Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝
«2000-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ Հայաստանը կենսաթոշակների վճարման հարցում խնդիրներ ունի: Սոցիալական ապահովության վճարներն այլևս չէին բավարարում կենսաթոշակները վճարելու համար, ուստի կառավարությունը բյուջեից անընդհատ դոտացիա էր տրամադրում կենսաթոշակային հիմնադրամին: Տարեցտարի դոտացիայի ծավալն ավելանում էր:
2008թ. հավաքագրված սոցապվճարները կազմել են 105 մլրդ դրամ, իսկ վճարված կենսաթոշակները՝ 153 մլրդ դրամ: Այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդում առկա էր 48 մլրդ դրամի դեֆիցիտ: 2012թ. դեֆիցիտը հասավ արդեն 67 մլրդ դրամի: Սա նշանակում էր, որ կառավարությունը կամ պետք է դադարի բարձրացնել առանց այն էլ չնչին կենսաթոշակները, կամ էլ պետք է փոփոխի կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակային համակարգը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից, ու այն կոչվում է «սերունդների համերաշխություն»:
Այսինքն՝ ներկա սերունդը հատուկ վճարներ է կատարում իր ծնողների ու պապերի ծերությունն ապահովելու համար: Սակայն այդ համակարգը կենսունակ է, երբ մեկ կենսաթոշակառուի համար գոնե 7 աշխատող մուծումներ է կատարում: Հայաստանում 2000-ականների կեսերին 3 զբաղվածին 1 կենսաթոշակառու էր բաժին հասնում, իսկ ներկայում այդ հարաբերակցությունն իջել է 2,5/1:
ՀՀ կառավարությունը 2008թ. նոյեմբերին ընտրեց կուտակային համակարգին անցնելու որոշում՝ թող ամեն մարդ ինքը հոգ տանի իր ծերության մասին: Կուտակային համակարգը կիրառվում է բոլոր զարգացած ու բազմաթիվ զարգացող երկրներում: Սակայն կուտակային համակարգի տարատեսակները բազմաթիվ են, ու հարց առաջացավ՝ իսկ ո՞ր մոդելն ընտրել:
Կուտակային համակարգն ունի 2 հիմնական մոդել՝ պետական և մասնավոր: Զարգացած երկրների մեծ մասը կուտակային սխեման կիրառում է պետական կենսաթոշակային հիմնադրամների միջոցով՝ զուգահեռ զարգացնելով մասնավոր կենսաթոշակային սխեմաները:
Սակայն 1980թ. Չիլիում Պինոչետի կառավարությունը մտահղացավ ու կյանքի կոչեց հեղափոխական կուտակային մոդել՝ պետությունը ձեռքերը լվանում է կենսաթոշակներից, իսկ միջոցների կուտակումը հանձնվեց մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին: Այս մոդելը տարբեր հաջողություններով (նաև` ձախողումներով) կիրառվեց Հարավային Ամերիկայի ու Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում: Հայաստանն այդ համարձակներից մեկն է՝ 2014թ. նախատեսվում է անցնել պարտադիր կուտակային համակարգին մասնավոր կենսաթոշակային կառավարիչների ներգրավմամբ:
Նոր համակարգի առավելությունները
Կուտակային մասնավոր համակարգն ունի երկու հիմնական առավելություն: Առաջին՝ բյուջեն ազատում է կենսաթոշակային «գլխացավանքից», երկրորդ՝տնտեսական աճին նպաստելու մեծ ռեսուրս է: Ընդ որում՝ երկրորդ ազդեցությունը երբեմն շատ ավելի է կարևորվում, քանի որ այն կարելի է գնահատել բարեփոխման հենց առաջին տարիներին: Սպասվում է, որ Հայաստանում կենսաթոշակային հաշիվներին տարեկան կկուտակվեն 120-130 մլն դոլարի միջոցներ՝ ՀՆԱ-ի մոտ 1%-ի չափով: Հաջող ներդրումների դեպքում դրանք ՀՆԱ-ի վրա մինչև 2-3% անուղղակի ազդեցություն կարող են ապահովել: Կենսաթոշակային ռեսուրսները կարելի է ուղղել միայն արժեթղթերի ձեռքբերմանը կամ ավանդադնել բանկերում, հետևաբար սպասվում է բոլոր տեսակի տոկոսադրույքների նվազում (այդ թվում՝ վարկերի): Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա իրատեսական:
Երբ Չիլիում սկսեցին կենսաթոշակային բարեփոխումը, երկրի կապիտալի շուկան վերելքի մեջ էր ու կլանեց կենսաթոշակային բոլոր ռեսուրսները՝ նպաստելով չիլիական հրաշքի կերտմանը: Մեզ մոտ կապիտալի շուկան համարյա զրոյական վիճակում է, հետաքրքրություն են ներկայացնում միայն պետական պարտատոմսերը: Սակայն այդ պարտատոմսերով տնտեսություն չես զարգացնի, իսկ մասնավոր թողարկումներ հազվադեպ են լինում: Այստեղ առկա է կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումը. բարձր տոկոսադրույքներ սահմանելով պետական պարտատոմսերի նկատմամբ՝ կառավարությունը խոչընդոտել է մասնավոր պարտատոմսերի թողարկմանը: Միջնաժամկետ պետական պարտատոմսերը ներկայում թողարկվում են 13-14% եկամտաբերությամբ, այնինչ որևէ մասնավոր կազմակերպություն այդպիսի տոկոսադրույքով թողարկում չի անի: Կենսաթոշակային ռեսուրսների մի մասը (40%-ը) դուրս է գալու հանրապետությունից, սակայն եթե երկրի ներսում իրացման շուկա չլինի, Կենտրոնական բանկը ստիպված կլինի թույլ տալ մնացած ռեսուրսներն էլ դուրս հանել: Իսկ դա մեր տնտեսությանը ոչ մի լավ բան չի խոստանում:
Հնարավոր է՝ նոր համակարգը նպաստի ստվերային աշխատավարձերի կրճատմանը, քանի որ այն գործատուները, որոնք «սպիտակ» աշխատավարձ են վճարում, ակնհայտ առավելություն են ստանում «ծրարով»աշխատավարձ վճարողների նկատմամբ:
Ռիսկերը
Ռիսկերը հիմնականում պայմանավորված են երկարատև հեռանկարում ֆինանսական ու քաղաքական կայունության ապահովման հետ: Սակայն որևէ մեկը դա երաշխավորել չի կարող: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում կենսաթոշակային հիմնադրամները ողջ աշխարհում զգալի վնասներ կրեցին, սակայն փրկվեցին պետական աջակցությունների շնորհիվ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դրամի փոխարժեքը պայթում է, իսկ դոլարը հասնում է 500 դրամի: Բոլոր կարճաժամկետ խնայողությունները միանգամից արժեզրկվումեն 20%-ով, ինչը հետագայում կանդրադառնա կենսաթոշակառուին վճարվող թոշակի գնողունակության վրա:
Բրիտանացի փորձագետ Դերեկ Քոլհարդը, ով այս տարվա գարնանը Երևանում դասախոսություն էր կարդում իր երկրի փորձի մասին, ասաց, որ Մեծ Բրիտանիայում մասնավոր կենսաթոշակային կառավարիչները չարդարացրին մարդկանց հույսերը: Կենսաթոշակային հիմնադրամներից մեկում վատնումի կասկած առաջացավ, կորել է վստահությունը, ու մարդիկ հիմա դիմում են նախկին համակարգին վերադառնալու համար: Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները վստահեցնում են, որ կառավարիչների գործունեության վրա խիստ հսկողություն կսահմանեն, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի: Այնուամենայնիվ, հեղինակավոր ու հայտնի կառավարիչների մուտքը վստահության որոշ պաշար ստեղծում է: Եւ՛ ֆրանսիական «Ամունդին» և՛ գերմանական «Ցե-Կվադրատը» որևէ հայտնի սկանդալում ներքաշված չեն եղել: Առաջինը կառավարում է 1.5 տրլն դոլարի ակտիվներ, երկրորդը՝800 մլրդ դոլարի:
Թերությունները
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը զերծ չէ որոշ թերություններից: Լուրջ թերություն է այն, որ օրենքը տարածվում է մինչև 1974 թ. հունվարի 1-ը ծնվածների վրա: Ստացվում է՝ նախորդ աշխատանքային ստաժը «ջուրն է ընկնում», իսկ 25 կամ 30 տարում կուտակված գումարը համադրելի չէ 45 տարում կուտակվածի հետ: Էստոնիայում, օրինակ, 2002թ. ներդնելով պարտադիր կուտակայինը՝ այն տարածեցին միայն 19 տարեկանների ու հաջորդ սերունդների վրա, որպեսզի չվնասեն արդեն աշխատանքային ստաժ ունեցողներին: Հաջորդ թերությունն այն է, որ ցածր եկամուտ ստացողները առանձնապես չեն շահում: Օրինակ՝ 40 տարվա ստաժ ունեցող և ամսական 80 հազ. դրամ ստացողները այսօրվա գործող կարգով կարող են հավակնել ամսական 40 հազ. դրամ կենսաթոշակի, իսկ կուտակայինի դեպքում՝ ավելի քիչ (մոտ 32 հազ. դրամ՝առանց տոկոսային ու գնաճային հավելումների):
Համակարգը նպաստավոր է միայն բարձր աշխատավարձ ստացողների համար: 40 տարվա աշխատանքային ստաժի (մասհանումներ կատարելու պայմանով) դեպքում կարելի է հավակնել միջին աշխատավարձի առնվազն 40%-ի չափով կենսաթոշակի: Սակայն այստեղ էլ որոշ հարցեր են առաջանում: Օրինակ՝ հղիները կտուժեն այն պատճառով, որ հղիության արձակուրդի ժամանակ մասհանում չեն կատարելու, թեև այդ արձակուրդը գումարվում է աշխատանքային ստաժին: Բացի այդ՝ աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվելու է կյանքի սպասվող տևողությունը հաշվի առնելով, իսկ կանանց դեպքում այն զգալիորեն ավելի բարձր է (78 տարի` տղամարդկանց 71-ի համեմատ): Հետևաբար, կանանց կենսաթոշակը հաշվի նույն մնացորդի դեպքում ավելի քիչ կլինի, քան տղամարդկանցը:
Հնարավոր է նաև, որ օրենքի գործողության ընթացքում ի հայտ գան նոր թերություններ:»
Աղբյեւր՝ http://hetq.am/arm/news/30976/kensatoshakayin-nor-hamakargy-aravelutyunner-terutyunner-risker.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: