Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի արտահերթ կարգով քննարկմանը, ոչ իշխանական խմբակցությունների ամփոփիչ ելույթներից հետո այսօր «Հանրապետական» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով նշեց, որ կենսաթոշակների գործող համակարգը վատն է, պնդեց օրենքի կարևորության հարցում՝ նշելով, որ ընդդիմախոսների ասելիքները համոզիչ չեն։

«Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ»,- դիմելով ընդդիմադիր ու այլընտրանքային խմբակցություններին՝ ասաց նա։ Պատգամավորը նկատի ուներ հավաքված 49 ստորագրությունները, որոնց միջոցով օրինագիծը արտահերթ կարգով քննարկման էր դրվել։

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ մեղադրանքներն օրենքի մասով անհիմն են. «Էդ մենք ե՞րբ ենք սուտ ասել»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե բարեփոխումների անվան տակ Կառավարությունը բոլոր հարցերում ձախողում է, Հակոբ Հակոբյանը նշեց, որ մեր «գործող կենսաթոշակային համակարգը վատն է, չի համապատասխանում հասարակությունում ձևավորված իրական հարաբերություններին,սոցիալական խնդիրների իրական վերաբաշխմանը», այդ պատճառով էլ ցանկանում են բարեփոխել այն։

«Մենք կարող ենք հստակ բարեփոխումներ անել, ռեֆորմներ չանելը մեր նման երկրների համար հանցագործություն է»,– ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության աշխատանքն է քննադատել Կառավարությանը, և ինքը հասկանում է ընդդիմությանը, սակայն վստահ է, որ ինչ էլ անեն, պետք է իրենց ու կառավարությանը մեղադրեին:

«Չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում, ասում եք, չեք անում: Սա պառլամենտ է, ուրախ եմ, որ այստեղ սկսել ենք շատ խոսել»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:»

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/03/hakob-hakobyan/

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: