Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Կուտակային կենսաթոշակային համակարգին անցում է կատարում երկրների մեծ մասը, սակայն այդ համակարգի մոդելները միմյանցից տարբերվում են: Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ Հայաստանն ընտրել է մի մոդել, որ բավական ագրեսիվ է, կտրուկ փոփոխություններ է պարունակում, ռիսկային է և հանրության դժգոհությունն է հարուցում:

«Դու ոչ թե կենսաթոշակային ֆոնդը վերացնում ես, այլ անձի համար հաշվեհամար ես բացում, եթե նա համարում է, որ դա բավարար չէ, նոր դիմում է մասնավորին: Եթե եկամուտներդ մեծ են, պետությունը քեզ ուղարկում է մասնավորի մոտ ապահովագրելու, քանի որ փորձը ցույց է տալիս՝ մասնավոր համակարգն արդյունավետ է, եթե դու գործ ունես մեծ եկամուտների հետ, բայց ոչ ցածր եկամուտների դեպքում»,- ասաց նա:

23 տարի հետո թոշակի անցնելու դեպքում քաղաքացին ստանալու է ցածր կենսաթոշակ, ընդ որում՝ մի մասն ավելի ցածր, քան ներկա բաշխողական համակարգով: Ըստ տնտեսագետի՝ մենք վատացնում ենք վիճակը ռեալ կենսաթոշակ ստացողների համար, լավացնում ենք նրանց համար, ում աշխատավարձը բարձր է: Նրա խոսքով՝ երբ ուսումնասիրում ես այլ երկրների փորձը, տեսնում ես, որ անցումն այսքան կտրուկ չի եղել: Այլ երկրներում այն մարդիկ, ովքեր որոշակի ստաժ ունեին, չընկան այս համակարգի տակ, կուտակային համակարգում ընդգրկեցին 19 տարեկանից սկսած, ոչ թե մեր երկրի նման՝ 40 տարեկան անձանց, ովքեր արդեն որոշակի ստաժ ունեն: Աշխատանքային ստաժ չունեցողների համար, նոր համակարգով, լինելու է բազային կենսաթոշակ, այսինքն՝ բոլորը ստանալու են կենսաթոշակ:

Սպառողների միության պաշտպան Արմեն Պողոսյանի համար մտահոգիչ է նաև այն, որ այս համակարգը վնասում է հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում: Նրա խոսքով՝ այս կերպ մարդու համար, որն ունի հեռանկար, ճանապարհը փակվում է: Նա ընդգծեց՝ խոսքը սահմանային դեպքերի մասին է, ասենք՝ երիտասարդի, որը 7-8 հարյուր հազար է ստանում և տան հեռանկարներ ունի:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է նոր համակարգին անցմանը, կարծում է, որ «Кто не рискует, тот не пьет шампанское»: Նրա միակ մտահոգությունն այն է, որ ինդեքսացիայի խնդիր կարող է լինել, այն է՝ դրամը կարող է ապագայում այլ արժեք ունենալ: Նման դեպքի համար այլ երկրներում ապահովագրում են, մեզ մոտ դեռ հայտնի չէ՝ ինչ կերպ են վարվելու: «Մենք ունենք 510 հազար կենսաթոշակառու, իսկ 19 տարեկան 580 հազար քաղաքացի, զբաղվածների թիվը 1 630 000, սակայն այսօր ծնունդ չկա. տարեկան 40 հազար երեխա է ծնվում: Ստիպված ես այսօր կուտակայինին անցնել, որ նրանք գոնե կարողանան բարեկեցիկ կյանք ապահովել, հակառակ պարագայում 10-20 տարուց երկիրը կլինի Ճապոնիայի վիճակում»,- ասաց նա:

Ադիբեկյանը նկատեց՝ Մաքսային միությանն անդամակցման որոշումը հաշվի առնելով՝ հնարավոր է՝ Ռուսաստանը Հայաստանին ստիպի իր կենսաթոշակային համակարգը վերցնել, որի դեպքում հաշվի են առնվում ծառայության տարիները, ընտանիքում երեխաների քանակը, մի խոսքով՝ պետության մեջ քո ողջ ներդրումը:»

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_232791.html

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: