– Խորհրդային միությունից օրինակ բերեցիք, սակայն հենց շատերի աչքը դրանից է վախեցած: Նկատի ունեմ «Հայխնայբանկ»-ում ավանդադրված գումարները, որոնք փոշիացվեցին: Եվ նման մտավախություններ ունեն ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև օրինակ՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Ինքն այդ հարցում միշտ մեզ հետ պայքարել է: Այո՛, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, հիմա էլ տարբեր բանկերում մարդիկ իրենց սեփական փողն են դրել, չէ՞ (նկատի ունի քաղաքացուն – խմբ.), բայց բոլոր հնարավոր կանխատեսելի ռիսկերի դեմ մեխանիզմները օրենքում դրված են: Օրինակ՝ սկզբում նախատեսվում էր չիլիական մոդելը, որն ամբողջությամբ լիբերալ է. դնում ես՝ վերցնում ես, չես դնում՝ չես վերցնում: Այսիքն՝ ա/ չիլիական մոդելը չունի բազային կենսաթոշակ, չունի բ/ երաշխիքային ֆոնդ, չունի գ/ բնակչության իրազեկում և բնակչության հետ աշխատանք: Այսինքն՝ Չիլիում Պինոչետի ժամանակ լուծվել է տնտեսական ազատականացման խնդիր: Աշխարհն իրեն բոյկոտել էր, խունտա էր, չէ՞, բայց նման ցավոտ գործիքակազմով ու ճանապարհով հզոր տնտեսություն ստեղծեց: Հիմա. մե՞նք ինչ արեցինք, մենք այս ամենն ուսումնասիրելով եկանք եզրակացության, որ մեր մոդելը պետք է հնարավորինս սոցիալական ուղղվածություն ունենա, այսինքն՝ առաջնահերթ պետք է լինի ապագա կենսաթոշակառուի շահը: Առաջինը՝ համակարգը կառուցեցինք բազային կենսաթոշակի վրա, որը կստանան բոլորը՝ այդ թվում կուտակային համակարգի մասնակիցները: Երկրորդը՝ պետությունը նույնպես կմասնակցի կուտակման վճարին, հատկացնելով բյուջեից 5%, որպեսզի մասնակիցն ավելի շատ գումար ունենա իր կուտակային հաշվին և ավելի բարձր թոշակ ստանա հետագայում: Ճիշտ է, աղքատամետությունն ապահովելու նպատակով 500 հազարից բարձր աշխատավարձ ստացողներին պետությունը կաջակցի 25 հազար դրամով և ոչ ավել, դա էլ արեցինք, որպեսզի մեծ գումարներ բյուջեից չգնան բարձր աշխատավարձ ստացողներին, այլ բաշխվեն այսօրվա թոշակառուների թոշակների ավելացման համար: Պատկերացնո՞ւմ եք, 1 մլն աշխատավարձ ստացողին պետությունը պետք է աջակցեր ամսական 50 հազար դրամով, իսկ դա արդեն մեկ թոշակառուի լավ թոշակ է… Կարծում եմ՝ արդար չէր լինի, եթե մենք չսահմանափակեինք վերևից պետական մասնակցության չափը:

Մենք ուսումնասիրեցինք նաև Ռուսաստանի օրինակը, որն ասում է ՝ կամավոր-ստիպողական: Ի՞նչ են անում ռուսական խոշոր ընկերություններ. նրանք տեղում ստեղծեցին իրենց կենսաթոշակային հիմնադրամներն ու իրենց աշխատողներին պարտադիր՝ կորպորատիվ պայմանագրի միջոցով պարտադրեցին մասհանումներ անել ֆոնդին: Չես ուզում, դուրս արի, չստորագրեցիր պայմանագիրը, ուրեմն ընկերության աշխատող չես: Հիմա նրանք ստեղծեցին իրենց ֆոնդերը և այդ գումարները մնում են իրենց մոտ:

Մեզ մոտ այդ ճանապարհով գնալու համար մի շարք խոշոր ձեռնարկություններ առաջակում էին. թույլ տվեք, որ մենք ունենանք մեր հիմնադրամները: Սա էժան փող է, ո՞վ չի ուզում էժան փող: Էլի կարելի է, ես դեմ չեմ, թող ներդրում անեն, բայց որպես Սոցիալական վարչության պետ ես պետք է մտածեմ ոչ թե էկոնոմիկան զարգացնելու մասին, այդ մասին թող մտածի էկոնոմիկայի նախարարը, այլ որ կենսաթոշակային կուտակումներն առավելագույնս աճեն: Որ այնքան աճի, որ կենսաթոշակառուն սոցիալապես ապահովված լինի: Իսկ հիմա հարց եմ տալիս, այդ էժան փողերը, որ ես ունենամ, որտե՞ղ կներդնեմ:

– Իմ արտադրության մեջ:

– Իսկ ով ասաց, որ իմ սեփական բիզնեսն ամենալավն է: Այսինքն՝ ստացվում է, որ էժան փողը կվերցնեմ, ու ոչ արդյունավետ կներդնեմ: Իսկ տուժողը կլինի ապագա կենսաթոշակառուն, որն ավել քիչ գումար կկուտակի իր հաշվին: Ես կարծում եմ, մեր այսօրվա խնդիրը՝ իրազեկումն է և ֆինանսական գրագիտության բարձրացումը: Մենք այս հարցում մի քիչ հետ ընկանք, բայց հիմա թափ ենք հավաքում…

– Ուշ չի՞ արվում:

– Այո՛, այդտեղ համաձայն եմ: Ինչո՞ւ ուշ եղավ, այդ եկամտային հարկը այնքան ռեսուրս խլեց, միացրեցինք չէ՞ եկամտահարկն ու սոցիալական վճարները մեկ միասնական եկամտային հարկի տեսքով: Մեր իրազեկման կենտրոնը, որ ստեղծվեց, զբաղված էր հիմնականում եկամտային հարկով, որը շատ կարևոր էր, որովհետև եթե հանկարծ չստացվեր, կուտակայինը չէր աշխատելու:

– Սակայն ողջ օրը ինչ-որ սոցիալական գովազդ է գնում. սատանա, հրեշտակ:

– Առաջինը, ես ասել եմ, որ դա լինի անվճար, որովհետև պատկերացնո՞ւմ եք՝ պետությունը որքան փող պետք է տա էս խեղճուկրակ բյուջեից: Ասեմ, որ (գովազդի – խմբ.) հինգ րոպեն 1,5 մլն դրամ է: Հաշվեք՝ ինչքա՞ն հինգ րոպե է պետք, որ ժողովրդին բացատրենք: Ինչո՞ւ փող տանք, եթե սա ազգային խնդիր է, սոցիալական ու ասեմ, որ ողջ աշխարհում դա անվճար է:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/19/astxik-mirzaxanyan/

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: