Ներկայումս ՀՀ-ում ներդրվող նոր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր դրական կողմերով հանդերձ, խիստ դժգոհությունների ալիք է բարձրացրել՝ այդ համակարգի պարտադիր ու անարդարացի լինելու և այլ պատճառներով: Սակայն, հիմնական խնդիրն իրականում կապված է ոչ թե բուն նոր պարտադիր կուտակային համակարգի թերությունների հետ, այլ եկամուտների հարկման քաղաքականության, մասնավորապես՝ կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլում իրականացված հարկային դաշտի փոփոխությունների և դրանով պայմանավորված հարկային բեռի ավելացման հետ։ Եկամուտների հարկման նոր հարկատեսակը, եկամտային հարկը, միասնականացրել է նախկինում գործող եկամտահարկը և սոցիալական վճարները, և սահմանվել են դրա ավելի մեծ դրույքաչափեր։
Ընդունված քաղաքականության ենթատեքստում, կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլում կրճատվել են գործատուների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը և դյուրացվել դրանց ներկայացման ձևը: Այդուհանդերձ, պետք է նշել, որ հաշվետվությունների թվի կրճատումը՝ որպես եկամտի հարկման դրույքաչափի փոփոխության նպատակ, ամբողջովին արհեստական է, բացարձակապես դուրս խնդրո առարկա բարեփոխումների շրջանակից։ Փաստորեն, աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու համար եկամուտների հարկման ԷԱԿԱՆ ավելացումը հիմնավորվում է գործատուների մի քանի հաշվետվությունները մեկով փոխարինելու, ինչպես նաև այդ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Սա կատարյալ անհեթեթություն է: Ստացվում է, որ կառավարությունը դրա քողի տակ, ի սկզբանե, խնդիր էր դրել հասնելու հետևյալ նպատակին՝
«Տարալուծելով, միակցելով նախկին եկամտահարկը սոցիալական վճարների հետ՝ սահուն կերպով բարձրացնել աշխատողների եկամուտների հարկումը՝ վերացնելով նվազագույն չհարկվող մեծությունը և դրույքաչափը դարձնելով 24.4%, 26% և 36% (կախված եկամտի մեծությունից), ընդ որում, հնարամտորեն դրա ազդեցությունը զուտ տնօրինվող եկամուտների վրա հետաձգել մինչև 2014թ. հունվարի 1»։
Կարելի է արձանագրել, որ կենսաթոշակային բարեփոխման՝ հարկային մասի հիմնական իրական նպատակը չի առնչվում կենսաթոշակային բարեփոխումների հետ, իսկ իրական նպատակ է հանդիսացել քողարկված և հնարամիտ ձևով քաղաքացիների եկամուտների հարկման դրույքաչափի բարձրացումը, այն յուրահատկությամբ միայն, որ այդ բարձրացման ազդեցությունը հետաձգվել է մեկ տարով, հավանաբար հնարավոր դիմադրության ուժը մեղմելու և մարդկանց փաստի առաջ կանգնեցնելու նպատակով։
Քաղաքականության և հայեցակարգային առումով առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պահպանի բարեփոխումների միասնական սկզբունքներ և ապահովի դրանց ամբողջականությունը բարեփոխման իրականացման ՈՂՋ ընթացքում։ Այսինքն, սկզբնական փուլում որդեգրված սկզբունքները, թե, մասնավորապես՝ «Քաղաքացու եկամուտները չեն նվազում», պետք է կիրառվեն ամբողջապես, ոչ միայն կենսաթոշակային բարեփոխման հարկային մասում, այլ նաև մյուս փուլերում ևս։ Ըստ այդ մոտեցման էլ պետք է փնտրել համապատասխան լուծումները:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ներբեռնելով հետևյալ ֆայլը:
Հեղինակ` Գարիկ Խաչիկյան
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: