Ինչպես հայտնում է lragir.am կայքը`
«Ազգային ժողովը շարունակում է արտահերթ կարգով քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը:
Հարցը ԱԺ քննարկմանն են ներկայացրել ԱԺ Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները՝ 49 ստորագրություններով: Այս չորս խմբակցությունները մշակել և ԱԺ են ներկայացրել կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագիծ, որը քննարկվում է և որին այս չորս խմբակցությունները կողմ են քվեարկելու:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս համակարգի ներդումը մեկ տարով հետաձգելու նախագծին:
ԲՀԿ խմբակցության անունից խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս կառավարությունը կարող է գնալ նման բարեփոխումների, որին հասարակությունը վստահում է: Նա նշեց, որ կենսաթոշակային կամավոր բաղադրիչի ներդրման պայմաններում հայտնի դարձավ, որ ոչ ոք չի ցանկանում օգտվել այդ բարեփոխումից, քանի որ վստահությունը բացակայելու է:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվերակելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով հետաձգել նախագիծը և կազմակերպել լուրջ քննարկոմներ: Նման օրենքի կիրառումը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հղի է լինելու կործանարար հետևանքներով: Նա նաև նշեց, որ կառավարությունը տոտալ ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա՝ այս օրինագիծը անցկացնելու համար:
Տոտալ ճնշման վերաբերյալ արտահայտությունը զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ ոք չի ասել, որ կառավարության կողմից տոտալ ճնշումներ կան մեզ վրա, եթե ձեզ վրա կա, դա ուրիշ հարց»:
Հովիկ Աբրահամյանը բոլոր պատգամավորներին կոչ աերց իրենց հայտարարությունների մեջ լինել կոռեկտ և զրպարտությամբ չզբաղվել:
ՀՀԿ խմբակցության անունից Հակոբ Հակոբյանը նշեց, որ վերոնշյալ չորս խմբակցությունները կարողացել են մի թղթի տակ ստորագրել ու շատ ուրախացել են դրա համար: Նա նշեց, որ եթե այդ չորս ուժերը նման գործելաոճը կարողանան սարքել սկզբունք, շատ լավ կլինի: Նա նշեց, որ Հայաստանի նման երկրներում բարեփոխումներ չկատարելը հանցագործություն է: «Է չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում: Ես կարծում եմ, որ դուք պետք ա միանաք ռեֆորմին: Եթե պարտադիրը պետք չի, մինչև հիմա կար երեք տարի, ինչո՞ւ ոչ մի առաջարկ չկար: Էսօրվանից եկեք մտածենք, ուշ չի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Հովիկ Աբրահամյանին կոչ արեց նկատողություն անել ՀՀԿ պատգամավորներին: Նա նշեց, որ շատ կցանկանար, որ Հովիկ Աբրահամյանի խորհուրդներին հետևեին ՀՀԿ խմբակցության առանձին անդամներ, ովքեր տեղի-անտեղի վիրավորում են թե ընդդիմախոս քաղաքացիներին, թե պատգամավորներին: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք դեմ չեն կենսաթոշակային բարեփոխումներին, այլ դեմ են պարտադիր կուտակային համակարգին:
Այն դեպքում, երբ երկրում մեծ թվով գործազրուկներ կան, իսկ աղքատության մակարդակը բարձր է, ըստ Մինասյանի, նման բեռ չի կարելի դնել մեր քաղաքացիների վրա: «Էս մարդկանց մենք ասում ենք՝ դուք այլևս Հայաստանում անելիք չունեք, հեռացեք Հայաստանից: Մի՞թե սա ենք մենք ուզում»,- հարցադրում արեց Արծվիկ Մինասյանը:»
Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/91868
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: