Պարոնայք՝
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանին
ՀՀ Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանին
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Վաչե Գաբրիելյանին

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»
քաղաքացիական նախաձեռնությունից

Քննարկման հրավեր
Հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվում է, որ ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները հարուցել են հանրային դժգոհության և բողոքի մեծ ալիք՝ մանավանդ հասարակության կարևորագույն՝ միջին խավի շրջանում։ Համաձայն կենսաթոշակային բարեփոխումների  ծրագրի ժամանակացույցի, հանրային իրազեկումը պետք է լիներ շարունակական, սակայն փաստորեն հանրությանը իրազեկվել է օրենքի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս առաջ՝ այնինչ օրենքի մշակումը տևել է տարիներ։ Քանի որ օրենքը շոշափում է հասարակության լայն շերտերի շահերը, տրամաբանական կլիներ բացի հանրային իրազեկումից կազմակերպել նաև հանրային քննարկումներ և լսումներ, ինչը սակայն նախատեսված չի էլ եղել բարեփոխումների ծրագրում։ Ավելին, օրենքի պատասխանատուները խուսափել են և խուսափում են բացառապես բոլոր հրապարակային քննարկումներից՝ նախընտրելով պատասխանել միմիայն լրագրողների հարցերին։  Նման գործելաոճը չափազանց տարօրինակ է, քանի որ տրամաբանորեն կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լիներ պատասխանելու բողոքող բազմահազար քաղաքացիների հարցերին և այդպես, ինչ-որ տեղ նաև լրացնելով հանրային քննարկումների բացը, նպաստել հանրային լրացուցիչ իրազեկմանը։ Նույնիսկ ԱԺ-ում սույն օրենքի քննարկմանը ուղղված արտահերթ նիստը բոյկոտվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այսինքն կարող ենք փաստել, որ հանրային իրազեկումը և քննարկումները բոյկոտվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի կողմից, ինչը ոչ մի կերպ չի նպաստում հասարակության մեջ վստահության սերմանմանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ և դեռ մի բան էլ խորացնում է առկա կասկածները։

Միանգամայն ողջունելի կլիներ և դրականորեն կընկալվեր, եթե կառավարությունն ինքը նախաձեռներ երկխոսություն-քննարկում օրենքի դրույթներից բողոքող հազարավոր քաղաքացիների հետ, նպատակ ունենալով լույս սփռել շատ հարցերի վրա, որոնց պատասխանները առկա հանրային իրազեկումը չի տալիս, ինչպես նաև հասկանալ քաղաքացիների տեսակետը և փորձել գտնել կամ առաջարկել լուծումներ։

Քանի որ քննարկման կամ երկխոսության հրավեր երբևէ չի ստացվել կառավարության կողմից, ապա «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը ինքն է կատարում մեկ քայլ ընդառաջ և հրավիրում պարոնայք նախարարներ Ա. Ասատրյանին, Դ. Սարգսյանին և Վ. Գաբրիելյանին կլոր սեղանի շուրջ հանրային երկխոսության-քննարկման, որի ընթացքում ակնկալում է ստանալ պատասխանները մի շարք հուզող հարցերի, որոնք հնարավոր է առաջացել են ոչ լիարժեք իրազեկման պատճառով, ինչպես նաև քննարկել օրենքի խնդրահարույց որոշ դրույթներ։

Հուսով ենք այս հրավերը կընկալվի որպես կառավարություն-հասարակություն երկխոսության հնարավորության դրական օրինակ և  չի արժանանա հերթական անհասկանալի բոյկոտի։

Հարգանքով՝
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»
քաղաքացիական նախաձեռնություն

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: