Կուտակային կենսաթոշակային համակարգը սարերի հետևում չէ: Եվս մի ամիս, և մենք հայտնվում ենք ֆինանսական նոր «գլուխկոտրուկի» մեջ: Դժգոհությունների ալիքը դեռ չի մարում, շահառուների մեծամասնությունը տեղյակ չէ կենսաթոշակային նոր համակարգից: Փորձենք հնարավորինս պարզ, պատկերավոր և մատչելի ներկայացնել կուտակային համակարգը, սպասվող փոփոխությունների դրական և բացասական կողմերը ու հասարակության վերաբերմունքը:
Համակարգը՝ երկու խոսքով
Աշխատողը փոխանցում է հատուկ կենսաթոշակային ֆոնդերին իր աշխատավարձի 5 տոկոսը։ Եվս 5 տոկոս, բայց ոչ ավել քան 25.000 դրամ ավելացնում է պետությունը։ Ֆոնդերը ներդնում են գումարը Հայաստանում և արտասահմանում։ Ստացված եկամուտը վերադառնում է շահառուին՝ ավելանալով անվանական թոշակին։ Պետությունն ու գործատուն, ինչպես այժմ, շարունակում են աշխատողի համար վճարումներ անել։ Պայմանական 150.000 «մաքուր» աշխատավարձի օրինակով համակարգը բացատրված է ստորև բերված ինֆոգրաֆիկայում։
Ո՞րն է նոր համակարգին անցնելու պատճառը
Կենսաթոշակային համակարգի փոփոխությունները մեծապես կախված են երկրի ժողովրդագրական վիճակից։ Այժմ մեկ թոշակառուի թոշակը գոյանում է 3-4 աշխատող քաղաքացու հարկերից։ Սակայն ծնելիության անկման, կյանքի սպասվող միջին տևողության ավելացման, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի և բնակչության ծերացման, արտագաղթի հետ մեկտեղ աշխատող մարդկանց ու թոշակառուների հարաբերակցույունը փոխվելու է, իսկ թոշակառուներին ապահովելու համար բեռը մեկ աշխատողի վրա՝ մեծանալու: Այսպես, 2012թ–ին ծնվել է 42 333 երեխա՝ 2.3%–ով ավելի քիչ, քան 2011թ.–ին։ Ուստի պետությունն առաջարկում է աշխատողներին այսօրվանից ինքնուրույն հոգալ սեփական թոշակի մասին։
Ի՞նչ դրական ու բացասական սպասելիքներ կան նոր համակարգից
Կուտակային կենսաթոշակային համակարգի կոմնակիցները թվարկում են հետևյալ հիմնական փաստարկները.
1. Դեմոգրաֆիական ռիսկերից կենսաթոշակի կախվածության նվազեցում
2. Անհատական հաշիվ, կուտակված միջոցները տնօրինվելու են հենց անձի կողմից
3. Կուտակային հաշիվները ժառանգության իրավունքով կարող են փոխանցվել ժառանգներին
4. Կուտակային համակարգի ներդրման համար ընտրված ֆոնդերը ազդեցիկ խաղացողներ են միջազգային շուկաներում (Talanx-ը եկամուտների ծավալով Գերմանիայի երրորդ ու Եվրոպայի 8-րդ ապահովագրական խումբն է, որը գործում է 150 երկիրներում, ունի S&P A+/կայուն վարկանիշ։ Amundi–ն՝ Societe generale ու Credit Agricole բանկերի ստեղծած ակտիվների կառավարիչը, առաջինն է մայրցամաքային Եվրոպայում ու իններորդը՝ աշխարհում, տնօրինում է ավելի քան 746 մլրդ եվրո աշխարհի 30 երկրներում)
5. Երկարաժամկետ և բարձր վարձատրվող աշխատանքի խթանում. համակարգի ներդրումից հետո աշխատողները ճնշելու են գործատուներին՝ օրինական աշխատավարձերը գրանցելու համար, հետագայում բարձր թոշակ ապահովելու նպատակով։ Դա կօգնի ստվերից դուրս բերել աշխատավարձերը ու գրանցել անօրինական աշխատողներին
6. Արժանապատիվ ծերության ապահովում
7. Ավելի բարձր կենսաթոշակների ապահովում
8. Ստեղծվում են «երկար փողեր», որոնք կաշխատեն երկրի տնտեսության համար
9. Պետությունը երաշխավորում է կուտակված գումարները
10. Մինչ այժմ կուտակված գումարները ուղղվելու են ֆոնդեր։
Կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսները բերում են հետևյալ հակափաստարկները.
1. Աշխատավարձից լրացուցիչ պահումներ են լինելու, այլ խոսքով՝ աշխատավարձը կնվազի
2. Ուսանողական տարիները չեն ներառվում նոր կուտակային համակարգում
3. Ժամկետային զինծառայության տարիները չեն ներառվում նոր կուտակային համակարգում
4. Կանանց հղիության արձակուրդը չի ներառվում նոր կուտակային համակարգում
5. Գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ի ծնվածներին, ինչը տարիքային խտրականություն է առաջացնում
6. Մեծացնում է ստվերը. աշխատողները կնախընտրեն գրանցել փոքր աշխատվարձ՝ փոքր գումար վճարելու համար,
7. Հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ փոփոխությունների մասին
8. Բարձր աշխատավարձերի դեպքում պետությունը ավելի քիչ է վճարելու, քան աշխատողը
9. Գնաճ և երկարաժամկետ ներդրումների հետ կապված մտավախություններ
10. Ֆոնդերի ենթադրյալ սնանկացման դեպքում պետությունը լրացուցիչ հարված կստանա
11. Բավարար չափով հաշվի չի առնվել արտասահմանյան փորձը, մասնավորապես՝ թոշակային վճարներով կրթություն ստանալու ու անշարժ գույք ձեռք բերելու օրինակները։
Թոշակներն այլ երկրներում
Բնականաբար, թոշակային բարեփոխումների ժամանակ հեծանիվ ոչ ոք չի հորինել, հիմքում ընկած է միջազգային փորձը։ Կուտակային մոդելի դասականը համարվում է Չիլիիթոշակային համակարգը։ Այն ներդրվել է 1980 թվականին, աշխատողները մասնավոր հիմնադրամներ են փոխանցում աշխատավարձերի 10%–ը։ Այսօր միջին աշխատավարձը կազմում է 1021 դոլար, միջին թոշակը՝ 350։ Նշենք, սակայն, որ Չիլիում «միջին աշխատավարձ» ասածը հարաբերական երևույթ է, քանի որ սոցիալական անդունդը հսկայական է, ուստի միջին աշխատավարձը բնակչության իրական միջին եկամուտը չի արտացոլում։
Աշխարհում գործում են նաև այլ համակարգեր. լավագույներից մեկն է համարվում գերմանականը։ Այն հիմնված է, այսպես կոչված, «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա՝ աշխատող սերունդն ապահովում է թոշակառուներին։ Աշխատողն ու գործատուն պետական կենսաթոշակային հիմնադրամ են փոխանցում հավասար գումար, որը կազմում է հաշվարկային աշխատավարձի 19.4%-ը։ Բացի դրանից, Գերմանիայի բազմաթիվ (որպես կանոն՝ խոշոր ընկերություններ) ունեն նախկին սեփական աշխատողների համար թոշակային բյուջե։ Ամեն կազմակերպություն ինքն է որոշում իր աշխատակիցներին թոշակ տրամադրել–չտրամադրելու հարցը։ Զուգահեռաբար աշխատողներն ունեն նաև թոշակային միջոցները ինքնուրույն տնօրինելու հնարավորություն ու ազատ են ներդնել գումարները թե՛ ֆոնդերում, թե՛ բանկերում՝ ավանդների միջոցով, թե՛ անշարժ գույքի գնման համար՝ հետագայում վարձակալությամբ տալու համար, թե՛ ցանցացած այլ միջոցով։ 2013 թ. դրությամբ Գերմանիայում միջին թոշակը կազմում է 1200 եվրո։ Որոշ թոշակառուների մոտ այն գերազանցում է նախկին աշխատավարձի 70%–ի շեմը։
Այլ օրինակ է Սինգապուրը. գումարները փոխանցում են թե աշխատողները, թե գործատուն։ Վճարները բաժանվում են 3 պայմանական մասի՝ «հատուկ» (գումարները չի կարելի օգտագործել մինչը թոշակի անցնելը), «բժշկական» (կարելի է օգտվել միմիայն առողջության հետ ծախսերի համար) ու «սովորական» (կարելի է օգտագործել անշարժ գույքի, կրթության ծախսերը հոգալու համար)։ Ընդ որում, գումարների 75 տոկոսը ուղղվում է «սովորական» հաշվեհամարին, ինչը թույլ տվեց սինգապուրցիներին ինքնուրույն ֆինանսավորել իրենց կրթությունն ու անշարժ գույք ձեռք բերել։
Ինչ է մտածում ժողովուրդը
Համակարգը հատկապես դժգոհություններ առաջացրեց բարձր աշխատավարձ ունեցող շահառուների մոտ։ Մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ ՏՏ ոլորտի աշխատողներ, ակտիորեն մասնակցում են համակարգի դեմ ակցիաներին։ Իսկ ինչ են մտածում համակարգի մասին շարքային քաղաքացիները՝ eMedia.am տեսանյութում։
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: