Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝
««Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության մոտ 400 անդամները դեկտեմբերի 3-ին` ժամը 11:30-ից Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա են իրականացնում` իրենց աջակցությունը հայտնելով ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնության հեղինակներին:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցների հիմնական բողոքը վերաբերում է օրենքի «պարտադիր» բաղադրիչին և, ընդհանուր առմամբ, կենսաթոշակային օրենքի բարեփոխումներին: Նրանք պահանջում են առնվազն մեկ տարով հետաձգել «պարտադիր» բաղադրիչի կիրառումը:
Ակցիայի վայրում կան նաև ոստիկաններ, սակայն ցույցը հիմնականում խաղաղ բնույթ է կրում:
ԱԺ-ում դեկտեմբերի 3-ին ավարտվել է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով քննարկումը: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ի առավոտյան:
Կենսաթոշակային նոր համակարգի հարցով նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին նախատեսված էր արտահերթ նիստ, որը, սակայն, Հանրապետական խմբակցությունը տապալեց: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նույն օրը բողոքի ակցիա կազմակերպեց Ազգային ժողովի դիմաց, որը շարունակվեց կառավարության շենքի և ՀՀԿ գրասենյակ դիմաց:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին բաց նամակ էր ուղղել Ազգային ժողովի` իրենց սատարող պատգամավորներին:
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խումբն այս պահին ունի 12,444 անդամ:
Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:»
Աղբյուր՝ http://civilnet.am/2013/12/03/protest-pension-in-front-of-parliament/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: