Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
««Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ֆեյսբուքյան խմբի անդամները Tert.am-ի են ուղարկել իրենց բաց նամակ-պատասխանը՝ կառավարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանին, վերնագրելով այն՝ «Աստղիկ Միրզախանյանի հետքը խոշոր ընկերությունների աշխատողների վրա»:
«Կառավարության սոցիալական վարչության պետ կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ… Ասում է իբրև խոշոր ընկերությունները չեն ցանկանում աշխատողների աշխատավարձը բարձրացնել: Իսկ Դուք հատուկ նշելով Ձեր աշխատանքային փորձը բազմաթիվ միջազգային կազմակերպություններում՝ հիմնավորելով Ձեր կարծիքը, ինչո՞ւ եք ընդհանրապես նշում գործատուին այս օրենքը քննարկելիս: Դուք օրենք եք մշակել 10 տարի շարունակ, բայց մինչ այսօր չգիտեք, թե ո՞ւմ է այն վերաբերում»,-հարցնում են խմբի անդամները:
Նրանք հույս ունեն, որ Աստղիկ Միրզախանյանը չի ասի, որ մտքում գործատու էր պահել, «երբ աշխատակցի աշխատավարձից գումար էր որոշել «գանձել»»:
«Այդքան փորձ ունեցող մարդը պիտի հասկանար, որ ցանկացած կազմակերպություն առաջին հերթին եկամուտ հետապնդելու նպատակ ունի և աշխատավարձը բարձրացնում է միայն այն ժամանակ, երբ դա կազմակերպությանը է′լ ավելի եկամուտներ կբերի: Դուք կարող եք «հայկական մենթալիտետ»-ին համաձայն ենթադրել, որ պետության հարկային և այլ լծակները կօգտագործվեն՝ գործատուներին ստիպելու համար բարձրացնել աշխատավարձերը, բայց հավատացեք, այն կազմակերպությունը, որտեղ աշխատում են մեր անդամներից շատերը, իրենք են կայացնում իրենց որոշումները»,- ասված է պատասխանում:
Նրանք հետևյալ հարցն են բարձրացնում. իսկ ինչո՞ւ կառավարությունն օրենքի ուժով չի պարտադրում գործատուներին:
«Կպատասխանենք այս հարցին. որովհետև վախենում եք: Վախենում եք, որ այն եզակի ներդրումներն էլ, որ կան՝ կփախչեն Հայաստանից: Դուք ընդունում եք, որ Հայաստանը ունի «ծնելիության անկում, արտագաղթ, հասարակության ծերացում և այլն» և ակնկալում եք, որ 500 հազար աշխատողներից 100 հազարը շուտով կլքի Հայաստանը: Ամենաողբալի փաստն այն է, որ Դուք, ինչպես մեր Կառավարությունը, հարցի լուծումը տեսնում եք ոչ թե տնտեսության զարգացման ճանապարհով, այլ «նաղդ» փողը օրենքի ուժով առգրավվելու միջոցով՝ ընդունելով մի օրենք, որն էլ ավելի կխորացնի մեր երկրի վերը նշված հիմնախնդիրները»,- ասված է նամակում։
Խմբի անդամները կասկածի տակ են դնում նաև հռչակված տեսակետը, որ պետությունն իր կողմից մասնակցություն է ապահովում, քանի որ ասվում է, թե. «Եթե Ձեզ թվում է, թե 50,000 դրամը 1 միլիոն աշխատավարձ ստացողի համար մեծ ներդրում է պետության համար՝ որպես պետության կողմից կուտակային կենսաթոշակի մասնակցություն, ապա բացատրեմ, որ այդ նույն 1 միլիոն դրամ ստացողը արդեն իսկ վճարում է պետությանը 94,000 դրամ կենսաթոշակային ապահովագրության համար, որը քողարկված է իր ընդհանուր 258,080 դրամ եկամտային հարկի մեջ, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի, որը գործում է 2013թ.-ի հունվարի 1-ից: Իսկ Ձեր կողմից գովերգած «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքով» բացատրվում է, որ 1 միլիոն ստացողը ևս 75,000 դրամ պետք է վճարի պարզ չէ, թե ում»:
«Գումարների ճանապարհը հետևյալն է. պետական բյուջե, հետո ֆոնդ, որտեղից այդ գումարը իրականում կվերադառնա բյուջե՝ պետական արժեթղթերի գնման արդյունքում»,-ներկայացվում է մեխանիզմը:
Նրանք անդրադարձել են Աստղիկ Միրզախանյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ նոր բարձրացավ այս ալիքը և մեր այն ենթադրությանը, որ խոշոր կազմակերպություններն են կանգնած նախաձեռնության ետևում կամ քաղաքական ինչ-որ ուժեր:
«Ձեզ պատասխանենք, որ պատճառն այն է, որ Դուք թերացել եք պատշաճ կերպով և ժամանակին իրազեկել հասարակությանը: Իսկ պատշաճ իրազեկման համար «խեղճուկրակ» բյուջեից գումարները ծախսելու փոխարեն մեծ գումարների օգնություն եք ստացել արտերկրից՝ ինչո՞ւ չեք նշում այդ փաստի մասին: Դուք ասում եք, որ «որպես սոցիալական վարչության պետ ես պետք է մտածեմ ոչ թե էկոնոմիկան զարգացնելու մասին […] , այլ որ կենսաթոշակային կուտակումներն առավելագույնս աճեն»: Իսկ մեր Կառավարությո՞ւնն էլ է սոցիալական վարչության պետ: Իսկ ո՞վ պիտի մտածի մեր երկրի մասին: Ո՞վ պիտի հետ վերադարձնի այն 100 հազար քաղաքացիներին, երբ իրենք լքեն իրենց հայրենիքը: Փոխարենը՝ Դուք պահանջում եք քաղաքացիությունից հրաժարվեն, որ իրենց, իսկ կուտակած գումարները վերադարձնեք»,- ասված է պատասխանում:
Աստղիկ Միրզախանյանին հարց է ուղղվում որպես սոցիալական վարչության պետի. «Իսկ նա ինչո՞ւ չի հաշվի առնում այդ երիտասարդների այսօրվա սոցիալական խնդիրները՝ այն վարկերը, որոնք նրանք վերցրել էին մինչև 2011թ»: Տարեթիվը հատուկ է նշվում, որովհետև ըստ խմբի անդամների մեկնաբանության՝ Աստղիկ Միրզախանյանի կարծիքով՝ բոլորը օրենքը պետք է կարդացած լինեին 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին և այլևս վախենային երկարատև վարկեր վերցնել։
«Դուք հղում եք անում անհայտ երկրների անհայտ հարցումներին, որտեղ երիտասարդությունը կողմ էր կենսաթոշակային համակարգին: Իսկ Դուք արդյոք խոսե՞լ եք նոյեմբերի 15-ին Ազգային Ժողովի մոտ հավաքված հազարավոր երիտասարդներից որևէ մեկի հետ: Արդյոք կա՞ն օրենքի կողմնակիցներ՝ թվով 10,000 և ավելի, ֆեյսբուքյան խմբի անդամների շարքերում: Իսկ ինչո՞ւ չեք կատարել Ձեր սեփական ուսումնասիրությունը՝ հարցնելով մեր երիտասարդությանը: Իսկ ԴՈՒՔ միացե՞լ եք կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, որը 2011թ-ից ուժի մեջ է, բայց ֆոնդերը մեկ շաբաթ առաջ են ի հայտ եկել»,- այս հարցերի շարանն է ներկայացվում:
Որպես ամփոփում նշվում է, թե «նմանատիպ սիրողական ուսումնասիրությունների միջոցով՝ 10 տարի հարկատուների գումարները վատնելով», բայց իրականում միայն համացանցի տարբեր անկյուններից կտորներով տեղեկատվություն հավաքելով, օրենք չեն մշակում:
«Չիլիում Պինոչետի ժամանակ էլ էին, երևի, երեխաների բարեկեցության մասին հարցին պատասխանում՝ «Կարելի է, բայց ոչ»: Կարելի՞ է այնպես անել, որ Հայաստանում մտավորականությունը չվերանա՝ «Կարելի է, բայց ոչ»: Կարելի՞ է այնպես անել, որ Հայաստանը աշխարհում առաջի 10 վատագույն տնտեսությունների ցանկից դուրս գա՝ պատասխանը գիտեք: Եվ բազմաթիվ են նման հարցերը, սակայն, ցավոք, պատասխանն է նույնը»:»
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/20/response-astghikmirzakhanyan/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: